Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Ստեփանավանի դենդրոպարկի «Սոճուտ» արծաթափայլ եղևնու ծառատնկարան ու պարզել՝ ինչպես է տոնածառը հայտնվում մեր տներում։
Դժվար է Ամանորն առանց տոնածառի պատկերացնել։ Արդեն դեկտեմբերի կեսերից Երևանի գրեթե բոլոր անկյուններում տարբեր չափերի եղևնիներ են վաճառում։ Գնորդները հիմնականում չեն մտածում՝ որքան ժամանակ ու ջանք է պետք եղել տոնական ծառն աճեցնելու համար։
Ստեփանավանի դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովն ասում է, որ արծաթափայլ եղևնու սերմերը համացանցով են պատվիրում։ Դրանից հետո մեկ տարվա ընթացքում 10-15 սանտիմետրանոց տնկի է աճում, որը տնկեցման երեք փուլ է անցնում։ Վերջին փուլում (4-5 տարեկանում) առավելագույնը մեկ մետր բարձրության հասած ծառը վաճառքի է գնում։
«Անընդունելի է, երբ եղևնու կատարը կտրում են։ Եթե դրանից հետո ծառը նույնիսկ չչորանա, ապա տգեղ կդառնա», – նշում է նա։
Լեոնովիչը խորհուրդ է տալիս ծառերը բակում տնկել ու այնտեղ զարդարել։ Իսկ եթե նման հնարավորություն չկա, ապա կարելի է արհեստական տոնածառ դնել, իսկ եղևնու բույրը կարող են ապահովել փշատերև ծառի ճյուղերը։