Արծրուն Պեպանյան. «Հայի ու հրեայի տարբերությունը»
Advertisement 1000 x 90

Արծրուն Պեպանյան. «Հայի ու հրեայի տարբերությունը»

Գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանի ֆեյսբուքյան հրապարակումներից:

1.
Ֆեյսբուքյան ընկերնիցս մեկը մի հետաքրքիքր դիտարկում էր արել։ Գրել էր, որ եթե հրեաներն ունենային մեր վերջին 200 տարվա պատմությունը, ապա նրանք այդ պատմությունը լացուկոծով ներկայացնելու փոխարեն կներկայացնեին հերոսական ոգով։ Ու նա հրեաների փոխարեն ներկայացրել էր մեր պատմությունն այդ ոգով։ Նրա այդ մոտեցումն ինձ գրավեց, քանի որ ժողովրդի մտածողության արմատական վերափոխմանայն համակարգը, որը ես պեղել եմ ու ջանում եմ կիրառել, ունի ժողովրդին իր պատմությամբ ոգևորելու դրույթ ևս։ Էջիս հետևորդները անշուշտ նկատել են, որ այդ քայլին ես հաճախ դիմում եմ։ Ասեմ, որ դա անում եմ նպատակային կերպով։ Այդ նպատակով անգամ պատմավեպ եմ հրատարակել ու երկրորդի վրա եմ աշխատում։ Եվ ահա նույն այդ նպատակով լրամշակեցի նրա ներկայացրածը ու հրապարակեցի այս հոդվածոնս՝

ԿԱՄ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ

…Եվ ստացվել էր այնպես, որ հայերը թուլացել էին սաստիկ և 17-րդ դարում նվաճողները նրանց ուժով արտագաղթեցրին իրենց երկրից։
Նրանք բնակչության հազիվ 15 տոկոսն էին կազմում արդեն։ Նրանք երկու հզոր պետությունների տիրապետության տակ էին գտնվում, և ամենքին թվում էր, թե նրանք երբևէ ինքնուրույն պետություն չեն ունենա։

Բայց հայերն այդպես չէին մտածում։

Իրենց նպատակին հասնելու և իրենց երկիրն ունենալու համար նրանք բանագնացներ ուղարկեցին Եվրոպայի և Ռուսիո արքունիք և ի վերջո վերջիններիս կարողացան համոզել զորքով գալ, հասնել Անդրկովկաս։

Հայերն իրենք էլ ջոկատներ կազմեցին ու ռուսներին դրդեցին կռվել պարսիկների դեմ։ Հետո կարողացան ռուս դեսպան Գրիբոյեդովին տրամադրել այնպես, որ նա կազմակերպեց հայերի ներգաղթ պարսիկներից խլված տարածքներ։ Այդպես նրանք այդ տարածքներում հասան ժողովրդագրական իրենց ձեռնտու փոփոխությունների և ունեցան Երևանի նահանգ։ Եվ ապա, թվապես լինելով փոքր, կարողացան ինքնակազմակերպվել այնպես, որ իրենց ձեռքը վերցրին ողջ Անդրկովկասի տնտեսությունը, խոշոր քաղաքների վրա ազդեցությունն ու կարևոր պաշտոնների մի մասը։

Նրանք իրենց շահերի համար կարողացան ռուսներին կռվի դրդել նաև թուրքերի դեմ։

Եղեռնից հետո ամենքը կարծում էին, թե հայությունը կվերանա աշխարհի երեսից։ Բայց հայերն ապագայի այլ ծրագիր ունեին։

Երևանի նահանգին հարկավոր էր էլ ավելի բարձր կարգավիճակ հաղորդել, և այդ նպատակն իրագործելու համար նրանք իրենց մարդկանց ուղարկեցին Ռուսաստան, որպեսզի նրանք ներթափանցեին տեղի առանցքային քաղաքական կառույցների մեջ և առաջ տանեին այդ գաղափարը։

Նրանք մասնակից եղան ցարի հրաժարեցմանը և օգտվելով հարմար պահից՝ իրենց երկիրը հռչակեցին անկախ պետություն։ 

Սակայն հետագա աշխարհաքաղաքական իրավիճակն այնքան էլ բարենպաստ չեղավ նրանց համար, անկախ պետությունը դարձավ հանրապետություն ՍՍՀՄ կազմում։ Այդ խառը ժամանակներում այնուամենայնիվ նրանք կարողացան դիմագրավել իրենց երկրի հարավը խլելու իրենցից շատ անգամ ուժեղների նկրտումներին։

Նրանք որոշեցին օգտվել խորհրդային կայսրության հնարավորություններից, կազմակերպեցին կրթության գործը, Մոսկվայում պաշտոնավարող իրենց ազգակիցների աջակցության ու իրենց ժողովրդի համառության շնորհիվ զարգացրին նաև արդյունաբերությունը, ստեղծեցին քաղաքներ։

ԵՎ ապա, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը խառնակվեց, նրանք ինքնակազմակերպման նախանձելի վարք դրսևորեցին, հիմնեցին նմանը չունեցած համազգային շարժում, որի վարակը տարածվեց ՍՍՀՄ-ով մեկ ու նպաստեց այդ կայսրության փլուզմանը։ Բարենպաստ այդ պահը օգտագործելով, նրանք իրենց երկիրը հռչակեցին անկախ՝ հասնելով իրենց կարևոր նպատակներից մեկին։

Ավելին, նրանք լինելով փոքրաթիվ ժողովուրդ, հմուտ պատերազմեցին ու ազատագրեցին Արցախն ու էլի մի քանի շրջաններ։

Հիմա նրանք տնտեսակարգի փոփոխությամբ պայմանավորված դժվարությունների են հանդիպել, որից երկիրը ժամանակավոր քաոսի է մատնվել։ Բայց նրանց պատմական համառությունը և նպատակասլացությունը նկատի ունենալով, կարելի է ենթադրել, որ կհաղթահարեն այդ վիճակը և օգտվելով աշխարհի շատ երկրներում ունեցած իրենց բաստիոն-համայնքների առկայությունից, կդառնան գործոն ողջ աշխարհում»։

2.
Ասեմ, որ իմ լրացումը հիմնականում վերջին պարբերությունն է։

Առավել քան ակնհայտ է, որ հոդվածոնս նպատակ է ունեցել քաղաքական հուսահատության մեջ գտնվող մեր ժողովրդին ոգևորել, նրա մոտ ոչ միայն իրավիճակի վերափոխման հույս արթնացնել, այլև աշխարհում մեծ դերակատարում ունենալու դրդել։

Այդ մեթոդը կոչվում է պատմության քաղաքականացում։ Ելնելով ազգային շահերից՝ պատահում է, որ պատմությունը շարադրվում է այնպես, որ ոգևորություն առաջացնի ընթերցողի մոտ։ Անհրաժեշտության դեպքում անգամ պատմական փաստերն են գլխիվայր շրջում, ստեղծում իրականության մեջ չեղած, բայց ընդօրինակման արժանի կերպարներ, նույնիսկ հորինովի պատմություն են գրում այդ նպատակով /զորօրինակ՝ մեր արևելյան հարևանները/։

3.
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ արձագանք կունենար իմ այս հոդվածոնը, եթե ես հրեա մտավորական լինեի։ Նախ՝ գոհունակություն կհայտնեին ինձ նման քայլի համար։ ԵՎ ապա ի հայտ կգային այլ մտավորականներ, ովքեր կփորձեին հիմնավորել, որ իմ հոդվածոնում նշված 15 տոկոսն իրականությանը չի համապատասխանում և իրականում իրենց ժողովուրդը եղել է ավելի սակավաթիվ։ Ասենք՝ 10 տոկոս, կամ 5 տոկոս։ Դա կարվեր մի պարզ նպատակով՝ որքան փոքրաթիվ ժողովրդով արվեին հոդվածոնում նշված հաջողության քայլերը, այնքան բարձր կլիներ ժողովրդի պատիվը, այն հոդվածոնն ավելի մեծ ոգևորույթյուն կառաջացներ ընթերցողի մոտ։

Այսպես, ըստ ամենայնի, կանեին հրեա մտավորականները։ Իսկ հիմա տեսնենք, թե ի՞նչ կերպ արձագանքեցին ժողովրդին ոգևորելու նպատակով ստեղծված այդ հոդվածոնիս ու նաև ինձ մեր մտավորականները։

Ասեմ, որ եղան մարդիկ, ովքեր նշեցին, որ հոդվածոնն ապրեցնող է, ոգևորող է։ Բայց եղան նաև այնպիսիք, ովքեր ոգևորելու նպատակայնությունը չնկատելով՝ պնդեցին, թե իմ հոդվածոնում գրված 15 տոկոսը չի համապատասխանում իրականությանը, որ այդ ժամանակներում մենք եղել ենք ավելի մեծաքանակ /ասացի արդեն, որ այդ տոկոսը վերցրել էի ուրիշի հոդվածոնից/, որ իմ հոդվածոնով ես իբր լեզու եմ դնում թուրքերի բերանը, որ նրանք իրավունք կունենան այսուհետ պնդել, որ մեր պատկաման հողերը մերը չեն և այլն։ Ու վերջում էլ ինձ համարյա ադրբեջանական ագենտ հանեցին․․․․

4.
Այս երևույթը, որը ներկայացրի ձեզ վերին տողերում, կոչվում է քաղաքական մտածողության բացակայություն։ Այո, դա մեր աքիլլեսյան գարշապարն է․ պատմական հանգամանքների բերումով մենք կորցրել ենք քաղաքական մտածողության երբեմնի ունեցած մեր շնորքը։ Կորցրել ենք այն աստիճան, որ մեր մասին մի աշխարհահռչակ մարդ 100 տարի առաջ ասել է՝ հայերը քաղաքական հարցերում դմբո ժողովուրդ են։

Մեր այս ճահճային տեղապտույտը ևս քաղաքական մտածողության բացակայությունից է․ իրավիճակը վերլուծելու, պատճառները վեր հանելու, իրական ելք առաջարկելու փոխարեն քառորդ դար է զբաղված ենք ազգային ինքնավնասմամբ:

Մեզ հարկավոր են նոր որակի մտածողներ, ովքեր ջարդուփշուր կանեն դարերով արմատավորված կաղապարները և մեր ժողովրդին կվերադարձնեն քաղաքական մտածողության շնորքը։ Եվ այդ ժամանակ մենք կկարողանանք իրականացնել մեջբերված հոդվածոնիս վերջին պարբերությունը։