Հիմնավոր ու անհիմն պնդումներ Անդրանիկ Մանուկյանի մասին ԱԺ-ում. fip.am
Advertisement 1000 x 90

Հիմնավոր ու անհիմն պնդումներ Անդրանիկ Մանուկյանի մասին ԱԺ-ում. fip.am

Այսօր` հունվարի 16-ին, Ազգային ժողովի նիստում Ուկրաինայում ՀՀ դեսպանի նախկին խորհրդական Արման Աբովյանը հանդես եկավ անհիմն հայտարարություններով։ ԲՀԿ-ն ներկայացնող Աբովյանը 2018թ․ օգոստոսին Ուկրաինայում Հայաստանի դեսպանի պաշտոնից հեռացած Անդրանիկ Մանուկյանի խորհրդականն էր մոտ երեք տարի՝ սկսած 2015 թվականից։

ԱԺ այսօրվա նիստում Աբովյանի խոսքն ուղղված էր «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանին։ Վերջինս Մանուկյանին ամբիոնից անվանել էր հատկապես կասկածելի կենսագրությամբ և քրեական անցյալով անձ, իսկ նրա նշանակումը որպես դեսպան՝ արատավոր և ամենախնդրահարույցը բոլոր դիվանագիտական նշանակումներից։

Աբովյանը, ըստ այդմ, պաշտպանեց Մանուկյանին և պնդեց, որ նա ծառայել է իր հայրենիքին։ Պատգամավորը նշեց, որ թույլ չի տա ապատեղեկատվություն տարածել երկրի համար իրենց կյանքը «զոհաբերած» մարդկանց մասին՝ նկատի ունենալով Մանուկյանին։ Աբովյանը նախկին դեսպանին գովաբանեց մասնավորապես այն բանի համար, որ նրա շնորհիվ Ուկրաինայի հայ համայնքը 2014 թվականի մայդանից՝  հեղափոխությունից հետո զանգվածային զոհեր չունեցավ՝ ի տարբերություն այլ ազգային փոքրամասնությունների։

Թե ի՞նչ զանգվածային զոհերի մասին է խոսում Աբովյանը՝ անհասկանալի է։ 2014 թվականից ի վեր Ուկրաինայում, իհարկե, առկա է ազգայնականության աճ, բայց դա չի բերել երկրում ապրող տասնյակ ազգերի վրա ճնշումների։ Եղել են հարձակումներ, օրինակ, գնչուների վրա, բայց դրանք չեն տարածվել այլ ազգությունների վրա և չեն կրել համատարած բնույթ։ 2017թ․-ին, օրինակ, ազգային և կրոնական ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մոտ կեսը հրեաներին պատկանող գույքի վրա հարձակումներ են եղել։ Ըստ այդմ, ուղղակի անհեթեթ է Աբովյանի պնդումը, թե Ուկրաինայում բոլոր փոքրամասնություններն ունեցել են զանգվածային զոհեր, բացի հայ համայնքից։

Աբովյանը նաև մեղադրեց Բաբաջանյանին ԱԺ-ում ադրբեջանական թեզեր բարձրացնելու մեջ։ Իսկ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, որն այժմ ԲՀԿ պատգամավոր է, Բաբաջանյանին ռեպլիկ ուղղեց և դուրս եկավ ԱԺ դահլիճից։

Նշենք, սակայն, որ չնայած Աբովյանի հայտարարություններին, Մանուկյանի մասին Բաբաջանյանի հնչեցրած կարծիքը հիմնավորված է։ Մանուկյանը բազմաթիվ բիզնես շահեր ուներ իր՝ պետական պաշտոնյա եղած ժամանակ։ Հիշեցնենք, որ մինչ դեսպաննշանակվելը Մանուկյանը մոտ երկու տարի նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականն էր, իսկ դրանից առաջ՝ 2001-2008 թվականներին՝ տրանսպորտի և կապի նախարար։

Մանուկյանի բիզնես շահերի մասին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված 2009թ․ փաստաթղթում գրել է հետևյալը․«Մանուկյանը ավանդաբար Քոչարյանի դաշնակից է եղել, բայց ներկայում ավելի շատ Սերժ Սարգսյանի շրջանակում է։ Մեր կոնտակտը նրան նկարագրում է որպես Հայաստանի ամենահարուստ մարդկանցից, որը միշտ իշխանության հետ է։ Մանուկյանն ունի մենաշնորհ ռուսական ավտոմեքենաների ներմուծման բիզնեսում։ Նա նաև հանդիսանում է Վիվասելի բաժնետեր և Մետրոպոլ հյուրանոցի և մի շարք փոքր այլ բիզնեսների սեփականատեր է։ Նրա որդիները վերահսկում են Ֆորդ, Նիսան և Ռենո ավտոմեքենաների ներմուծումը, որոնց բաժնեմասերը նրանք տրամադրել են Սերժ Սարգսյանին»։

Որպես դեսպան՝ Մանուկյանի գործունեությունը ևս եղել է վիճահարույց։ 2015թ․նոյեմբերին հայտնի դարձավ, որ դեսպան Մանուկյանը տեղափոխվել է Ուկրաինայի անտառային ռեսուրսների գործակալության պետ Վիկտոր Սիվեցի կնոջ շքեղ առանձնատուն և այն դարձրել ՀՀ դեսպանատուն։ Սիվեցը, պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի մտերիմ ընկերը լինելով, ուկրաինական իրավապահների ուշադրության կենտրոնում էր, և ենթադրվում է, որ նրա կնոջ առանձնատունը դեսպանատուն դարձնելով՝ Մանուկյանը Սիվեցին «ապաստան» էր տրամադրել, քանի որ դեսպանատունը անձեռնմխելի տարածք է համարվում։ Սկանդալից անմիջապես հետո Մանուկյանը լքել էր առանձնատունը՝ իջեցնելով ՀՀ դրոշը։

Բաբաջանյանը այլ պնդումներ ևս արեց Մանուկյանի մասին։ Մանուկյանը, ըստ պատգամավորի, ՀՀ դեսպանատան համարանիշներ է վաճառել կամ նվիրաբերել Ուկրաինայի հայ քրեական դեմքերին և Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան Միխայիլ Զուրաբովի հետ նկարների առք ու վաճառքով զբաղվել։ Այս տեղեկությունների մասին, սակայն, հրապարակված նյութեր չկան, իսկ Բաբաջանյանի խոսքով, իրեն այս տեղեկությունները փոխանցել են ուկրաինացի դիվանագետներ։

Հովհաննես Նազարեթյան

fip.am