Հանրահայտ Forbes ամսագիրը Վրաստանի և Հայաստանի ավանդական խոհանոցին նվիրված հոդված է հրապարակել:
Ամերիկյան բիզնես-ամսագրի լրագրողը եղել է Վրաստանում և Հայաստանում, ուր իր համար նոր խոհանոցային աշխարհ է բացահայտել ու դրանով կիսվել ընթերցողների հետ:
Հոդվածի հեղինակ Բրենդոն Շուլցը տասն օրվա ընթացում ծանոթացել է վրացական և հայկական ավանդական խոհանոցին և զարմացած մնացել:
«Եթե դուք կարծում եք, թե Ջորջիան ուղղակի ԱՄՆ-ի նահանգներից մեկն է, ապա դուք հավանաբար Արմենիայի հետ էլ այնքան ծանոթ չեք: Այս երկու նախկին խորհրդային պետությունները հարուստ են կովկասյան լեռներով: Հարուստ խոհանոցային ժառանգությունն օգնում է հեքիաթներ բացահայտել: Հայաստանի և Վրաստանի ուտելիքները հայտնի են իրենց բուրումնավետ համեմունքներով»,- գրում է Շուլցը՝ վստահեցնելով, որ խոհանոցային ճանապարհորդությունը տարածաշրջանի մշակույթին ծանոթանալու լավագույն միջոցն է:
Հոդվածում հատուկ տեղ է զբաղեցնում խաճապուրին: Լրագրողը գրում է, որ Վրաստանում այս ուտեստի տարբեր տեսակներ կան, առանձնացում է սակայն Աջարականը՝ այն իսկական գանձ անվանելով: Չախոբիլին նա անվանում է հավի ռագու:
Շուլցն անտարբեր չի մնացել վրացական գինու նկատմամբ, նա ընթերցողներին խորհուրդ է տալիս այցելել գինու գործարան և զգալ տարբերությունը՝ ինչպես է արտադրվում գինին այստեղ և աշխարհում: Հայկական ուտեստներից Շուլցը հավանել է խորովածը. տպավորված է Արարատ կոնյակից: