Վլադիմիր Սեմյոնովիչ Վիսոցկին ծնվել է 1938 թ. հունվարի 25-ին Մոսկվայում: Տղայի ընտանիքն ապրում էր հանրակացարանում: Վիսոցկու հայրը ծնունդով Կիևից էր և Հայրենական Մեծ պատերազմի վետերան: Նա ավելի քան 20 պատվո շքանշան և մեդալ ուներ: Վլադիմիրի մայրը գերմաներենի մասնագետ էր և թարգմանություններ էր անում:
Վիսոցկին 4 տարեկան էր, երբ պատերազմ է սկսվում և մայրը որդու հետ տեղափոխվում է Օրենբուրգի շրջան, սակայն երկու տարի անց նորից հետ վերադառնում է Մոսկվա:
Երկու տարի անց սկսվում է փոքրիկ Վլադիմիրի կյանքի ամենածանր շրջանը: Ծնողներն ամուսնալուծվում են, և տղան մոր հետ բնակություն է հաստատում Գերմանիայում: Այստեղ տղան դաշնամուրի դասընթացների է հաճախում: Երաժշտությունը դառնում է փոքրիկ Վլադիմիրի ամենամտերիմ ընկերը, սակայն նրա մանկությունն ուրախ չես անվանի:
Կարճ ժամանակ անց տղայի ծնողները երկրորդ անգամ են ամուսնանում: Թեպետ Վիսոցկին չէր հարմարվում ծնողների այս նոր կարգավիճակին, այնուհանդերձ խորթ մորը խորթ հորից շատ էր սիրում:
Մարդկանց մեջ ես միշտ միայն լավն եմ փնտրում: Վատն իրենք ինքնուրույն էլ ցույց կտան:
1949 թ. Վիսոցկին վերադառնում է Մոսկվա և հաստատվում է հոր տանը: Այստեղ նա առաջին անգամ ծանոթանում է այն երաժշտական ուղղության հետ, որն ամբողջ կյանքում ուղեկցելու էր նրան: 50-ականների սովետական երիտասարդությունը տարբերվում էր Գերմանիայի երիտասարդությունից: Մոսկվայում Վլադիմիրը վերցնում է իր առաջին ակորդները: «Գողական» երանգները միախառնվում են ռոմանտիզմի հետ և ստացվում է այն, ինչն ավելի ուշ անվանվելու է Վիսոցկու ոճ: Այս տեսակ երաժշտությունն այն տարիներին շատ մեծ տարածում է գտել հատկապես նրանց շրջանում, որոնց մանկությունն անցել է պատերազմի շրջանում:
Ինչպես ուզում եմ, այնպես էլ երգում եմ: Ուրիշները կարող են ավելի լավ երգել, բայց ոչ ինձ պես:
1953 թ. Վլադիմիրը թատերական խմբակ էր հաճախում: Խմբակի տնօրենը Վլադիմիր Բոգոմոլովն էր, որն աշխատում էր Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում:
Երկու տարի անց Վիսոցկին ընդունվում է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ, սակայն կես տարի անց գիտակցում է, որ դա մեծ, շատ մեծ սխալ էր և լքում է ինստիտուտը, իսկ 1960 թ. ավարտում է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնը:
Առաջին անգամ Վիսոցկին բեմ բարձրացավ 1959 թ.: Նա խաղում էր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» ստեղծագործության բեմականացման մեջ: Նա գիտեր, որ ապագան թատրոնինն է…
Ավելի ուշ Վլադիմիրն ընդունվում է Պուշկինի անվան թատրոն, որտեղ նա օրեցօր հղկվում և կատարելագործվում էր: Հենց այստեղ էլ նա խաղում է Ակսակովի «Կարմիր ծաղիկը» ստեղծագործության մեջ և սա դեռ սկիզբն էր…
Թատրոնում նա խաղաց ավելի քա 10 ներկայացման մեջ, իսկ ավելի ուշ տեղափոխվեց Մոսկվայի մանրանկարների թատրոն: Թատրոնում աշխատելու ընթացքում Վիսոցկին, ցավոք էպիզոդիկ դերերում էր հանդես գալիս, և չէին ոգեշնչում նրան: Մի քանի անհաջողոթյուններից հետո Վիսոցկին լքում է թատրոնը և 1964 թ. ընդունվում է Մոսկվայի Տագանկայի թատրոն: Այստեղ նա հաջողված էր, այստեղ նա սիրված էր, այստեղ նրան գնահատում էին և մեծարում, այստեղ նա կարողացավ գործի դնել իր ողջ ներուժը և փայլել այնպես, ինչպես ոչ ոք չի փայլել: Տագանկայում Վիսոցկին աշխատեց մինչև մահ: «Համլետ» և «Գալիլեյի կյանքը» ներկայացումներում նա գլխավոր հերոսներին էր մարմնավորում: Թատրոնի ակտիվ տարիներին դերասանների հետ նա շրջագայությունների մեկնեց Ֆրանսիա, Լեհաստան, Գերմանիա, Բուլղարիա, ԱՄՆ, Մեքսիկա և Կանադա:
Ամբողջությամբ՝ vnews.am