Ինչպե՞ս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը որոշեց դառնալ հեքիաթագիր, ի՞նչ պարտականություններ ունի նախագահի կինը, և ո՞վ է ընտրում նրա հագուստը։ Նունե Սարգսյանն այս հարցերին պատասխանել է Sputnik Արմենիայի նոր` «Լեդի Sputnik» նախագծի շրջանակում
– Դուք հայտնի մանկագիր եք ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Ինչպե՞ս հասկացաք, որ հենց դրանով եք ուզում զբաղվել։
– Շնորհակալ եմ ձեր գնահատականի համար:
Հեքիաթը հարուստ գրական ժանր է, որ գոյություն է ունեցել հնուց մինչև այսօր։ Միշտ եղել են ու կան հեքիաթներ նաև մեծերի համար, ինչպես օրինակ «Հազար ու մի գիշերները» կամ ժամանակակից Ջորջ Մարթինի «Գահերի խաղը», որը վերածվել է բազմասերիանոց սիրված ֆիլմաշարքի, և կան հեքիաթներ փոքրիկների համար։ Մանկական ամեն հեքիաթ բարոյախոսություն և խրատ է պարունակում։
Հեքիաթները դասագիրք են երեխայի հետագա կյանքի դպրոցի համար։ Եվ որքան վաղ տարիքում երեխան ընկալի լավի ու բարու արժեքները, այնքան հետագայում հասարակությունը կշահի։ Դա է պատճառը, որ ես ու շատ ուրիշ մանկագիրներ գնահատում ենք հեքիաթի դերը երեխաների համար` այսօրվա գերզբաղված և էլեկտրոնային տեղեկատվությամբ ծանրաբեռնված կյանքում։
Իսկ թե ինչու և ինչպես ես սկսեցի գրել հեքիաթներ, ուրիշ պատմություն է։ Եվ դա կապված չէ իմ երեխաների կամ թոռնիկների ծնվելու կամ նրանց գոյության հետ։ Մասնագիտությամբ ես արվեստաբան եմ և երկար ժամանակ զբաղվել եմ արվեստով՝ ցուցահանդեսներ և դասական երաժշտության համերգներ կազմակերպելով, ակնարկներ և հոդվածներ գրելով՝ հայալեզու արտասահմանյան ու տեղական մամուլի ու ռադիոյի համար։
Երբեք չէի նախատեսում գրող կամ մանկագիր դառնալ, եթե չլիներ ամուսինս, ով ինձ միշտ քաջալերում էր ստեղծագործել։
– Հեքիաթների մեջ ի՞նչն է հրապուրում ձեզ։
– Երբեք չեմ ծրագրում հեքիաթի ընթացքը։ Ուղղակի մտնում եմ գրվածքի մեջ, դառնում անտեսանելի մասնակից և սկսում զարգացնել թեման։ Դա ինձ համար շատ հետաքրքրական գործողություն է, որովհետև դառնում եմ իմ իսկ պատմության դիրիժորն ու մասնակիցը։ Երբեմն թողնում եմ, որ պատմությունն ինքն իրեն ստեղծվի ու զարգանա և կարծես հեռվից դիտում եմ հետաքրքրությամբ, թե ինչ կլինի հաջորդ պահին։ Երբեմն խճճվում եմ ստեղծած իրավիճակների մեջ և անհամբեր սպասում եմ, թե ինչպես պետք է վերջանա հեքիաթը։ Ահա թե ինչն է ինձ հրապուրում հեքիաթ ստեղծելու մեջ։
– Սավաննան ձեր առաջի՞ն համահեղինակն է։
– Այո, առաջին անգամ է, որ համահեղինակ ունեմ, և դա իմ թոռնիկ Սավաննան է։ Նա վառ երևակայություն ունի և նկարելու ու հորինելու տաղանդ։ Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները կլինի նրա առաջին գիրքը, որը շուտով լույս կտեսնի Սավաննայի անուշիկ նկարազարդումներով։ Նա լրջորեն մտել է գրքի հրատարակման գործի մեջ։ Ես հենց դա էի ուզում, որ երեխան տեսնի, թե ինչպես են ստեղծվում գրքերը։
– Իսկ ձեր և պարոն նախագահի սիրո պատմությունը չեք պատրաստվո՞ւմ գրի առնել։
– Իմ կարծիքով, մեր սիրո պատմությունը պատկանում է մեզ և մեր ընտանիքին ու հրապարակելը սխալ կլինի։ Իրականում դա պարզ մարդկային պատմություն է մեր սիրո և ընկերության մասին, որը սկսվեց Երևանի դպրոցներից մեկում և շարունակվում է մինչև հիմա։ Ես հավատացած եմ, որ երկու անձանց սերն առանց ընկերության ու վստահության երկար չի տևում։ Ուրախ եմ, որ մեր երկու որդիները վկա եղան, թե ինչպես ենք մենք միշտ փորձել «ամուսնություն» կոչվող ինստիտուտը հաստատուն պահել։ Հուսով եմ, որ իրենք էլ իրենց ընտանիքներն այդպես կպահեն։
– Դժվա՞ր է նախագահի կին լինել։
– Բոլորովին դժվար չէ, ընդհակառակը՝ հաճելի է, պատասխանատու և կարևոր, սակայն դժվար չէ։
Իմ կյանքում մեծ փոփոխություն տեղի չի ունեցել Արմենի նախագահ դառնալով։ Նա ֆիզիկոս էր, երբ ամուսնացանք, հետո՝ դիվանագետ, վարչապետ, գործարար, իսկ հիմա՝ հանրապետության նախագահ։ Նա չի փոխվել, և ես էլ նույնն եմ, նույն Նունեն՝ Արմեն Սարգսյանի կինը, Վարդանի և Հայկի մայրը, Սավաննայի, Արմենի և Գաբրիելի տատիկը։ Ունեմ բազմաթիվ ընկերների և ծանոթների շրջանակ, զբաղմունքների երկար ցանկ։ Ինչպես Արմենը, ես նույնպես սիրում եմ թատրոն, արվեստ, երաժշտություն և սպորտ։ Սիրում եմ եփել ու թխել, սիրում եմ բույսեր, ծաղիկներ ու կենդանիներ։ Մեր կյանքի տարբեր՝ դժվար ու հեշտ էտապներում այս ամենը նույնն է եղել։ Ես մնացել եմ նույնը՝ թե՛ որպես ֆիզիկայի դասախոսի կին, թե՛ որպես Հայաստանի նախագահի կին։