Ականջակալներով երաժշտություն լսելը ինչպես եւ ցանկացած աղմուկ, կարող է ազդել լսողության սրության վրա, պնդում է լօռ բժիշկ Գայանե Սարգսյանը:
Շատ բան, սակայն, կախված է ձայնի բարձրությունից. եթե ականջակալներում ձայնի բարձրությունը (օրինակ երաժշտության) 85 դբ-ից ցածր է, լսողության համար անվնաս կլինի օրական մինչեւ 8 ժամ նման երաժշտություն լսելը: Եթե երաժշտության ձայնը ավելանում է մինչեւ 88 դԲ, այն կարելի է օրական մինչեւ 4 ժամ լսել:
Եթե երաժշտության կամ աղմուկի ձայնը ավելանում է մինչեւ 120 դԲ, այն կարող է հաշված րոպեների ընթացքում վնասել լսողությանը: Իսկ եթե ձայնի բարձրությունը հասնում է մինչեւ 142 դԲ, ապա մի քանի ակնթարթում կարող է ծանրալուրության հանգեցնել:
Լսողության սրությունը պահպանելու համար մասնագետը խորհուրդ է տալիս ականջակալներով երաժշտություն քիչ լսել, իակ բարձր երաժշտությամբ տարածքում գտնվելու դեպքում պարբերաբար մի քանի րոպեով դուրս գալ՝ ականջներին հնարավորություն տալով հանգստանալ:
Ի՞նչ նախանշանների դեպքում կարելի է հասկանալ լսողության հետ կապված խնդիրները
Գայանե Սարգսյանը նշեց, որ ականջներում, աղմուկն առաջին ահազանգն է. եթե ձեր աականջներում աղմուկ է հայտնվել, ապա դա արդեն պատճառ է մասնագետին այցելելու համար, անգամ եթե դուք լսողության թուլացում դեռ չեք նկատում: