«Լեռներից լավ կարող են լինել միայն լեռները» – Վիսոցկու երգից այս արտահայտությունն առավելագույն ճշգրիտ է բնորոշում Գևորգ Գասպարյանին, որը երկրում տուրիզմի ոլորտի լավագույն մասնագետներից մեկն է: Քաղաքում նա ձանձրանում է, նրա համար նեղվածք է, լեռներն են ձգում՝ գագաթներին բարձրանալը և ամեն անգամ՝ նոր գագաթների… Վերջինը Հիմալայներում Island peak-ն է (6183 մետր)՝ այն լուրջ բարձրություններից մեկը, որոնց վրա, որպես կանոն, բարձրանում են մինչև աշխարհի ամենավտանգավոր գագաթ Էվերեստը նվաճելը:
Ի դեպ, Island peak-ը նշված չէր 7 հայ ալպինիստներից կազմված խմբի ծրագրում, որոնք ուղևորվել էին Կատմանդու: Նախնական նպատակը մինչև Everest base camp հասնելն էր, որը տեղակայված է 5364 մետր բարձրության վրա, և հակառակ կողմից իջնելը: Բայց Գևորգ Գասպարյանը ընկերոջ՝ Վահան Ղազարյանի հետ որոշել է կուրսից մի փոքր շեղվել ու (ինչ կա որ) բարձրանալ լեգենդար Island peak-ը: Եվ հաղթահարեցին՝ գագաթին հայկական դրոշը ծածանելով: Գևորգը NEWS am. STYLE-ի հետ հապճեպ շփվեց արդեն այն ժամանակ, երբ իջնում էր, Կատմանդու վերադառնալու ճանապարհին…
– Դե, ինչպե՞ս ես: Ինչպե՞ս ես քեզ զգում: Ճնշումդ նորմա՞լ է:
– Հոյակապ: Առողջության և ճանապարհին անվտանգության հետ կապված ոչ մի խնդիր չծագեց… Island peak բարձրանալու համար լրացուցիչ սարքերի և հագուստի կարիք կար, այդ ամենը մեզ փոխարինաբար տվեցին տղաները:
– Գիտեմ՝ անհեթեթ հարց է… Բայց մի՞թե վախ կամ տագնապ չկար:
– Հակառակը՝ գրավիչ և խելահեղորեն գեղեցիկ էր: Այնքան, որ «աշխարհիկ» ամեն ինչ այնքան անհեթեթ ու աննշան է թվում՝ խնդիրներ, վեճեր, խառնակչություն, ունայնություն… Հոգուդ մեջ հաշտեցում է, անդորր…
– Ահա թե ի՞նչն է այնտեղ ձգում: Թե՞, այնուամենայնիվ, ազարտը:
– Ո՛չ: Բանն ամենևին ազարտը չէ: Սա անկրկնելի գեղեցկություն է, առանձնահատուկ: Այն ներսից է մաքրում…
– Ուրեմն՝ այլ գագաթների՞ սպասենք:
– Այո՛, հաջորդը մյուս տարի՝ 7 հազար մետրն է…
– Իսկ Էվերե՞ստը:
– Իհարկե, շատ կուզեի, բայց դա առավել քան լուրջ հայտ է. Էվերեստի համար հատուկ նախապատրաստություն է պետք, հատուկ սարքեր, հանդերձանք… Չեմ խոսում այն մասին, որ այս գագաթը «կարժենա» մոտ 60 հազար դոլար (այդքան գումար պետք է վճարել Նեպալին՝ բարձրանալու թույլտվություն ստանալու համար – խմբ.): Դե նաև 2 ամիս չլվացվել՝ սա էլ դեռ մի փորձություն է: Կատակում եմ, իհարկե (ծիծաղում է)…
Գևորգը պետք է ճանապարհը շարունակեր, բայց NEWS.am STYLE-ն անպայման նրա հետ դեռ կզրուցի, առավել ևս, որ նրա ուսերին ոչ միայն ծանր ուսապարկ կա, այլև տուրիզմի և լեռնագնացության ոլորտում միանգամայն պատկառելի փորձ: Նա շատ բան է արել մեր երկրում այս ոլորտի զարգացման համար, ստեղծել է Arevi Tour ընկերությունը և ոչ մեծ, բայց անչափ յուրահատուկ, երկաթե կոնտեյներներից «հավաքած» հյուրանոց Եղեգիսում… Մի խոսքով, զրույցի բազմաթիվ թեմաներ կան, այնպես որ՝ սպասեք…
Աննա Սաթյան