Թեև աշխարհի հզոր և հայտնի բրենդերի մեծ մասը պատկանում է Ամերիկային, սակայն իր ուրույն դիրքն ունի նաև 9 մլն բնակչություն ունեցող Շվեդիան: Աշխարհում իրենց դիմագիծն ունեն Volvo-ն, Scania-ն, SAAB-ը, TetraPack-ը, Ericsson-ը, IKEA-ն. ապրանքանիշեր, որոնց մասին շվեդները հպարտությամբ շեշտում են` «Արտադրված է Շվեդիայում»:
Ի. Կեմբրադը ծնվել է 1926թ.` շվեդական փոքրիկ քաղաք Էլմխուլդում: Կեմբրադը առևտրի հանդեպ հետաքրքրությունը ժառանգել է պապից, որի գլխավորած ընկերությունը 1897թ.-ին սնանկ ճանաչվեց, և վերջինս չկարողանալով վերադարձնել պարտքերը՝ ինքնասպանություն գործեց: Սակայն Ի. Կեմբրադի տատիկին հաջողվեց փրկել պապենական գործը: Հենց տատիկն էլ Կեմբրադին սովորեցրեց «կամքի ուժի և աշխատասիրության» շնորհիվ հաղթահարել բոլոր դժվարությունները: Ի. Կեմբրադի մասին երբեմն ասում են, որ նրա կյանքը նման է Գրիմմ եղբայրների հեքիաթների հերոսներին: Շվեդ միլիոնատերը չի սովորել որևէ համալսարանում, բիզնեսին վերաբերող գրքեր չի կարդացել: Թեև նա դպրոցում միշտ խնդիրներ է ունեցել ուսման հետ, սակայն այսօր նրա հիմնադրած IKEA-ի ստեղծման և գործունեության ռազմավարությունը ուսումնասիրվում է Եվրոպայի առևտրական բարձրագույն հաստատություններում:
Առաջին բիզնես քայլերը Կեմբրադն արել է փոքր հասակում: Նա մեծածախ գնով ձեռք էր բերում լուցկիներ և վերավաճառում դրանք մի քանի անգամ թանկ գնով: «Մինչև հիմա հիշում եմ այն հաճելի զգացումը, երբ ստացա իմ առաջին շահույթը: Այդ ժամանակ հինգ տարեկան էլ չկայի: Ավելի ուշ սկսեցի զբաղվել ամանորյա բացիկների և պատին ամրացվող նկարների վաճառքով: Հետո ձուկ էի բռնում և վաճառում հարևաններին: Հապալաս էի հավաքում և ավտոբուսով ուղարկում ուրիշ քաղաքներում վաճառելու: 11 տարեկանում սկսեցի զբաղվել սերմերի վաճառքով: Դա իմ առաջին ամենաշահավետ գործն էր, որից աշխատած գումարով ես նոր հեծանիվ գնեցի»:
1940-ականներին ամենաշատ պահանջարկը ունեին ինքնահոսները. դրանք նորույթ էին անգամ Շվեդիայում: Կեմբրադը որոշեց զբաղվել դրանց վաճառքով: Նա Ֆրանսիայից պատվիրեց 500 նմանատիպ գրիչներ` բանկից վերցնելով 500 շվեդական կրոն (այն ժամանակ դա կազմում էր մոտ $63): Գրիչներ մատակարարող ֆրանսիական ընկերությունը Կեմբրադից պահանջեց գրանցել սեփական ընկերությունը:
Դա էր պատճառը, որ 1943թ. 17-ամյա Կեմբրադը հոր օգնությամբ գրանցեց իր սեփական ընկերությունը` Ի.Կ.Է.Ա.-ան (Ի.Կ.Է.Ա. հապավում-անվանումն առաջացել է նրա անվան` Ինգվար, Կեմբրադ, ծննդավայրի` Էլմխուլդ և բնակության վայրի` Ագուննառյուդ սկզբնատառերից):
Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվում էր ինքնահոսների և գրասենյակային տարբեր մանրուքների վաճառքով, ապրանքների գնացուցակը տարածում էր տեղանքի կաթնավաճառը: Հենց այդ ժամանակ Կեմբրադը սահմանեց մի շատ կարևոր կանոն` գնացուցակում նշված ապրանքի գինը պետք է պահպանվի ողջ տարվա ընթացքում. այն կարող է զեղչվել, սակայն ոչ մի դեպքում չպետք է թանկանա: Նկատելով, որ այս կամ այն ապրանքի հանդեպ պահանջարկն աճում է, Կեմբրադը վայրկյանական իջեցնում էր այդ ապրանքի գինը (մինչդեռ բիզնեսում ընդունված է բարձրացնել): Եվ դա իրոք աշխատում էր, գնորդները շտապում էին IKEA: Արդյունքում՝ ստացված շահույթը փոխհատուցում էր էժանացման հետևանքով կրած վնասները, և հաղթանակը Կեմբրադինն էր: 40-ականների վերջին Ի. Կեմբրադի ուշադրությունը գրավեց տեղի բնակչության կյանքի մի շատ կարևոր փաստ. Շվեդիայում կահույքը շատ թանկ արժեր, այն ճոխության և հարստության նշան էր, և բոլորը չէ, որ կարող էին իրենց թույլ տալ նման հաճույք:
Ի. Կեմբրադը սկսեց ուսումնասիրել կահույքի շուկան: Եվ գործարք կնքելով կահույք արտադրող մանր ձեռնարկությունների հետ` սկսում է վաճառել երկու նմուշ` բազմոց առանց արմնկակալի և սրճարանային սեղան: Բազմոցը Կեմբրադն անվանակոչեց «Ռուտ»: Այդ պահից ի վեր Ի.Կ.Է.Ա.-ում ընդունված է կահույքներին անուններ տալը: Կեմբրադը նաև սովորություն ուներ իր հաճախորդներին բրոշյուրներ ուղարկել` «Նորություններ Ի.Կ.Է.Ա.-ից»:
Երիտասարդ ձեռնարկատերը միանգամից կողմնորոշվեց իր բիզնեսն ուղղել դեպի միջին եկամուտով գնորդները: Նա պատվիրեց հարևան կահույքի գործարանների ամենաէժան նմուշները: Հենց այդ ժամանակ ծնվեց նրա հայտնի բանաձևը. «60 աթոռ թանկ գնով վաճառելու փոխարեն՝ ավելի լավ է իջեցնել գինը և վաճառել 600-ը»:
1951թ. նա մի հին գործարան ձեռք բերեց և սկսեց արտադրել էժանագին, հասարակ կահույք: Միջին խավին մատչելի գների շնորհիվ նրա ընկերությունը Շվեդիայում մեծ համբավ ձեռք բերեց: Սակայն նրա հաջողությունները և մարտավարությունը զայրացրին Շվեդիայի կահույք արտադրողներին, որոնք 50-ականների վերջին դուրս եկան նրա դեմ: Նրանց ճնշման տակ գտնվող փայտամթերող ընկերությունները հրաժարվեցին համագործակցել Կեմբրադի հետ: Երիտասարդ գործարարը, սակայն, չհուսահատվեց: Ի.Կ.Է.Ա.-ն շարունակեց ծաղկել:
«Ի.Կ.Է.Ա.-ի փիլիսոփայությունը ամփոփվում է մեկ ոսկե կանոնի մեջ` ցանկացած նոր խնդիր դա նոր հնարավորություն է` նոր քայլեր ձեռնարկելու համար: Երբ մենք մերժվեցինք սեփական երկրում, մեր առջև իր դռները բացեց ամբողջ աշխարհը»,- ասում է Կեմբրադը: Նա կահույքի մասեր ձեռք բերեց լեհ մատակարարներից` բավական էժան գներով: Այդպիսով նա Ի.Կ.Է.Ա.-ի համար նոր մարտավարություն մշակեց` տեղաբաշխել պատվերները այն երկրներում, որտեղ ավելի էժան է: Կեմբրադի հաջորդ քայլը նույնպես շատ կարևոր էր ընկերության համար, այն է` «Կահույքի առաքումը իրականացվելու է գնորդի կողմից»: Դա նպաստեց կահույքի ինքնարժեքի իջեցմանը: Այդ պատճառով ընկերությունը ստիպված եղավ վերափոխել իր արտադրանքը, դարձնելով այն հավաքովի: Այդպես ստեղծվեց Ի.Կ.Է.Ա.-ի լեգենդար դիզայնը: Կահույքի նախագիծն այնքան պարզ էր, որ այն նույնիսկ երեխան կարող էր հավաքել:
Կեմբրադի այցն ԱՄՆ և ծանոթությունը Cash & Carry հայտնի ընկերության աշխատաոճի հետ մեծ ազդեցություն ունեցավ Ի.Կ.Է.Ա.-ի ճակատագրի վրա: Նա որոշեց, որ գնորդները էժան կահույք գնելու համար պատրաստ կլինեն նույնիսկ դուրս գալ քաղաքից: Որոշումը շատ տեղին էր և մտածված: Խանութները շատ նման էին պահեստների: Որպեսզի երկար ճանապարհ անցած հաճախորդները ուժ ունենան գնումներ կատարելու համար, Ի.Կ.Է.Ա.-ի խանութ-պահեստներում փոքրիկ սրճարաններ հայտնվեցին: Ամեն ինչ մտածված էր հաճախորդների համար: 1963թ. Ի.Կ.Է.Ա. ապրանքանիշը մուտք է գործում արտասահմանյան շուկա` Նորվեգիա, Շվեյցարիա և ապա դուրս գալիս սկանդինավյան երկրների սահմաններից: Այժմ Ի.Կ.Է.Ա.-ն համարվում է կահույք և ամենօրյա իրեր վաճառող աշխարհի խոշորագույն մանրածախ խանութների ցանց: Ընկերությունը տնօրինում է 180 խանութների` ավելի քան 30 երկրներում:
Գործուղումների մեկնելիս Կեմբրադը մշտապես կանգ է առնում երեք աստղանի հյուրանոցներում: Նախաճաշին (հատկապես, երբ նախաճաշը ներառված է սենյակի գնի մեջ) ուտում է այնքան, որ հերիքում է մինչև օրվա վերջը: Իսկ եթե ստիպված է լինում վճարել սնվելու համար, ապա նա նախընտրում է էժանագին ռեստորանները: Գործուղումների ժամանակ Կեմբրադը հազվադեպ է օգտվում տաքսիներից` նախընտրելով քաղաքային տրանսպորտը: «Այդպես կարելի է գաղափար կազմել մարդկանց ճաշակի մասին»,- արդարանում է միլիոնատերը: Հենց այդպիսի ուղևորությունների ընթացքում են ծնվել Ի.Կ.Է.Ա-ի նոր գաղափարները: Գնացքի տոմս գնելիս նախընտրում է էկոնոմ կլասը, ինքն է տանում իր ուղեբեռը: Հագուստ գնում է էժան խանութներից: Լավագույն արձակուրդը համարում է հեծանվով ճանապարհորդությունը Շվեդիայով: Հնարավոր է` Կեմբրադի խնայող բնավորության վրա իր ազդեցությունն է ունեցել այն փաստը, որ նրա մանկությունն անցել է Շվեդիայի հարավում, որն աչքի էր ընկնում իր աղքատությամբ, իսկ այնտեղ ապրող մարդիկ բավականին ժլատ էին: Կեմբրադը ասում է. «Ինչպե՞ս կարող եմ ինձ շռայլություն թույլ տալ, եթե ինձ վրա աշխատող մարդկանցից պահանջում եմ խնայողություն», և ավելացնում՝ «Խոշոր ձեռնարկատերերի հիմնական սխալը նրանում է, որ նրանք կտրված են իրենց հիմնական գնորդի կյանքից»: