Պայքարեք գրիպի և մրսածության դեմ՝ 3 հզոր թեյերի միջոցով
Advertisement 1000 x 90

Պայքարեք գրիպի և մրսածության դեմ՝ 3 հզոր թեյերի միջոցով

Տարվա սառը եղանակին ամենահեշտն է մրսածություն կամ հարբուխ ձեռք բերելը:  Ոմանց բավական է ոտքերը թրջել, ու գրիպը սպասեցնել չի տա: Քթի փակվածությունը, կոկորդի քորը, տաքությունը բոլորին ծանոթ նախանշաններ են:

Ձեզ ենք ներկայացնում երեք հզոր ըմպելիքներ, որոնք կօգնեն բացել շնչառությունն ու պայքարել հազի դեմ:

Թեյ՝ «արևի շող»

Դարչինն ու կոճապղպեղը հայտնի են իրենց բուժիչ և հակավիրուսային հատկություններով: Կիտրոնի հյութն ու խնձորի քացախը լրացնում են վիտամին C-ի պակասը, որն այդքան անհրաժեշտ է մրսածության ժամանակ: Թեյը  գործի է գցում օրգանիզմի պաշտպանիչ ուժերը, որոնք սկսում են պայքարել սկսվող հիվանդության դեմ:

Բաղադրություն

  • 1թ/գ կիտրոնի հյութ
  • ½ թ/գ քերած կոճապղպեղ
  • ¼ թ/գ քրքումի փոշի
  • ½ ճ/գ խնձորի քացախ
  • ½ թ/գ մեղր
  • Մի պտղունց աղացած դարչին
  • 300 մլ ջուր

Ջուրը եռացրեք: Կոճապղպեղը քերեք: Բաժակի մեջ լցրեք քրքումը, դարչինն ու մեղրը: Ավելացրեք կիտրոնի հյութ և խնձորի քացախ: Ամբողջի վրա տաք ջուր լցրեք, բայց ոչ եռման:

Թեյ՝ «ռեակտիվ»

Այուրվերդյան բժշկությունում քրքումը խորհուրդ է տրվում օգտագործել շնչառական հիվանդությունները բուժելու համար: Այս համեմունքը մաքրում է թոքերը խորխից, ախտահանում է բերանի խոռոչն ու կոկորդը: Անանուխը հանգստացնում է հազը և թեթևացնում է շնչառությունը: Կայենյան պղպեղը տաքացնող ազդեցություն է թողնում:

Բաղադրություն

  • 1 կիտրոն
  • 1 կտոր թարմ կոճապղպեղ
  • Դանակի ծայրով կայենյան պղպեղ
  • Դանակի ծայրով քրքում
  • Թարմ անանուխի մի քանի հատիկ
  • Մեղր՝ ըստ համի
  • 150 մլ ջուր

Կիտրոնի հյութը քամեք, քերեք կոճապղպեղը: Բոլոր բաղադրիչները խառնեք բաժակի մեջ և ավելացրեք տաք ջուրը:

Թեյ՝  «տաք Բենտինո»

Անանասն ունի հակաբորբոքային հատկանիշներ  և խթանում է շնչառական ուղիներից  խորխի դուրսբերումը: Մեղրը դարեր շարունակ օգտագործվել է ՝ որպես հակավիրուսային, հակասնկային և հակաբակտերիալ միջոց:

Բաղադրություն

  • 250 մլ անանասի հյութ
  • ½ ճ/գ խնձորի քացախ
  • Դանակի ծայրով կայենյան պղպեղ
  • 1 ճ/գ մեղր

Բոլոր բաղադրիչները խառնեք, լցրեք տարայի մեջ, տաքացրեք ըմպելիքն այնքան, որ հարմար լինի խմելուն:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը