ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վստահեցնում է, որ իր գործունեության պահից իր նկատմամբ ճնշումներ չեն եղել, սակայն 2018-ի ապրիլ-մայիսի իրադարձությունների ժամանակ իր հարաբերություները չափազանց բարդ են եղել պետական մարմինների հետ: Թաթոյանն այս մասին Ազգային ժողովում 2018-ի բյուջեի մասին հաղորդման քննարկմանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՄԻՊ-ի նկատմամբ կան քաղաքական ճնշումներ, քաղաքական հեղափոխությունից հետո արդյո՞ք լավացել են գործունեության պայմանները:
«Այն պահից սկսած, երբ այս պաշտոնում եմ, չի եղել որևէ ճնշում: ՄԻՊ աշխատանքը չափազանց բարդ է և իմ գործընկերները բոլորը առավելագույն են արել, որ կառույցը կայանա։ Բայց այդ բարդությունները ՄԻՊ-ի համար են, դա նորմալ է, և եթե ընտրվել եմ, պարտավոր եմ այդ բարդություններն անցնել։ Օրինակ նախորդ տարվա ապրիլ-մայիս իրադարձությունների օրերին, նաև 2016թ-ի հուլիսյան իրադարձությունների, (ՊՊԾ գնդի գրավում) օրերին հարաբերությունները չափազանց բարդ են եղել պետական մարմինների հետ։ Պնդում եմ, իհարկե չի եղել և չկա որևէ ճնշում և որևէ ճնշման փորձ»,-ասաց Թաթոյանը:
Թաթոյանի խոսքով` ինքը քննարկումներ է ունենում գործադիր իշխանության գործընկերների հետ ունի բարձր որակի հարաբերություններ: Նա նշեց նաև, որ տարբեր քննարկումներ է ունենում ՀՀ նախագահի, վարչապետի, նախարարների,իրավապահ մարմինների ղեկավարների հետ: Եվ արդյունքում նա բարձր է գնահատում նույն վարչապետի հետ այն հարաբերությունների որակն ու մակարդակը։ «Հեռուն գնալը և հարցերի բարձրացման խորությունը պայմանավորված է միայն լիազորություններով, դրանց ծավալով: Օրինակ` նույն 2016-2017-ին ավելի քիչ լիազորություն ունեինք, 2018-ին դրանք ավելի ընդլայնվեցին»,-նշեց Թաթոյանը: