Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետքերով. հայկական ֆեյքերի ֆաբրիկան. fip.am
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետքերով. հայկական ֆեյքերի ֆաբրիկան. fip.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմի ընտրությունների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ ֆեյք օգտահաշիվներին՝ հայտարարելով, որ անցած մեկ տարում նոր ստեղծված կամ ստվերից դուրս եկած մոտ 51 հազար աշխատեղերի թիվը շատ ավելի մեծ կլիներ, եթե այդ ցուցակում ընդգրկվերին նաև ֆեյքերը, որոնք իրենց «կատարած աշխատանքի» համար աշխատավարձ են ստանում։

«Այստեղ աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի և յութուբում դիսլայք դնողների համար… Չնայած՝ մենք բավարար կամք և քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի ֆեյքերին և դիսլայքներ դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն և նրանք, բառիս բուն իմաստով, կներեք այս բառի համար, այդ բառը իրենք են սիրում, հայտնվեն բոմժի կարգավիճակում»,- հայտարարեց Փաշինյանը։

Այն պնդումը, որ սոցիալական ցանցերում ժամանակ առ ժամանակ ակտիվանում են ֆեյքերի «բանակներ», որոնք «աշխատում են» այս կամ այն քաղաքական ուժերի, կուսակցությունների կամ անհատների օգտին, համապատասխանում է իրականությանը։

Սոցցանցերի ֆեյք օգտահաշիվների հիմնական մասը Հայաստանում ստեղծվում է Ֆեյսբուքում, քանի որ տեղեկության մեծ մասը մեր երկրում օգտատերերին է հասնում հենց այս սոցիալական ցանցի միջոցով, և այս հարթակում ֆեյքեր ստեղծելն ու դրանց գործունեությունը համակարգելը համարվում է առավել արդյունավետ։

Ըստ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի, ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի թիվը 2018 թ. ապրիլյան հեղափոխությունից հետո աճել է։ Եթե մինչև ապրիլը Հայաստանից ակտիվ օգտատերերի թիվը 1,1 մլն էր, ապա հեղափոխությունից հետո՝ ամռանը, այդ թիվը դարձել է մոտ 1,4 մլն, այնուհետև նվազել է 1,3 մլն-ի։ Փաստացի, ակտիվ օգտատերերի թիվն աճել է 200 հազարով։ Թե այս օգտատերերից որո՞նք են ֆեյք՝ հնարավոր չէ ասել, սակայն հետաքննությունները ցույց են տալիս, որ «հետհեղափոխական» ֆեյսբուքում դրանք դարձել են կարևոր գործիք՝ քաղաքական ուժերի ձեռքում։

Դրա մասին է վկայում նաև Fip.am-ի կողմից դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ, բացահայտված ֆեյքերի բանակը, որն աշխատում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու մասնավորապես՝ Վահե Էնֆիաջյանի օգտին։

Մեր լրագրողին հաջողվել էր ընդգրկվել ֆեյքերի «մեծ ընտանիք», որը ղեկավարում էր Վահե Էնֆիաջյանի օգնական Լիաննա Մանուկյանը, ու պարզել, որ յուրաքանչյուր աշխատող ուներ 5 ֆեյք օգտահաշիվ, ու դրանց միջոցով ֆեյսբուքում քարոզչություն՝ հավանումներ և մեկնաբանություններ, իրականացնելու համար ամսական պետք է ստանար 100 հազար դրամ։ Fip.am-ին հաջողվել էր նաև առանձնացնել այդ խմբին դասվող 390 ֆեյք օգտահաշիվ։

Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ մյուս քաղաքական ուժերն ու գործիչները ևս ունեն ֆեյքերի բանակներ, որոնց թիվը հասնում է մի քանի հարյուրի, սակայն այս օրինակը հնարավոր եղավ բացահայտել առավելապես վերջինների գործունեության պարզունակության ու միանմանության շնորհիվ։

Ինչ վերաբերում է այլ ուժերի կողմից օգտագործվող ֆեյքերի գործելաոճին, ապա այդ «բանակները» նման չեն իրար, ու յուրաքանչյուր ֆեյք գործում է որպես առանձին անհատ, սեփական մտքերով, սեփական բառապաշարով ու սեփական գրելաոճով։

Ֆեյքերի դեմ պայքարն ինտերնետային անվտանգության հիմնախնդիրներից է համարվում ամբողջ աշխարհում, և դրանց գործունեության մասին առավելապես հայտնի դարձավ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, երբ Ռուսաստանին մեղադրեցին ԱՄՆ ընտրություններին միջամտելու ու իր համար նախընտրելի թեկնածուի (Դոնալդ Թրամփ — խմբ․) հաղթանակն ապահովելու մեջ։

Իրականում, Ռուսաստանի «միջամտությունը» ֆեյք օգտատերերի միջոցով ԱՄՆ-ում քարոզչություն ու հակաքարոզչություն իրականացնելն էր։ Այդ նպատակով Սանկտ Պետերբուրգում ստեղծվել էր «ֆեյքերի ֆաբրիկա», որտեղից էլ, մեծամասամբ, իրականացվում էր քարոզչությունը։ Այս տեղեկությունը գաղտնազերծել էր վերոնշյալ ֆաբրիկայի նախկին աշխատակից Լյուդմիլա Սավչուկը, որը մանրամասն նկարագրել էր գրասենյակի գործունեության սկզբունքը։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ ֆեյքերն ու ֆեյք ինֆորմացիան մեր շրջապատում են՝ անկախ մեր ցանկությունից, և դրանց դեմ պայքարելու համար առայժմ կա մեկ պարզ միջոց՝ չհավատալ ամեն տեսակ ինֆորմացիայի, ինչքան էլ, որ այն թվա արժանահավատ, հետևել միայն վստահելի աղբյուրների, չտարածել անծանոթ մարդկանց ու աղբյուրներից ստացվող տեղեկությունը։

fip.am