Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սինգապուրի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Սինգապուրի Հանրապետության Սինգապուրի զբոսաշրջության խորհրդի միջև ստորագրվել է զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր:
Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի ներկայությամբ փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարար Կոհ Պոհ Կունը:
Հուշագրի նպատակն է զարգացնել զբոսաշրջության բնագավառում համագործակցությունը հավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա։
Հուշագրով կողմերը համաձայնել են զբոսաշրջության բնագավառում փոխանակվել համապատասխան տեղեկատվությամբ և լավագույն փորձով, ստեղծել կարողությունների զարգացման հնարավորություններ, խրախուսել երկու երկրների մասնավոր հատվածների միջև համագործակցությունը գործարար համաժողովների և B2B հանդիպումների միջոցով, տեղական և միջազգային մակարդակով երկու երկրների ճանաչելիության բարձրացման նպատակով կազմակերպել տարբեր ձևաչափերի ճանաչողական այցեր։