Այս շաբաթ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցչի հետ այցելել է Հայաստանի մի շարք զբոսավայրեր` Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակներում նախատեսվող նախագծերի ուսումնասիրության, արդիականության և նպատակայնության գնահատման համար:
Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում ուսումնասիրվել է «Դվինի» նախագիծը, որն ուրվագծում է Դվինի` որպես հնագիտական զբոսաշրջային վայրի զարգացման հնարավորությունները։
Հաջորդիվ Սուսաննա Սաֆարյանն այցելել է Խոր Վիրապ վանական համալիր, համայնքի ղեկավարության և եկեղեցու հետ քննարկել տարածքի խնդիրներն ու դրանց լուծոումների տարբերակները։ Մասնավորապես ընդգծվել է տարածքի բարեկարգման` այդ թվում կայանատեղիի, վաճառքի տաղավարների, զբոսաշրջիկների կենսական կարիքների բավարարմանն ուղղված ենթակառուցվածքների, լուսավորման և մուտքի կարգավորման կարևորությունը։ Եկեղեցու հետ փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետամուտ լինել ծրագրի իրականացմանը` համատեղ քայլեր ձեռնարկելով տարածքի բարեկարգման, արդյունավետ վերահսկողության և հետագա պահպանության ուղղությամբ:
Գնահատող թիմն այնուհետև այցելել է Գորիս` տեղում ծանոթանալու քաղաքի նախագծով նախատեսվող ծրագրի և դրա առանձին բաղադրիչների արդիականությանը:
Գորիսում քաղաքապետի հետ շրջայցի ընթացքում Սուսաննա Սաֆարյանը ծանոթացել է այս պահին իրականացվող քաղաքի բարեկարգման ծրագրերին, քննարկվել է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրով նախատեսված Գորիսի նախագծի ամբողջական իրականացման անհրաժեշտությունը, նախանշվել են մեկնարկի հնարավոր ժամկետները։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահը քաղաքային իշխանությունների հետ մտքեր է փոխանակել Գորիսի` որպես զբոսաշրջային քաղաքի զարգացման, Հին Գորիս քարանձավային քաղաքի բարեկարգման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման, ինչպես նաև այն որպես զբոսաշրջային ուղղություն դիրքավորելու քայլերի վերաբերյալ։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա աշխատանքների իրականացման ուղղությամբ առավել սերտ համագործակցելու վերաբերյալ։
Այցելություն է եղել նաև Տաթև` «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրով իրականացվող Տաթևի վանական համալիր տանող ճանապարհի մշտադիտարկման նպատակով։ Սուսաննա Սաֆարյանը որոշակի դիտարկումներ է ներկայացրել ընթացող նորոգման աշխատանքների վերաբերյալ և, ընդհանուր առմամբ, որակը գնահատել դրական: Ճանապարհաշինության աշխատանքները կավարտվեն մեկ ամսից։
Այցն ամփոփվել է Արենի գյուղում, որտեղ պետություն-մասնավոր գործընկերություն բաղադրիչի շրջանակներում իրականացվում է Արենի Վայն Հոթելի շինարարությունը։ Թիմը տեղում ծանոթացել է իրականացվող լայնածավալ աշխատանքներին, որոնք ուղղված են Արենին գինու զբոսաշրջային հանգույց դարձնելու հնարավորությունների ընդլայնմանը։