Զբոսաշրջային եւ հանգստյան սեզոնի մեկնարկին զուգահեռ՝ սկիզբ են առնում նաեւ քննարկումներն արդեն ավանդական դարձած հարցերի շուրջ՝ սեզոնն ակտի՞վ է, թե՞ պասիվ, հայաստանյան հանգիստը հայաստանցու համար թա՞նկ է, թե՞ էժան, կամ էլ թե որտե՞ղ են նախընտրում հանգստանալ մեր հայրենակիցները։
Հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ մասնավոր հատվածից։
Տուրիստական ընկերության ներկայացուցիչ Հայկուհի Քամալյանը, իրավիճակը գնահատելով իր ներկայացրած ընկերության գործունեության շրջանակում, ասաց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ զբոսաշրջությունն այս տարի ակտիվացել է։
Դարձյալ իրենց ընկերության տվյալների վրա հիմնվելով՝ նա ասաց, որ վերջին շրջանում Հայաստան շատ են գալիս նաեւ Չինաստանից. «Բացի այդ, գալիս են Ռուսաստանից, Ղազախստանից, Մալայզիայի հետ ենք աշխատում հիմա»։
Մեր զրուցակիցը նկատում է, որ իրենք են որոշում՝ ուր տանել իրենց դիմած զբոսաշրջիկին։ Հիմնականում հենց հիմնական ուղղություններով են տանում՝ Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Սեւան եւ այլն։ Բայց տուրիստի հետ շփվելիս, եթե հասկանում են, որ նրան ավելին է պետք, այդ դեպքում այլ ուղղություններ են ավելացվում։ Նրա խոսքերով, շատ են տանում նաեւ Վայոց ձոր։
Իսկ հայերը, նրանց տվյալներով, հիմնականում մեկնում են Եգիպտոս, Թուրքիա՝ Անթալիա։ Դրանք են հիմնական ուղղությունները (Վրաստան եւս մեծ թվով հայեր են գնում, սակայն առանց տուրիստական կազմակերպության միջամտության)։ Թեեւ Եգիպտոսում ամռանը չափազանց շոգ է, բայց այդուհանդերձ, Հայկուհու խոսքերով, գնով պայմանավորված՝ գնում են ու շատ են գնում։ Մեր հայրենակիցները հանգստի են մեկնում նաեւ Իսպանիա, Իտալիա։ Այդ ուղղություններով եւս մատչելի փաթեթներ լինում են։
Օրինակ՝ Հռոմ-Ֆլորենցիա-Վենետիկ տուրը կազմակերպություններից մեկն իրականացնում է 830 դոլարին համարժեք դրամով։ Տեւողությունը 8 օր եւ 7 գիշեր է։ Գինը ներառում է ավիատոմսը, հյուրանոցը, նախաճաշը, էքսկուրսիաներ, գիդի ծառայություններ, տրանսֆեր՝ օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան, բժշկական ապահովագրություն։
Իսկ Եգիպտոս՝ Հուրգադա կարելի է մեկնել 450 դոլարին համարժեք դրամով՝ 8 օր եւ 7 գիշեր տեւողությամբ։ Գինը ներառում է ավիատոմս՝ թռիչքը Երեւանից, հյուրանոց, All inclusive սննդակարգ, դիմավորում-ճանապարհում։
Իսկ ահա մեր երկրի հյուրանոցների, հանգստյան տների գները, Հայկուհի Քամալյանի խոսքերով, Հայաստանի քաղաքացիների համար բարձր են, թեեւ մատչելի են օտարերկրացիների համար։ «Սակայն եթե օտարերկրացի զբոսաշրջիկներն ուզում են լյուքս համարներ ու մատչելի պայմաններ, պարզ է՝ չի լինի։ Մյուս կողմից էլ Հայաստանը էքսկուրսիոն երկիր է։ Եվ այնպես չէ, որ գալիս են ու ամբողջ օրն անցկացնում են հյուրանոցում։ Այնտեղ հիմնականում գիշերում են։ Դրա համար, այդ տեսանկյունից, հարմար տարբերակներ կան»,-նկատեց Քամալյանը։
Հալիձորի հանգստյան տներից մեկի ներկայացուցիչ Արմինե Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց պարագայում գինը որոշվում է հաշվապահորեն։ Համեմատություն են անում՝ հաշվի առնելով նաեւ տրամադրվող նախաճաշը, որն ինքնարժեքով է, ու մյուս գործոնները։ Նա համարում է, որ միջին աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացին կարող է իրեն թույլ տալ հանգստանալ իրենց մոտ։ Արմինեի խիստ մոտավոր հաշվարկով, իրենց մոտ հանգստացող հայաստանցիները կազմում են շուրջ 40 տոկոս։ Իսկ այս շրջանում, ասում է, որ գերակշռում են սփյուռքահայերը։
Հայաստանյան մի քանի հյուրանոցների գներին ծանոթացել ենք կայք-էջերից։
Այսպես, Բյուրականի հյուրանոցներից մեկում, համապատասխան զեղչային կտրոն ձեռք բերելու դեպքում, հանգիստ են առաջարկում մինչեւ 24 տոկոս զեղչով։ Այդ դեպքում համարների 1 օրվա արժեքը սկսում է 30400 դրամից՝ 40000 դրամի փոխարեն (այդ գինը սահմանված է ստանդարտ դաբլ համարի համար) եւ ավարտվում է 80000 դրամով՝ 96000 դրամի փոխարեն։ Վերջին արժեքն էլ լյուքս համարինն է։ Արժեքը ներառում է նախաճաշ, ընթրիք, բաց եւ փակ լողավազաններ, ֆիննական եւ արեւելյան շոգեբաղնիքներ, Wi-Fi ինտերնետ, ավտոկայանատեղի, մանկական խաղասենյակ, բիլիարդ, սեղանի թենիս։
Իսկ ծաղկաձորյան հյուրանոցներից մեկն էլ դարձյալ զեղչի կտրոնի դեպքում իր ծառայություններն է առաջարկում 35 տոկոս զեղչով։ Օրինակ, չորս անձի համար նախատեսված քոթեջի համար նախատեսվում է 65000 դրամ՝ 100000 դրամի փոխարեն։ Արժեքը ներառում է նախաճաշ, լողավազան, ֆիթնես սրահ, սեղանի թենիս եւ «Game Zone», Wi-Fi, տրանսֆեր դեպի ճոպանուղի, մանկական խաղահրապարակ, ավտոկայանատեղի։
Ծաղկաձորում հանգստացողների համար նաեւ առանձնատներ են վարձով տալիս։ Մինչեւ 8 հոգու համար նախատեսված առանձնատներից մեկի մեկ օրվա արժեքը սահմանված է 40000 դրամ՝ 80000 դրամի փոխարեն՝ ակցիայի շրջանակում։ Պայմաններն այսպիսին են. 3 առանձնասենյակ՝ առանձին մուտքերով։ Երկու սանհանգույց եւ 2 լոգարան՝ մշտական տաք եւ սառը ջուր, գազ, կենտրոնական ջեռուցման համակարգ, Wi-Fi կապ եւ առաջին անհրաժեշտության բոլոր պարագաները։
Այս սեզոնին շատերն են մեկնում հարեւան երկիր՝ Վրաստան հանգստանալու։ Առաջին հերթին դեռեւս Հայաստանից կամ հենց այնտեղ՝ տեղում բնակարան են վարձում, իսկ ավելի ճիշտ՝ հիմնականում առանձնացված ու առանձին ընտանիքի համար հարմարեցված սենյակ՝ որեւէ բնակարանում։ Շատերին անգամ հետաքրքիր էլ չէ, թե ով է իր հարեւանը՝ վրացի, ադրբեջանցի, տղա, աղջիկ… կարեւորը հանգիստն է, ծովն ու արեւայրուքը։
Մինչդեռ Հայաստանում հանգիստ կազմակերպելու դեպքում նախապատվությունը, կարելի է ասել, հիմնականում հյուրանոցներին ու հանգստյան տներին են տալիս։ Մեր երկրում դեռեւս մեծ տարածում չունի զբոսաշրջիկին հարմարեցված տուն ու կամ սենյակ վարձակալելու մշակույթը։ Տունը որեւէ ընտանիքի հետ կիսելու ցանկություն ոչ բոլորն ունեն՝ ելնելով վերոնշյալ հանգամանքներից, որոնք հարեւան երկրում որեւէ ընտանիքի կամ խմբի հետ տուն կիսելիս հաշվի չեն առնում։ Բայց ամբողջությամբ վարձելու դեպքում էլ այնպիսի գին կարող է կազմել, որ հյուրանոցն ավելի նախընտրելի տարբերակ կհամարվի։
Այդ մշակույթի տարածման դեպքում, բացի այն բանից, որ որեւէ շարքային ընտանիքի համար սեզոնային եկամուտ կապահովվի, նաեւ հյուրանոցներն ու հանգստյան տները մրցակիցներ կունենան։ Նշանակում է, որ գնային քաղաքականության հարցում հնարավոր է «խմբագրման» աշխատանքներ իրականացվեն։
Թամարա Մուրադյան
«Հայաստանի Հանրապետություն»