Չինաստանում մոտ 7 ամիս ապրելուց, չինացիների լավ ու վատ սովորությունները տեսնելուց հետո, որոշեցի առանձնացնել այն դրականը, որ արժե կիրառել նաև մեր առօրյայում.
1. Վարում են առողջ ապրելակերպ
Երեկոյան աշխատանքը վերջացնելուց հետո չինացիները չեն գնում ու պառկում բազմոցին. նրանք դուրս են գալիս քայլելու կամ վազելու: Չինացիները վարում են առողջ ապրելակերպ՝ անկախ իրենց տարիքից: Տարեց կանայք հիմնականում հավաքվում են որևէ մեծ կառույցի դիմաց կամ այգում ու պարում իրենց ավանդական պարերը:
Տարեց տղամարդիկ կամ միանում են իրենց կանանց, կամ զբաղվում են յոգայով, իսկ երիտասարդները վազում են կամ արագ քայլում: Քայլելու ու վազելու համար ունեն բավականին մեծ ու ընդարձակ տարածքներ, որոնք իդեալական վիճակում են ու հարմար նույնիսկ անձրևի ժամանակ վազելու համար, քանի որ ջրահեռացման համակարգերն առկա են ամենուր:
2. Խմում են գոլ ջուր
Հունվար ամսին, երբ մեկնեցի Չինաստան ու տեսա, թե ինչպես են բոլորը գոլ ջուր խմում, մտածեցի՝ ցուրտ եղանակի պատճառով է: Բայց նրանք ամբողջ տարին են գոլ ջուր խմում: Մի անգամ ծանր հիվանդացա ու հայտնվեցի հիվանդանոցում, բժիշկն ասաց, որ իմունիտետս ցածր է, ու պետք է դեղորայքի հետ միասին՝ նաև գոլ ջուր խմեմ: Բժշկի խոսքով՝ գոլ ջուրը մաքրում է արյունը, լավացնում արյան շրջանառությունը, բարձրացնում իմունիտետը, կարգավորում մարմնի ջերմաստիճանը, մաշկը պահում առողջ ու երիտասարդ:
3. Կանաչ թեյը՝ օրվա պարտադիր բաղկացուցիչ
Չինացիների օրվա կարևոր ու պարտադիր բաղկացուցիչն է կանաչ թեյը: Նրանք հազվադեպ են սուրճ օգտագործում, օրվա մեջ մի քանի անգամ խմում են կանաչ թեյ: Հետաքրքիրն այն է, որ երեկոյան թեյ չեն խմում՝ դա բացատրելով նրանով, որ այն էներգիա է տալիս, առույգացնում է, ինչը կարող է անքնություն առաջացնել: Կանաչ թեյը պատրաստում են բավականին պարզ եղանակով. բաժակի մեջ լցնում են մի փոքր թեյ ու եռացրած ջուր, թողնում են մոտ 10 րոպե, ապա խմում են:
Թեյ խմելու ընթացքում ոչինչ չեն ուտում, չեն օգտագործում ոչ մի տեսակի շաքարավազ, սնունդ ընդունում են թեյ խմելուց 30 րոպե անց միայն, իսկ թեյը խմում են սնունդն ընդունելուց 2 ժամ հետո:
4. Երեխաների դաստիարակությունը հիացմունքի է արժանի
Չինացի երեխաները շատ դաստիարակված են: Նրանք հարգում են մեծերին, մանկուց գիտակցում են ուսման կարևորությունը, ուսումնառության ընթացքում ցուցաբերում են առողջ մրցակցություն: Ես աշխատում էի 4-12 տարեկան երեխաների հետ, որոնց հետ աշխատելն իսկական հաճույք էր. այդ երեխաները հստակ գիտեին՝ ուր են եկել ու ինչի համար:
Նրանք դասի ընթացքում ոչ մի ուրիշ բանով չէին զբաղվում, համակ ուշադրությամբ լսում ու փորձում էին վերարտադրել այն ամենը, ինչ սովորում էին: 5 տարեկան երեխաներն անգլերենի քերականության հետ կապված այնպիսի հարցեր կարող էին տալ, որ նույնիսկ մեծահասակները չեն հարցնում:
Եվ այսպես, ինչպե՞ս են չինացիները ճիշտ դաստիարակում իրենց երեխաներին:
Պատասխանը պարզ է՝ մանկուց երեխաների զբաղվածությունը մեծ է. մանկապարտեզ կամ դպրոց հաճախելուն զուգահեռ՝ նրանք այցելում են նաև լեզվի կենտրոններ, արվեստի դպրոցներ կամ խմբակներ, զբաղվում սպորտի որևէ տեսակով, երեկոյան զբոսնում են ծնողների հետ, մանկուց սովորում վարել առողջ ապրելակերպ:
Այսպիսով, երեխաները մանկուց պատրաստ են լինում մեծ կյանք մտնելուն, մանկուց գիտակցում են կրթության կարևորությունը, ծնողները ոչինչ չեն խնայում երեխաներին լավ կրթության տալու համար, դրա համար Չինաստանն օրեցօր դառնում է ավելի զարգացած, հզոր տնտեսությամբ երկիր, որն ունի անհրաժեշտ բոլոր պայմանները՝ մարդկանց կյանքը մաքսիմալ հարմարավետ դարձնելու համար:
5. Չինացի տղամարդիկ շատ հոգատար են
Չինացի տղամարդիկ շատ հոգատար են իրենց ընտանիքի նկատմամբ: Սկսենք նրանից, որ ավանդաբար կինը հատուկ տեղ ունի չինական մշակույթում: Միևնույն ժամանակ, մինչ օրս շատ մարդիկ կանանց համարում են «թույլ» սեռ, որոնց մասին պետք է հոգ տանի տղամարդը:
Չինարեն սիրել «爱 (ài)» բառն ունի «ինչ-որ մեկի մասին հոգ տանելու» և նրա հետ ողջ կյանքն անցկացնելու իմաստ: Դրա համար Չինաստանում ամուսնալուծությունները շատ ցածր տոկոս են կազմում: Եթե տղամարդը դա ասում է կնոջը, ուրեմն կինը պետք է պատրաստվի ամուսնանալ նրա հետ, քանի որ դա նշանակում է, որ տղամարդը լուրջ է տրամադրված: Հակառակ դեպքում, տղամարդը պարզապես կասի՝ դու ինձ դուր ես գալիս «我 喜欢 你 (wǒ xǐhuan nǐ)», ինչը չի ենթադրում լուրջ հարաբերություններ:
Չինացի տղամարդիկ հոգատար են նաև իրենց ծնողների և երեխաների նկատմամբ: Պարզ օրինակ՝ անգլերենի դպրոց իրենց երեխաներին բերում էին հիմնականում հայրերը, որոնք ոչ միայն սպասում էին մինչև երեխան վերջացնի, այլև հետաքրքրվում էին նրա առաջադիմությամբ, հպարտանում իրենց երեխայով: Այնպես չէ, որ չինացիները չեն աշխատում, դրա համար նման ուշադրություն են ցուցաբերում իրենց երեխաների նկատմամբ: Նրանք աշխատասեր են, բայց միևնույն ժամանակ, չեն խուսափում իրենց մյուս պարտականություններից, ինչպիսին է, օրինակ՝ երեխայի դաստիարակությունը:
6. Չինացիները չեն աղտոտում տեսարժան վայրերը
Չինացիները երբեք չեն աղտոտում իրենց տեսարժան վայրերը, դրանք գտնվում են իդեալական վիճակում: Ցանկացած տեսարժան վայր այցելելիս՝ համեմատում էի հայկական վայրերի հետ, հիշում, թե ինչպես է հայերի մի մասն ալարում իր հետևից մաքրել աղբը կամ ջուր լցնել խորովածից հետո մնացած մոխրի վրա, որը շատ դեպքերում քամու պատճառով բռնկվում ու հրդեհների պատճառ է դառնում:
Չինաստանի բոլոր այն տեսարժան վայրերում, որտեղ հասցրել եմ լինել, կատարյալ մաքրություն էր տիրում, նույնիսկ փոքր թղթի կտոր չկար: Չինացիները բարձր են գնահատում այն, ինչ ունեն, ու հասկանում են, որ տուրիզմը զարգացնելու համար կարևոր է տեսարժան վայրերը պահել մաքուր ու լավ վիճակում:
Լուսանկարները՝ Անի Քեշիշյանի
Ռազմիկ Մարտիրոսյան