«Մայր Մարիան ինձ մոտ է գալիս
Եվ իմաստուն բառեր է ասում.
«Թո՜ղ լինի»:
Բոլոր ժամանակների ամենահայտնի Լիվերպուլյան քառյակը բաժանվում էր… Թողարվեց «Let It Be»ալբոմը, իսկ ալբոմի համանուն երգը դարձավ վերջինը… Վերջինը, որ տղաները ստեղծեցին և կատարեցին միասին:
«Let It Be»-ն մեր ժամանակների ամենահայտնի ու սիրված երգերից է, ու պատճառը բոլորովին այն չէ, որ այն վերջինն էր ու այդքան խորհրդանշական էր… Այն պարզապես երգ էր, որը անկախ ամեն ինչից պետք է գրվեր, հայտնի դառնար, սիրվեր ու գլխավորեր աշխարհի ամենահայտնի երաժշտական չարթերը:
ՄաքՔարթնի թե Լենոն…
Չնայած այն փաստին, որ Ջոն Լենոնը պաշտոնապես համարվում է «Let It Be»-ի համահեղինակ, երգի միակ հեղինակը Փոլ ՄաքՔարթնին է:
Մի օր Փոլը երազ է տեսնում…
«Երբ ես խնդիրներ եմ ունենում,
Ինձ մոտ մայր Մարիան է գալիս»:
Մի օր Փոլը երազում իր մահացած մորն է տեսնում՝ Մարիային, որը, ըստ նրա, եկել էր խաղաղեցնելու Փոլի ներաշխարհը հենց այն ժամանակ, երբ «The Beatles»-ի տղաների հարաբերությունները վատանում էին, և նրանք սկսում էին իրար չհասկանալ: Այս երազից ոգեշնչված Փոլը հասկանում է, որ պետք է փորձի խմբին նոր զարկ տալ ու ևս մեկ երգ նվիրել:
«Երազումս մայրս ինձ ասաց.
«Ամեն ինչ լավ է լինելու»:
Հիմա չեմ կարողանում հստակ հիշել՝ մայրս «let it be» ասաց, թե ոչ, բայց մի բան հստակ գիտեմ. նա ուզում էր համոզել, որ չհուսահատվեմ և այդքան չմտածեմ… Եվ, որ ի վերջո, ամեն ինչ լավ էր լինելու: Այդ երազն ինձ համար այնքան հաճելի էր, որ հենց արթնացա, զգացի, որ երջանիկ եմ, ԵՐՋԱՆԻ՜Կ… Ես մորս տեսնելու ևս մեկ հնարավորություն էի ստացել: Սկսեցի գրել, ու մտքումս միանգամից հայտնվեցին «մայր Մարիա» և «երբ ես խնդիրներ ունեմ» տողերը: Այս ժամանակ ես իսկապես խնդիրներ ունեի»,- հիշում է ՄաքՔարթնին:
Իսկ մարդիկ կարծում են, որ…
Փոլն իր երգում ոչ թե իր մոր, այլ Մարիամ Աստվածածնի մասին է խոսում: ՄաքՔարթնին այս մասին ասում է.
«Դուք կարող եք ընկալել այս երգն այնպես, ինչպես ուզում եք: Կարող եք լսել ու զգալ այն այնպես, ինչպես կլսեք ու կզգաք քրիստոնեական կոնստեքստ ունեցող երգերը: Ավելին… Ես նույնիսկ ուրախ եմ, որ «let it be»-ն ավելի է ամրացնում մարդկանց հավատը: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում և իսկապես շատ ուրախ եմ, որ մարդիկ հավատում են… Ու կապ չունի՝ ում են նրանք երկրպագում… Կարևորը հավատ ունենալն է»:
Լենոնն այս գործն այդպես էլ տանել չկարողացավ…
«Նրանք կարող են բաժանվել,
Բայց նորից հանդիպելը միշտ հնարավոր է,
Պատասխանը մեկն է՝ «Թող լինի»:
««Let it be»-ն ամբողջովին Փոլի ոճի մեջ է: Երգը բացարձակապես կապ չունի «The Beatles»-ի հետ: Կարծում եմ՝ այս գործը գրելիս Փոլը ոգեշնչվել է «Simon and Garfunkel» խմբի «Bridge over Troubled Water» երգով»– ասել է Լենոնը:
Իսկ իրականում…
«Bridge over Troubled Water» ստեղծագործությունը գրվել է Փոլի «Let it be»-ից շատ ավելի ուշ:
Չսիրեց Լենոնը, սիրեցին բոլորը՜…
Փոլի «Let it be»-ն կարողացավ գլխավորել «Billboard Hot 100» երաժշտական չարթը, հայտնվել «Rolling Stone» ամսագրի բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկի 20-րդ հորիզոնականում, արժանանալ «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների: