Հարգելի ընթերցող, շարունակում ենք դիվանագիտական արվեստի և տեխնիկայի վերաբերյալ մեր հոդվածաշարը: Նոր տպագրվող նյութերում մենք որոշ չափով կանդրադառնանք քննարկվող թեմայի հոգեբանական ասպեկտներին` դրանք վերլուծելով տեսական և պրակտիկ տեսանկյունից:
Եթե չկա էմպատիա` զրույցն անօգուտ է
Հաղորդակցության բոլոր ձևերի, հատկապես զրույցի հաջողությունն առաջին հերթին պայմանավորված է դրանցում էմպատիայի առկայությամբ: Էմպատիան իդենտիֆիկացիայի` նույնացման հատուկ ձև է: Այս տերմինը գիտական շրջանառության մեջ է մտցրել Զիգմունդ Ֆրեյդը: Էմպատիայի օգնությամբ անվանի հոգեբանը նկարագրում է մարդու` իրեն ուրիշի տեղը դնելու և նրա ապրումները կիսելու հատկությունը: Այն կարելի է անվանել նաև շրջապատին ապրումակցելու ունակություն: Ֆրեյդի աշակերտ պսիխոանալիտիկ` հոգեվերլուծաբան Ալֆրեդ Յունգը այն անվանել է «ուրիշին զգալու ունակություն» («fellow feeling»): Խոսքը միայն զրույցի մասին չէ: Մարդկային հաղորդակցությունը, նրանց փոխգործողությունները ամբողջովին պայմանավորվում են ապրումակցումով: Փիլիսոփա Սալվադոր Վ. Դիդատոն գտնում է, որ «ապրումակցումը շրջապատի մարդկանց նկատմամբ հոգատարության, հետաքրքրություն ցուցաբերելու տարատեսակ է»: Նրա կարծիքով՝ այս հատկությունը` նմանակելով մեծերին, մարդիկ ձեռք են բերում վաղ մանկության հասակում: Տարիքի հետ էմպատիայի աստիճանական զարգացումը փաստում է նաև Էրիկ Էրիկսոնը, երբ ասում է. «Հենց որ ձեր մոտ ձևավորվում է պարզորոշ և հստակ պատկերացում անձամբ ձեր մասին, դուք արդեն պատրաստ եք փոխկապակցվելու այլ մարդկանց հետ»:
Էմպատիան ծագում է հունարեն «pathos» բառից, որը նշանակում է տառապանքի հասնող ուժեղ, խորը զգացում, իսկ «em» նախածանցը` ուղղվածություն դեպի անձի ներաշխարհը: Էմպատիայի մեխանիզմը սկսում է գործել այն ժամանակ, երբ անհատը թափանցելով ուրիշի զգացմունքների մեջ՝ կարծես թե միաձուլվում, տարրալուծվում է դրանցում: Տեղի է ունենում անձերի հաղորդակցություն, փոխազդեցություն, փոխներգործություն, մեկի պրոյեկտումը` տեղակայումը մյուսի հետ, որի հետևանքով մարդիկ հասնում են փոխըմբռնման: Հոգեբանները էմպատիան բնորոշում են որպես հոգեբանական բարդ և մի փոքր առեղծվածային երևույթ։
Ավստրիացի նշանավոր հոգեբան Ալֆրեդ Ադլերը էմպատիան համարում է մարդկանց փոխհարաբերությունների անհրաժեշտ պայման: «Էմպատիան առաջանում է մարդկային մի էակի` մյուսի հետ խոսակցության ժամանակ: Անհնար է հասկանալ զրուցակցին՝ առանց նրա հետ նույնանալու: Երբ մենք փորձում ենք պարզել, թե որտեղից է առաջանում բոլորովին այլ մարդու նման գործելու և զգալու ունակությունը, հայտնաբերում ենք, որ նման հատկությունը բացատրվում է ընդհանրության բնածին զգացմունքի առկայությամբ: Հասկանալի է, որ դա տիեզերական զգացողություն է, մեր կապի արտացոլումը ողջ աշխարհակառուցվածքի հետ, դա մարդկային ցեղի պատկանելության անքակտելիությունն է»:
Ըստ ամերիկյան հոգեբան և հոգեբույժ Կարլ Ռոջերսի, էմպատիան այլոց զգացմունքները ճիշտ ընկալելու, դրանք կիսելու, հասկանալու և ընդունելու հատկություն է, անգամ՝ եթե դու համաձայն չես նրանց հետ և կյանքի ու երևույթների նկատմամբ ունես տարբեր սկզբունքներ, մոտեցում և վարվելակերպ: Էմպատիայի մեխանիզմը կիրառելով պրակտիկ հոգեբուժության մեջ` Ռոջերսը անցյալ դարի 60-ականներին հասավ շլացուցիչ հաջողության: Նրա մեթոդը իր նշանակությամբ հոգեբուժության մեջ համարվում է հոգեվերլուծությունից հետո երկրորդը:
«Հասկացիր ինձ», «մտիր դրությանս մեջ», այս և նման առօրեական արտահայտություններն արտաբերելիս՝ մենք մեզ հաշիվ չենք տալիս, որ այդ պարզունակ մտքերի վրա է հենված հաղորդակցության բանալին: Բանակցել՝ նշանակում է համոզել, իսկ համոզելու համար պետք է ունենալ ադեկվատ` համապատասխան մոտեցում: «Եթե ցանկանում ես համոզել ինչ-որ բանում, անհրաժեշտ է հաշվի նստել այն մարդու հետ, որին ուզում ես համոզել»,- ասել է Պասկալը: Իսկ դիալեկտիկայի հայր Սոկրատը կյանքի վերջում հայտարարելով, որ իր դավանած պոստուլատն այն մասին, թե կյանքում ամեն ինչ կարելի է ըմբռնել բանականությամբ` ճիշտ չէ, բացականչել է. «Հասկանալ, որ ուրիշը` դա դու ես»:
Դեռևս Քրիստոսի ծնունդից էլ առաջ աշխարհի լավագույն ուղեղները, այդ թվում՝ Զարատուստրայի հետնորդները Պարսկաստանում, Կոնֆուցիայի, Բուդդիզմի, Դաոսիզմի կողմնակիցները հազարամյակներ շարունակ ուսումնասիրել են մարդկային հաղորդակցության արվեստը, և միայն Հիսուսն է այն ամփոփել մեկ նախադասության մեջ. «Ամեն ինչում մարդկանց վերաբերվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ նրանք վերաբերվեն քեզ»: 20-րդ դարի տաղանդավոր գործարարներից մեկը` Հենրի Ֆորդը, իր իմպերիայի առաջընթացը փաստորեն պայմանավորում է մարդկային հարաբերություններում էմպատիայի առկայությամբ. «Հաջողության միակ գաղտնիքը,- ասում է նա,- կայանում է ուրիշի տեսակետը հասկանալու, խնդիրը ոչ միայն քո, այլև նրա դիրքերից տեսնելու մեջ»: Ընդ որում, շատ կարևոր է, կարողանալ հաղորդակցության ընթացքում հնարավորինս լինել զրուցակցի «կողմից», ինչ-որ մի տեղ մոռանալ ինքդ` քեզ, ժամանակավորապես անտեսել քո հետաքրքրությունները: Մեջբերենք ֆրանսիացի գրող, մարդկային հոգեբանության նուրբ գիտակ Անդրե Մորուայի խոսքերն այն մասին, որ «եթե մենք ուզում ենք, որ մեզ սիրեն, անհրաժեշտ է ուրիշների հետ խոսել ոչ թե այն մասին, թե ինչն է մեզ հետաքրքրում, այլ այն մասին, թե ինչն է նրանց հետաքրքրում»:
Հուզական ինտելեկտի տեսության հիմնադիր Դէնիել Գոուլմանը եկել է այն եզրակացության, որ մարդկանց հետ շփվելիս, հաջողության հասնելու համար ձեր էմպատիայի օգտակար գործողության գործակիցը` EQ-ն, պակաս կարևոր չէ, քան ձեր ինտելեկտի օգտակար գործողության գործակիցը` IQ-ն: Էմպատիան նա համարում է զրուցակցի խոսքերին զգայուն և ուշադիր վերաբերվելու հատկություն, դրանց իմաստը իսկապես հասկանալու կարողություն ու ցանկություն: Սակայն շատ կարևոր է էմպատիան տարբերել կարեկցանքից և բարյացակամությունից: Լինելով հաղորդակցության ֆենոմեն, սրանք միանգամայն տարբեր կատեգորիաներ են: Իրոք, երբ դուք կարեկցում եք մարդուն, ապա նրա նկատմամբ տածում եք խղճահարություն: Երբ բարյացակամ եք` մաղթում եք նրան հաջողություն: Բայց դա ձեր զգացմունքն է: Դուք չգիտեք, թե նա ինչ է զգում, չեք ձգտում դա հասկանալ, այլ պարզապես վշտանում եք, որ նա իրեն վատ է զգում, ցանկանում եք, որ նա դուրս գա այդ վիճակից: Մինչդեռ էմպատիայի դեպքում դուք ոչ թե կարեկցում և համակրում եք նրան, այլ կարծես թե «մտնում եք» նրա ոգու և զգացմունքների մեջ, նրա «մաշկի» տակ, ձեզ դնում եք նրա տեղը:
Նախագահական ընտրություններից առաջ հրատարակած իր «Հույսի հանդգնություն: Խոհեր ամերիկյան երազանքի վերածննդի մասին» գրքում Բարաք Օբաման հատուկ տեղ է հատկացնում մարդկային հաղորդակցությունում փոխգործակցության ֆենոմենին: «Դա (փոխգործակցությունը.- Ա.Ն.) իմ բարոյական կոդեքսի անկյունաքարն է,- գրում է նա,- ես հենց այսպես եմ հասկանում «ոսկյա օրենքը»: Ոչ միայն խղճահարություն և կարեկցանք, այլ մեկ այլ ավելի խորը բան` ուրիշի դրության մեջ մտնելու, նրա տեսակետը հասկանալու կարողություն»: Այդ սկզբունքը Օբաման տարածում է կյանքի բոլոր ոլորտների վրա: Նա փորձում է հասկանալ անգամ իր քաղաքական հակառակորդի տեսակետը: Համաձայն չլինելով Ջորջ Բուշի արտաքին քաղաքականության և դիվանագիտական քայլերի հետ, նա ասում է. «Ես ինքս անպայման պետք է փորձեմ ջանալ աշխարհին նայել Ջորջ Բուշի աչքերով, չնայած շատ հարցերում նրա հետ բացարձակ համաձայն չեմ»: Հետաքրքիր է տեսնել, որ Բարաք Օբաման էմպատիայի այս դասական օրինակը աշխատում է դնել գործնական հարթության վրա. «Անշուշտ, փոխհասկացողության զգացմունքը դեռ ամենը չէ: Չէ՞ որ մեծ հաշվով խոսքերը ինքնին ոչինչ չեն նշանակում: Ինչպես ամեն մի արժեք, այնպես էլ փոխգործակցությունը առաջին հերթին ապացուցվում է գործով»,- հայտարարում է Օբաման:
…Էմպատիայի երևույթը ներկայումս ակտիվ ուսումնասիրվում է պրակտիկ դիվանագիտության տեսանկյունից, մինչդեռ այն ուղեկցել է մարդկանց` նրանց հարաբերությունների զարգացման ողջ ընթացքում: Երբ Արիստոտելը խոսում էր զրուցակցի բարեհաճությունը շահելու մասին, նա, փաստորեն, նկատի ուներ այն` ինչը հետագայում անվանվեց էմպատիա: Էմպատիան սերտորեն կապված է դիվանագիտական զրույցի, բանակցային դիվանագիտության և ընդհանրապես դիվանագետի գործունեության հետ: Պրոֆեսիոնալ դիվանագետները, որոնք ճնշող մեծամասնությամբ անթերի կրթված և լայն զարգացման տեր անձինք են, շատ լավ գիտեն այս ամենը և հաջողության հասնելու նպատակով հնարավորինս ձգտում են հաշվի առնել դիմացինի տեսակետը, իրադրությանը և իրադարձություններին նայել նաև նրա տեսանկյունից, նրա աչքերով: Շփումը արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, եթե դուք հրաժարվում եք առաջնորդվել միայն ձեր սկզբունքներով: Աշխատում եք զրուցակցին ցույց տալ, որ նրա մտքերը և զգացմունքները ձեզ համար նորություն են, հետաքրքիր են, անգամ` իմաստալից: Հետո արդեն ձեր մտքերը ձևակերպում եք այն հաշվով, որ նրանից լսեք այն, ինչը կուզեիք լսել:
Տեխնիկական մի հարցի կապակցությամբ Կենտրոնի թույլատրությունը ստանալու համար ինձ հանձնարարվեց կազմել կարճ հեռագիր: Մեծ Բրիտանիայում ԽՍՀՄ դեսպան Նիկոլայ Լունկովը գրեթե ամբողջովին փոխեց տեքստը, հետո տեսնելով շփոթվածությունս, մեղմ տոնով նկատեց. «գրեք այնպես, որ ձեր ցանկացածը ստանաք պատասխան հեռագրում: Դրանում է դիվանագետի վարպետությունը»:
Հեղինակի անձնական արխիվից
Զրույցի ընթացքում եղեք պարզ, անպաճույճ` խոսքով ու պահվածքով: Երբեք մի «կոտրատվեք», և Աստված մի արասցե, որ դուք սեթևեթեք: Հիշեք, որ հաջողության հիմնական գրավականներից մեկը անկեղծությունն է, մեկ էլ այն, որ դուք երբեք ձեզ չհամարեք զրուցակցից ավելի խելացի ու փորձառու: Եթե այս ամենի կողքին կարողանաք հնարավորինս հաշվի նստել զրուցակցի տեսակետի հետ, ապա փոխըմբռնման հասնելու հավանականությունը խիստ կմեծանա: Սակայն դիվանագետի պրակտիկ գործունեությունում մեկմեկու լսելու, միմյանց հասկանալու, հարգելու և, վերջապես, փոխհամաձայնության հասնելու պրոցեսը շատ ավելի բարդ է և դժվարամատչելի, քան այն տեսության սահմաններում է: Ուստիև պահանջում է հոգեբանական մի շարք պատնեշների և քաղաքական-գաղափարախոսական մտածելակերպի ստերեոտիպերի` կարծրատիպերի շրջանցում, որը բարդ է, երբեմն՝ անհեռանկարային: Հավանաբար դա նկատելի ունենալով է, որ անգլիացի անվանի դիվանագետ, տեսաբան Հարոլդ Նիկոլսոնը, որի «Դիվանագիտություն» մենագրությամբ դաստիարակվել են դիվանագետների սերունդներ, էմպատիայի փոխարեն օգտագործում է «հարմարվել» բայը: Սակայն անգլերենում հարմարվել` to adapt, և հարմարվածություն` adaptation, հայերենի դեպքում, իմ կարծիքով, կրում է մի փոքր այլ` բացասական նյուանս: Նույնն է ռուսերենի դեպքում` պրիսպոսոբլյատ, պրիսպոսոբլենիե: Կարծում եմ՝ հազիվ թե Հայաստանի կամ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները հանձինս իրենց դեսպանների՝ կցանկանային տեսնել այլ պետությունների քաղաքական գծի հետ հեզորեն հարմարվող դիվանագետների: Չմոռանանք, որ հարմարվողականության բարձրագույն աստիճանը կոմֆորմիզմն է, որը դիվանագիտության մեջ հավասարազոր է իր երկրի շահերի անտեսման` ի օգուտ դեսպանընկալ երկրի շահերի: Սա արդեն անհարիր է դիվանագիտության օրենքների ոգուն և տառին, իսկ առանձին դեպքերում, նույնիսկ, կարող է սահմանակցել պետական դավաճանության հետ:
Դիվանագետի արժեքը կայանում է նրանում, որպեսզի նա կարողանա ճիշտ կողմնորոշվել էմպատիայի և հարմարվողականության միջև: Կարող է պարադոքս թվալ այն, որ էմպատիան` համարելով զրույցի անքակտելի պայման, մենք հիմա խոսում ենք նրա «վտանգավորության» մասին: Բայց դա այդպես է: Նրա հետ պետք է պարզապես զգույշ վարվել: Էմպատիա-հարմարվողականություն, էմպատիա-կարեկցանք հավասարակշռության խախտումը կարող է ունենալ անցանկալի հետևանքներ: Էմպատիայի մեխանիզմը ճիշտ կարող է օգտագործել այն դեսպանը, որն ունի բանակցային մեծ փորձ և վերլուծական ունակություններ, լրիվ տիրապետում է թեմային, վայելում է հավատարմագրած երկրի ղեկավարության հարգանքը և իր նախարարի անվերապահ վստահությունը: Եվ, ընդհակառակը, դեսպանն ի վնաս իր երկրի շահերի` կարող է հարմարվել տեղի պայմաններին, եթե նա զուրկ է նշված բարեմասնություններից: Այս դեպքում արդեն էմպատիան աշխատում է դիվանագետի դեմ. նա կորցնում է իրողությունն օբյեկտիվ գնահատելու կարողությունը, վարդագույն ակնոցներով է նայում դեսպանընկալ երկրի իրականությանը, հետո, աստիճանաբար, տեղական հետաքրքրությունները վեր է դասում սեփական երկրի հետաքրքրություններից: Հատուկ ծառայությունները լավ իմանալով այս ամենը՝ փորձում են դիվանագետներին ներքաշել իրենց ցանցը: Պատմությանը հայտնի են նման դեպքեր, երբ այս և ուրիշ նախադրյալների համադրության դեպքում դիվանագետներ, անգամ դեսպաններ են հավաքագրվել այդ ծառայությունների կողմից: (Սա այլ թեմա է, որին մենք առանձին կանդրադառնանք):
Շարունակելի
14/10/2009