Հայ ռազմագերի Սմբատ Բադալյանցի թոռը՝ Բորիս Համբարձումյանը, 101 տարի անց է միայն բացահայտել, որ պապը ռազմագերի է եղել։ Այդ մասին 24TV-ի հետ զրույցում Հայրենիքից հեռու, հայրենիքում․ հայ ռազմիկների ճակատագիրն առաջին աշխարհամարտում ժամանակավոր ցուցադրության բացման ժամանակ պատմեց Բորիս Համբարձումյանը։
Ռազմագերու թոռը շնորհակալություն է հայտնում ավստրիացի հայագետ, դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտին, ում հետազոտությունների շնորհիվ է տեղեկություններ հայթայթել պապիկի մասին։ «2016-ի հոկտեմբերին Յասմինը եկավ մեր տուն, 100 տարի անց իմ պապը կարծես ներկայացավ ինձ։ Չէինք իմանում, որ գերի է եղել։ 37 տարեկանում գնացել է պատերազմ։ Գրագետ է եղել՝ ռուսերեն, հայերեն գրել է իմացել։ Նամակ է գրել՝ գալիս եմ, բայց այդպես էլ տուն չի հասել»,- պատմում է Բորիս Համբարձումյանը։
Ըստ նրա՝ այդպես էլ ոչ մի տեղեկություն չի եղել պապի մասին։ Եվ միայն 101 տարի անց ավստրիացի պրոֆեսորի հետազոտությւոնների շնորհիվ են բացահայտել, որ պապը ռազմագերի է եղել։ Ավստրիացի հայագետը Առաջին աշխարհամարտի տարիներին հայ ռազմիկների կյանքին ու ճակատագրին նվիրված հետազոտական նախագիծ է իրականացրել։
«Պրոֆեսորը Վիեննայի արխիվի ղեկավարին հարցրել է հայերի մասին ի՞նչ տեղեկություններ ունեն։ Արխիվի ղեկավարն ասել է՝ Ցարական Ռուսաստանի բանակի արխիվ կա՝ Совершенно секретно, բայց ձեզ համար ի՞նչ սեկրետ։ Արխիվն ուսումնասիրել ու պարզել է, որ 5000 ռազմագերուց 191-ը հայ է եղել»,- պատմում է Բորիս Համբարձումյանը։
Այս հետազոտության շնորհիվ 101 տարի անց նա առաջին անգամ տեսել է պապիկի լուսանկարը։ Ասում է՝ պապուց հիշատակ այս մի նկարն է, թվային դարաշրջանում լուսանկարում ռազմագերի պապին հագուստ են հագցրել։ Խոստովանում է՝ չի ուզում պապին որպես գերի հիշել։ Լուսանկարը բազմացրել է ու ուղարկել աշխարհասփյուռ հարազատներին։