Հայաստանի պատմության թանգարանը նշում է հիմնադրման 100-ամյակը:
Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի որոշումով` 1919 թ. սեպտեմբերի 9-ին ստեղծվեց Հայաստանի պատմության թանգարանը, որն արդեն մեկ դար շարունակ այցելուներին ներկայացնում է հայ ժողովրդի պատմության և մշակույթի արժեքները:
Թանգարանի հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց գիտաժողովի հանդիսավոր նիստով, որին մասնակցեցին արտերկրի հեղինակավոր թանգարանների ներկայացուցիչներ:
«Շատ դժվար է գերագնահատել Պատմության թանգարանի նշանակությունը անցած 100 տարիների ընթացքում: Պատմության թանգարանը հիշողություն կրող այն հաստատությունն է, որի դերը շատ մեծ է մեր պետության, նաև պետության կայացման մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը՝ հավելելով, որ առաջիկայում Հայաստանի Պատմության թանգարանն այցելուներին կներկայանա նոր ցուցահանդեսներով:
Ռուսաստանի պատմության թանգարանի փոխտնօրեն Անդրեյ Յանկովսկին նշեց, որ նման հաստատության համար 100 տարին պատկառելի թիվ է, սակայն Հայաստանի նման հին երկրի համար շատ երիտասարդ տարիք է:
«Եթե խոսքը մարդու կյանքի մասին է, ապա 100 տարին շատ է, սակայն Հայաստանի համար այս տարեթիվը բացարձակ զարմանալի չէ: Պետական կառույցի համար սա պատկառելի տարիք է, բայց Հայաստանի նման հին երկրի համար սա ակնթարթ է, նույնիսկ երիտասարդություն»,- նշեց Յանկովսկին:
Հայաստանի պատմության թանգարանի հոբելյանը տեսակապով շնորհավորեց նաև Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Պիոտրովսկին ընդգծեց թանգարանների միջև բարեկամական և գործընկերային սերտ կապը և այն խորացնելուն միտված քայլերի կարևորությունը:
Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտաժողովի հանդիսավոր նիստին մասնակցեցին Պետական Էրմիտաժի, Լուվրի, Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի, Ռուսաստանի պատմության թանգարանի, Առլի հնությունների թանգարանի, Ռոսֆոտո թանգարան-ցուցահանդեսային կենտրոնի ներկայացուցիչները, պատմաբաններ, հնագետներ, թանգարանագետներ և արվեստաբաններ Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից և հայաստանյան տարբեր հաստատություններից: Նիստի ընթացքում թանգարանի հանրահռչակման գործում մեծ ավանդ ունեցած անձանց և թանգարանի վաստակաշատ աշխատակիցներին հանձնվեցին հոբելյանական հուշամեդալներ: