Նա երկրագունդը գլորեց որպես մանկական խաղագնդակ
Advertisement 1000 x 90

Նա երկրագունդը գլորեց որպես մանկական խաղագնդակ

-Հը, հը, գը ըըը… անհոդաբաշխ ինչ-որ բան բարձր ասաց, և հոմերյան քրքիջ արձակեց անթրաշ, անխնամ հագնված տղան ու կանգնեց Հենրիկ Էդոյանի և իմ արանքում։

Փոքր-ինչ հեռու մայթին խռնված ջահելների խումբը, հավանորեն ուսանողներ, բոլորը լիաձայն ծիծաղեցին` շրջվելով մեր կողմը, ապա, նույնպիսի համերաշխությամբ հայացքները հառեցին շենքի ճակատին փակցված ալ կարմիր մեծ ցուցանակին՝ ՀՀԳ։ Հետո, օրեր անց, հետաքրքրությունից մոտեցա, կարդացի հապավումը մանրատառերով «բացահայտող» բառերը` Հայաստանի Հեռագրական Գործակալություն։ Դա Իսահակյան 28 մամուլի շենքն էր, որտեղ, համալսարանն ավարտելուց հետո, կյանքիս տասը տարիները պիտի անցնեին…

– Ծանոթացեք, ասաց Հենրիկը, – և ներողություն խնդրեց, հեռացավ։

– Սլավիկ, – անփույթ մեկնեց ձեռքը, – ապա` մի տեսակ գործնական, – փող ունես, գնանք խմենք։

Այդպես, համալսարանի մի քանի օրվա ուսանողս, ծանոթացա համալսարանի ֆրանսիական բաժինն ավարտող, երևի թե Երևանի թիվ 1 բոհեմի տղայի` բանաստեղծ ու թարգմանիչ Սլավիկ Չիլոյանի հետ, ում մտերիմները պարզապես Չիլո էին ասում։ Վաղուց լեգենդար դարձած Չիլոն…

Ճակատագրով օրհնված պահ էր. մենք պիտի մտերմանայինք, որ շարունակ հաղորդվեի գրականության ու արվեստի, կյանքի ու ոչ կյանքի մասին բոլորից զատվող նրա ինքնօրինակ, չափազանց հետաքրքիր խոկումներին։ Ես էլ իսկական ընկերոջ պես զորավիգ լինեի նրան` իր բուռն, դրամատիկ դեպքերով լեցուն կարճատև կյանքում։ Շատ անգամներ ուղղակի փրկեի կործանումից։ Տարիներ հետո էլ իմ գրած սցենարով ֆիլմ նկարահանվեր` «Չիլո» խորագրով…

Օրիգինալ, ոչ մեկին չնմանվող, բացառիկ տաղանդով օժտված, անտեր-անտիրական, տարիքով էլ ինձնից ավագ տղային գնահատեցի ու սիրեցի անչափ։ Լենինականցի էր, որդեգրվել էր ու կրկին որբացել. միակ հարազատը, որ ուներ աշխարհում, Ազատան գյուղում ապրող արդեն տարեց կույր մորաքույրն էր։ Ի՜նչ խանդաղատանքով էր խոսում նրա մասին, որ էդ հալին իր համար շորեր է կարում. և հպարտությամբ ցույց էր տալիս տարագույն կտորներից ձևած շապիկը…

Ամեն Աստծո օր, գրեթե ամեն օր, հանդիպում էինք. համալսարանում, սրճարաններում` «Դերասան», «Միջանցահովիկ», «Կազիրյոկ», «Էստոնիա» (խմելու հիմնական տեղը) և, իհարկե` «Առագաստ», որը տարիներ անց պիտի դառնար նրա դրամատիկ վախճանի վայրը…

Տրվելով ամենօրյա անկանոն ու անկազմակերպ, հախուռն կյանքին, չէր մոռանում գրել ու թարգմանել։ Բանաստեղծությունները գրում էր հիմնականում խմած վիճակում. դրանք անհետ կկորչեին, եթե չփրկեինք մենք, նրա ընկերները` դերասան Ազատ Գասպարյանը, պոետ Դավիթ Հովհաննեսը, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանը, Հենրիկը, ես, էլի մի երկուսը` նրան գնահատող ազնիվ տղերք։ Իսկ ահա թարգմանություններին ձեռք էր զարկում սթափ վիճակում։ Հիմնականը ֆրանսիական «Ռոլանդի երգը» էպոսն էր։ «Իմ գլուխգործոցը»` ասում էր գոհությամբ, որը կորսվելու և ամբողջական չտպագրվելու բախտն ունեցավ… Բնագրից թարգմանեց նաև ճակատագրով հարազատ Բորիս Վիանի բանաստեղծությունները, Ժան Ռասինի «Եսթեր» պիեսը։ Եվ իր պաշտելի պոետ և երգիչ Ժակ Բրելի գործերը, ում բարեբաստիկ հնարավորություն ունեցավ հանդիպելու և զրուցելու նրա երևանյան հյուրախաղերի օրերին։ Սիրում էր նաև Շառլ Ազնաուրին, ում «Իզաբելը» պարզապես սքանչելի է թարգմանել։ Այս առնչությամբ հետաքրքիր եմ համարում Շառլի կարծիքին ձեզ ծանոթացնել։ Երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով երբ առաջին անգամ Հայաստան եկավ, հարցազրույցի ժամանակ «Իզաբելը» կարդացի մեծ շանսոնիեին (ասես հոգու պարտք`վաղամեռիկ ընկերոջս) ։ Երգիչը համակ լսում էր, և երբ ավարտեցի, տեսնել էր պետք պայծառսցած դեմքը… Խնդրեց կրկնել։

«Ինչպես մատն է անցնում կեղև-ծառի միջով,

Սերն այնպե՜ս թափանցեց, անցավ մաշկիս տակ… Եվ այլն։

Անչափ տխրեց, առանց այն էլ ավեր քաղաքից տխրած նշանավոր հայորդին։ Ի դեպ, այս ամենի մասին գրել եմ իմ հեղինակած «Օթյակ» գրքում։

Չիլոյի գրածներին ու անձին հիմնական տիրություն անողը սակայն, նրա սիրած աղջիկն էր` Ժասմենը, նրա մեծ սերը։ Գեղանի, պարկեշտ մի օրիորդ մեր ֆրանսիականից։ Եվ պահապան հրեշտակը… Մարդիկ ասում էին` եթե այդ օրը Ժասմենը նրա կողքին լիներ «Պապլավոկ» -ում, ինչքան էլ խմած, Չիլոն չէր տապալվի… Նոյեմբերյան այդ թխպոտ օրը ճոճվել ու պատից գլխիվայր ընկել էր բետոնե հատակին… Բոհեմի բանաստեղծ տղային սրճարանից էլ հուղարկավորեցինք Նուբարաշենի գերեզմանոց. համալսարանի ստրկամիտ ղեկավարները թույլ չտվեցին իրենց տաղանդավոր սանին վերջին հրաժեշտը տայինք համալսարանից…

Հիրավի, Սլավիկ Չիլոյանը «անիծյալ պոետների» տեսակից էր` ոչ ոքի չենթարկվող, ոչ մի կանոնի մեջ տեղավորվող։ Նա կյանքն ապրում էր` ասես հասարակ տրված ընծա, ու կարծես ինքն ընկել էր իր հետևից…

Լա՜վ է ասում նրա հետ չշփված երիտասարդ բանաստեղծը. տեսնողը չհավատաց նրան, հավատալու էր նա` ով չէր տեսել, որովհետև ժամանակը կուզիկ էր ու կաղ… Չիլոն փողոցի համար չէր ծնվել, բայց փողոցի հմայքն էր ու փողոցի ազատությունը… Նա երկրագունդը գլորեց որպես մանկական խաղագնդակ, ասաց` մեծ ու զարհուրելի չէ այնքան, խաղալուց հետո կարող ես դնել թևիդ տակ ու քայլես դեպի Ծիր Կաթին… Նա բացարձակ Սեր էր, բացարձակ Խիղճ էր, բացարձակ Մարդ էր, այն քարն էր, որ նետեցինք ծովը և հետո սկսեցինք ջրասույզ լինելով որոնել իբրև թալիսման…

Նրան երեք անգամ դատապարտեցին կենցաղային մանրիկ զանցանքների համար և երեք դեպքում էլ խուլիգանության հոդվածով։ Ու ծիծաղում էր Չիլոն այդ մարդկանց, աշխարհի վրա…

Ազնիվ, աչքը կուշտ մարդ էր Սլավիկը, խմելու համար ծանոթից ու անծանոթից նույնիսկ փող կուզեր, բայց եթե հայտնվեր ոսկու սարի կամ փողի դեզի մոտ, մատով անգամ չէր հպվի. իմը չէ` ասում էր։ Փող ուզել-պոկելու գաղտնախոսք էր հորինել` «Թուրը քաշեմ, որը մենք` ընկերները գիտեինք։ Գարեջրին էլ Չիլոմիցին էր ասում։ Եվ ի՜նչ խղճով էր, թույլին, ընկածին ձեռք մեկնող… Ահռելի ուժի տեր, առնական, գեղեցիկ գլուխը, սևորակ, մեծ ու խոհուն աչքերը. աղջիկների սրտակեր…

Համալսարանի մի տխմար միջոցառմանը շռինդով ներս մտավ լեփ-լեցուն հանդիսասրահ. ռեկտորը ճիշտ գնահատեց պահը, թույլ տվեց մոտենա ամբիոնին։ Քար լռություն տիրեց։ Չիլոն զննեց դահլիճը մի պահ ու անսովոր բարձր.

– Տաքսով էկավ, տաքսով գնաց Սայաթ Նովեն…

Ու՜ ու ու. ասես բքան ձայն` միալար արձագանքեցին նստածները։ Հաջորդ պահին արդեն Չիլոյանից մի ակնթարթ պահանջվեց, որ «հավաքի» դահլիճը։ Եվ իր բարեհունչ բարիտոնով, արտիստիկ կարդաց իր գլուխգործոցներից մեկը` «Հոգեհանգիստ» բանաստեղծությունը.

Ճերմակ ձյունին փաթիլ-փաթիլ հոգեհանգիստ…

Զոհաբերվողի ճակատագրին ընդառաջ գնացող պոետն ասում էր` մարդը մեղք է, որ բառով է խոսում միշտ.

Օրինակ` ես,
Սլավիկ բոլ չի,
Չիլոյանն էլ հետևից։
Մի տեսնես թե
Աստված,
Ովքեր են դրանք…

Հակոբ Մարտունի