Երբ և ինչպես դադարեցնել կրծքով կերակրումը
Advertisement 1000 x 90

Երբ և ինչպես դադարեցնել կրծքով կերակրումը

Անկասկած մայրական կաթը նորածնի համար լավագույն սնունդն է, որն ընդունակ է ոչ միայն լիովին բավարարել երեխայի քաղցի պահանջը, այլև պաշտպանել նրան հիվանդություններից: Այն մասին, թե երբ է անհրաժեշտ դադարեցնել կրծքով կերակրումը, կարծիքները բազմանշանակ են: Պետք է հետևել համընդհանուր կարծիքին:

Այդպես, մինչև 4-6 ամսական նորածնին խորհուրդ է տրվում կերակրել միայն կրծքի կաթով: Լակտացիան դադարեցնում են 9 ամսականից մինչև 1.5 տարեկանը: Կրծքով երկարատև կերակրելիս կաթը չի կորցնում իր օգտակարությունը, պաշտպանական և հակաինֆեկցիոն հատկությունները: Կաթի բաղադրության մեջ մտնում են գլխուղեղի զարգացումը խթանող նյութեր, և ֆերմենտներ, որոնք նպաստում են նյութափոխանակությանը: Բացի այդ, կրծքով կերակրելու գործընթացն ինքնին լրացնում է մոր և երեխայի ֆիզիկական և հոգեբանական շփումը:

Եթե կրծքով կերակրման դադարեցումը տեղի է ունենում հավելյալ սնունդի աստիճանական ավելացմանը զուգահեռ, ապա երեխայի համար հեշտ է լինում: 10 ամսականում փոքրիկն արդեն երեք անգամ սնունդ է ստանում և երկու անգամ՝ կրծքի կաթ (սովորաբար առավոտյան և երեկոյան ժամերին): Այս ռեժիմը կարելի է պահպանել մինչև 1, 1.5 տարեկան:

Կրծքով կերակրումից առաջ կարելի է փոքրիկին 50 գ խառնուրդ տալ (մինչև 8 ամսական) կամ մանկական կեֆիր (8-9 ամսականից մեծ), հետո միայն դնել կրծքին և կերակրել:

Հավելյալ սնունդը կարելի է սովորեցնել ուտել գդալից, այլ ոչ թե շշից: Հաջորդող օրերին ավելացրեք հավելյալ սննդի քանակը, և արդյունքում փոքրիկն ավելի քիչ կխմի կաթ:

Խորհուրդ չի տրվում երեխային կտրել կրծքի կաթից, եթե նա հիվանդ է, հատկապես՝ աղիքային սուր խանգարումների ժամանակ, քանի որ մայրական կաթն այս պարագայում նրա համար լավագույն և ամենաապահով սպեղանին է: Նաև խորհուրդ չի տրվում դադարեցնել կրծքով կերակրումը երեխայի պատվաստումից հետո, քանի որ այս շրջանում փոքրիկի օրգանիզմն ավելի զգայուն է վարակների հանդեպ: Եթե երեխան արդեն 2 տարեկան է, բայց սովոր է կրծքին, պետք է փորձել շեղել նրա ուշադրությունը խաղերով կամ պարզապես ջուր խմացնել:

Եթե երեխան կուրծք է պահանջում միայն քնելուց առաջ, կարելի է փորձել նրան գիշերային ժամերին թողնել ընտանիքի մյուս անդամների մոտ: Մի քանի օր այդպես բացակայելու դեպքում նա աստիճանաբար կվարժվի քնելուց առաջ կուրծք չպահանջելուն:

Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ կյանքի պայմանների փոփոխությունը երեխայի համար սթրեսային է: Եվ որքան փոքր է երեխան, այնքան մեծ է այդ սթրեսի ազեցությունը: Երեխայի օրգանիզմը դադարում է ստանալ պաշտպանական նյութեր մայրական կաթից, մեծանում է ծանրաբեռնվածությունը դեռ չզարգացած մարսողական տրակտի վրա: Հոգեբանական տեսանկյունից երեխան զրկվում է մոր հետ ֆիզիկական կապից: Այդ պատճառով կարևոր է, որ կրծքով կերակրումը դադարեցնելուն զուգահեռ պահպանեք երեխայի հետ ֆիզիկական շփումը:

Մայրիկը պետք է այս շրջանում ավելի շատ ժամանակ անցկացնի փոքրիկի հետ՝ լողացնի, զբոսնի, խաղա, հաճախակի գուրգուրի նրան և այլն:

sotskiy.am