Մինչ տարեվերջ Չինաստանից Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 10 հազարը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը։
2015 թվականին Չինաստանից Հայաստան է եկել մոտ 2–3 հազար զբոսաշրջիկ, իսկ նախորդ տարի արդեն մոտ 9 հազար։
«Այս տարի, կարծում եմ, զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 10 հազարի շեմը», – ասաց դեսպանը։
Նա ավելացրեց, որ զբոսաշրջիկների երկարաժամկետ հոսքի ավելացմանը կնպաստի Հայաստանի ու Չինաստանի միջև վիզային ռեժիմի չեղարկումը։ Կողմերն առաջիկայում կվավերացնեն այդ համաձայնագիրը։
Նշենք, որ չինացի զբոսաշրջիկների ամենամյա ծախսերն արտասահմանում կազմում են մոտ 258 միլիարդ դոլար։ Ամեն տարի այդ երկրից մոտ 50 միլիոն զբոսաշրջիկ է մեկնում։