Ինչպե՞ս հաջողել ՏՏ ոլորտում՝ փոքր տարիքում. Թերեզա Թումանյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս հաջողել ՏՏ ոլորտում՝ փոքր տարիքում. Թերեզա Թումանյան

168.am-ը շարունակում է ներկայացնել հայկական ՏՏ ոլորտի պատանիներին, ովքեր փոքր տարիքում կարողացել են գրանցել նշանակալի հաջողություններ: Շաբաթներ առաջ Թերեզա Թումանյանի և ընկերների ստեղծած հավելվածը հայտնվել է European Youth Award-ի կիսաեզրափակչում:

Թերեզան ավարտել է Աշտարակի թիվ 2 հիմնական դպրոցը և Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցը։ 6-րդ դասարանից հաճախել է ռոբոտաշինության խմբակ, որի ընթացքում էլ ձևավորվել է ոլորտով հետաքրքրությունը։

«2017 թվականին Հայաստանում առաջին անգամ կազմակերպվում էր Technovation Challenge-ը՝ աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական մրցույթն աղջիկների համար։ Ծրագիրն իրենից ներկայացնում է 12-շաբաթյա առցանց ուսուցում՝ ծրագրավորման, բիզնեսի և մարքետինգի ոլորտներում։ Մրցույթին ներկայացրել եմ Safe Internet հավելվածը՝ ստեղծված համացանցն ավելի ապահով դարձնելու նպատակով, որն արժանացավ հայաստանյան գլխավոր մրցանակի։

2018 թվականին ես դարձա Technovation ծրագրի հայաստանյան միակ աշակերտ-դեսպանը։ Իմ դերն էր՝ հրավիրել աշակերտուհիների մասնակցելու մրցույթին։ Ես կրկին մասնակցեցի մրցույթին նոր թիմի կազմում։ 4 ամսվա ընթացքում մենք ստեղծեցինք 1ofU բջջային հավելվածի նախատիպը։ 1ofU-ն առաջին հայալեզու բջջային հավելվածն է՝ նախատեսված աուտիզմով երեխաների համար։ Հավելվածի միջոցով երեխաները կարող են հեշտորեն արտահայտել իրենց մտքերը, ցանկություններն ու զգացողությունները։ 1ofU-ն ևս արժանացավ հայաստանյան գլխավոր մրցանակի»։

Technovation-ից անմիջապես հետո հավելվածը ներկայացվեց Sevan Startup Summit 2018-ին։ Մեկ շաբաթվա ինտենսիվ աշխատանքների, մենթորների և խոսնակների աջակցության շնորհիվ 1ofU-ն արժանացավ EduTech անվանակարգի հաղթողի կոչմանը և $1500 մրցանակին, որը բեմի վրա կրկնապատկվեց AICA հ/կ-ի նախագահ Արթուր Միքայելյանի կողմից։

«Օգտագործելով ստացված գումարը, մենք կյանքի կոչեցինք մեր հավելվածը։

1ofU-ն ներկայացրեցի նաև Եվրոպական Երիտասարդական մրցանակաբաշխություն մրցույթին և հասա մինչև եզրափակիչ փուլ։
2019 թվականի հունիսին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցեցի միջազգային տեխնոլոգիական կոնֆերանսի, որտեղ, ներկայացնելով 1ofU-ն, հասա կիսաեզրափակիչ փուլ։ Կոնֆերանսի ընթացքում ստացա շատ հրավերներ և համագործակցության առաջարկներ։

Մասնակցեցի նաև 2019 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը տեղի ունեցած Սևան Ստարտափ Սամմիթին, որտեղ ծանոթացա և արդյունավետ աշխատեցի ոլորտի առաջատար մասնագետների, մենթորների, խորհրդատուների և խոսնակների հետ»։

Այժմ Թերեզան սովորում է Ն.Սիսակյանի անվան ավագ դպրոցի 11-րդ դասարանում։

6-րդ դասարանից սկսած հաճախում է «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի խմբակը, որի խմբակավար, դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Նարինե Մեսրոպյանը ճանաչվել է 2018 թվականի տարվա լավագույն ուսուցիչ։

«Արդեն 3 տարի է, ինչ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանող եմ, որտեղ ուսումնասիրում եմ տարբեր ոլորտներ, ինչպիսիք են ծրագրավորումը, ռոբոտաշինությունը, նոր մեդիան և ֆիլմերի ստեղծումը։

Մասնակցել եմ Սոցիալական ձեռնարկատիրության առցանց դասընթացի։ Տնտեսագիտության հանրապետական մրցույթում շահել և ավարտել եմ ավտովարման դասընթաց»։

Թերեզան նաև հանդիսանում է Աշտարակում տեղակայված HydraLab թիմի անդամ, որը զբաղվում է Արագածոտնի մարզում ՏՏ ոլորտի զարգացմամբ։

Ըստ Թերեզայի՝ ոլորտում հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է նպատակասլաց լինել: Նա պատանիներին տալիս է մի քանի խորհուրդներ.

  • «Ունենալ ինքնավստահություն, երևակայություն, չընկճվել անհաջողություններից
  • Հետաքրքրվել տարբեր ոլորտներով և գտնել ձեզ համար հոգեհարազատը, այն, որին պատրաստ եք նվիրվել։
  • Լինել նպատակասլաց. հնարավորինս հստակեցնել նպատակը և դրա կարևորությունը ձեր կյանքում և հետևել վերջինիս:
  • Լինել հետևողական և աշխատասեր. պատրաստ լինել նպատակի ճանապարհին և դրան տրամադրել բավական ժամանակ և էներգիա, ավարտին հասցնել սկսածը։
  • Ուսումնասիրել տարբեր աղբյուրներ, ձեռք բերել գիտելիքներ, շփվել հաջողության հասած մարդկանց հետ։
  • Նպատակի ճանապարհին լինել ինքնավստահ, չընկճվել դժվարություններից և անհաջողություններից։ Վերջիններս միայն ուժեղացնում են մեզ, պարզապես պետք է դրանց ճիշտ վերաբերվել»։

Եվ, իհարկե, ունենալ վառ երևակայություն. ցանկացած ոլորտում անհրաժեշտ է լինել կրեատիվ և գտնել հետաքրքիր լուծումներ, գաղափարներ։

Թերեզան պատրաստվում է ստանալ հնարավորինս որակյալ կրթություն, իսկ գործունեությունը ծավալել Հայաստանում՝ լինելով առավելագույնս օգտակար հայրենիքին և մարդկությանը։

Սիրարփի Աղաբաբյան