Բառերը շատ են, այդուհանդերձ, խորհուրդ կտամ չխնայել ձեր կյանքի թանկարժեք մի քանի րոպեն և կարդալ այս գրառումը:
Թվում է, էնթոմոլոգի մասնագիտությունից ավելի խաղաղասեր և անվնաս զբաղմունք գոյություն չունի: Էնթոմոլոգներն այն գիտնականներն են, որոնք թիթեռնիկ են ուսումնասիրում:
Բայց ինչպե՞ս թիթեռնիկը կարող էր օգնել պատերազմի ժամանակ, որ հաղթեն նացիստներին:
Անատոլի Պոլեժաևը ներկայացրել է Մեծ Հայրենական պատերազմի տարիներին տեղի ունեցած մի պատմություն:
«…1942 թվականն էր: Ձմեռ: Պատերազմի թեժ օրերն էին:
Գերմանացիները հարձակվում են: Գերագույն Գլխավոր հրամանատարի ռազմակայանում պլանային խորհրդակցություն է:
Քննարկվող տարբեր խնդիրների ցանկում մի հարց կա, որը ներկա գտնվող մարշալների և գեներալների համար տհաճ է, անհասկանալի:
Թեման՝ քողարկումն է:
Դե, գեներալները գիտեն, որ ձմռանը սպիտակ խալաթներ, ամռանը՝ խակի, բայց գերմանացիների մոտ այդ ամենն ավելի հետաքրքիր է…
Օրինակ՝ նրանց օդակայանները վերևից ավելի վատ են նշմարվում, տանկերը, չգիտես ինչու՝ պուտավոր են, գծավոր: Նույնը՝ հանդերձանքը:
Ընկեր Ստալինը պահանջում է, որ քողարկմամբ զբաղվեն անհապաղ, գիտական հիմքով: Կանաչը՝ կանաչի վրա՝ հասկացանք, դա արջին էլ է անտառում պարզ, անհրաժեշտ է համապարփակ լուծում:
Ստալինը զայրացած է:
Ծխամորճը անընդհատ լարված թխկացնում է սեղանին: Պահանջում է անհապաղ լուծումներ: Գեներալները գլուխներն են քորում: Առաջարկում են կրկնօրինակել հակառակորդի քողարկումը: Գերագույնը զայրույթից պոռթկում է: Նրան սկզբունքային լուծումներ են անհրաժեշտ: Ուզում է հասկանալ, թե ինչպես է այդ ամենն աշխատում: Ո՞վ կարող է այդ հարցով զբաղվել:
Զգույշ, կոկորդը ծղրտացնելով ձայն է խնդրում նորաթուխ մի գեներալ: Մտավորականներից է: Երևի ծնողներն են գիտնական, կամ ինքն է գիտության մարդ: Գեներալը վախվորած զեկուցում է, որ Լենինգրադի համալսարանում մի պրոֆեսոր կար՝ Շվանվիչ: Նա ժամանակին ղեկավարել է էնթոմոլոգիայի ամբիոնը: Ամբիոնը 30-ականների սկզբում լուծարել էին: Այդ մարդը զբաղվել է թիթեռնիկների գունային քողարկման խնդիրներով: Նա օգտակար կլինի՞:
Ստալինն անորոշ ձայն է արձակում, ապա պահանջում, որ շտապ գտնեն և իր աշխատասենյակ բերեն այդ պրոֆեսորին:
Գեներալները հանգիստ շունչ են քաշում: Վերջապես, գտնվեց քավության նոխազը: Ավելի ճիշտ՝ երկու քավության նոխազ: Որովհետև, ինքներդ եք հասկանում, նախաձեռնողականությունը…
Զանգում են Սարատով, որտեղ էվակուացրել էին համալսարանը: Ոչ մի Շվանվիչ էլ չկա, չի էլ եղել: Մեկը հայտնում է, որ մնացել է Լենինգրադում: Դե, պարզ է, որ այնտեղ շրջափակում է:
Հատուկ ինքնաթիռը 20 րոպեից պատրաստ է կատարել հրամանը: Շվանվիչին գտնում են տանը, անկողնում… սովահար գիտնականը անկողնուց չէր կարողանում վեր կենալ… Կազդուրիչ հավի արգանակը նրան տալիս են արդեն ինքնաթիռում:
Պրոֆեսորը գիշերը ներկայանում է Ստալինի աշխատասենյակ: Գլխավորը կասկածամիտ հայացքով ուսումնասիրում է չսափրված պրոֆեսորին, որից հետո ներկայացնում է խնդիրը:
Անսովոր միջավայրին կամաց-կամաց հարմարվող գիտնականը սկսում է լսել, նույնիսկ հասկանում է, թե ինչի մասին է խոսքը:
Վրացական առոգանությամբ Ստալինը հարցնում է.
– Դե, ինչ կասես, պրոֆեսոր, կկարողանա՞ս օգնել բանակին և ռազմաճակատին:
– Կարող եմ, – բարակ ձայնով պատասխանում է Շվանվիչը:
– Ի՞նչ է քեզ դրա համար անհրաժեշտ, պրոֆեսոր:
– 3 օր և 2 նկարիչ:
3 օրից Բորիս Շվանվիչը զեկուցում է ողջ հրամկազմի առջև: Խուսափում է տերմիններից՝ «միմիկրիա», «ստերեոմորֆիզմի սկզբունք» և այլն…
Ամեն բան չափազանց պարզ է:
– Ընկերներ, ահա սկզբունքը. ելուստայինը և լուսավորվածը ներկում ենք մուգ գույներով, իսկ գոգավորը և մուգը՝ լուսավոր գույներով: Մնացածը՝ դետալներ են:
Նկարիչները պրոֆեսորի օգնությամբ ամեն բան նկարում և ցուցադրում են՝ ըստ տարվա եղանակների:
Իբրև օրինակ, ներկայացվում են նաև տարածական գիպսե մոդելներ, որոնք համապատասխան գունավորմամբ կորցնում են տարածականությունը:
Շվանվիչը նաև խոսում է «տարալուծման էֆեկտի» և քողարկման ընդհանուր օրինաչափությունների մասին:
Մարշալներն ու գեներալներն այդ ամենին բերանբաց հետևում էին…
Անցնում է մեկ տարի: Շվանվիչը նորից Ստալինի աշխատասենյակում է:
– Ուզիր ինչ կամենում ես, պրոֆեսոր: Լավ աշխատեցիր:
Շվանվիչը մեկ վայրկյան է մտորում.
– Էնթոլոգիայի ամբիոն եմ ուզում: Եղել է: Բայց հիմա չկա:
…1944-ից – 1955-ը, գրեթե մինչև իր կյանքի վերջը, Բորիս Շվանվիչը ղեկավարել է իր սիրելի ամբիոնը:
Նրա գերեզմանը գտնվում է Բոլշեօխոտինսկի գերեզմանատանը: Տապանաքարի վրա պատկերված է ցերեկային թիթեռնիկների թևերի կառուցվածքը: Եվ ոչ մի տանկ: Բայց այդ պատկերում տանկը կա, քողարկված է»:
Ո՞վ պետք է հպարտանա Բորիս Նիկոլաևիչ Շվանվիչով:
Ուկրաինացինե՞րը, չէ որ նա Պոլտավայի ծնունդ է:
Ռուսաստանցինե՞րը, չէ որ կյանքի մեծ մասն աշխատել և ապրել է Պիտերում:
Հրեանե՞րը, չէ որ ազգությամբ հրեա է եղել:
Կարծում եմ, նրանով պետք է հպարտանա ողջ աշխարհը: Նա Աստծո մարդ է: Նշենք, որ Բորիս Շվանվիչը էնթոմոլոգիայի դասագրքի հեղինակն է (1949), որը կիրառվում է մինչև հիմա, 21-րդ դարում…
«Բժշկուհու ամուսինը» ֆեյսբուքյան էջից:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը