Հայաստանի վաստակավոր ճարտարապետն իր տան աշխատասենյակում բացում է խնամքով պահվող գրքերից մեկն ու առաջարկում կարդալ Գրիգոր Հասրաթյանին վերաբերող տողերը.
«Մեր ժամանակներում շատերը ձգտում են զբաղեցնել ուրիշի պատվանդանը: Գրիգոր Հասրաթյանը կանգնած է ի՛ր պատվանդանի վրա, որին նա հասել է իր ապրած կյանքով, որպես իր երկրի համար արարող ու սրտացավ քաղաքացի»…
– Իսկապե՞ս այդպես է,-հարցնում ենք քաղաքապետի հետ աշխատած Գուրգեն Մուշեղյանին:
– Իսկապես,-պատասխանելիս ճարտարապետի ձայնը խեղդվում է: Փորձեց պատասխանել կարճ, որպեսզի զսպի արցունքները: Չստացվեց…
Վերադառնալով գրքում գրված տողերին, ճարտարապետը հիշեց 1968-ը, Էրեբունի-Երևան 2750-ը: Քչերը գիտեն, որ առաջին տոնակատարությունը կապված է Գրիգոր Հասրաթյանի անվան հետ:
– Տոնական միջոցառումների գլխավոր պատասխանատուն Գրիգոր Հասրաթյանն էր,-եղբոր մասին խոսելիս` Մուրադ Հասրաթյանը բացահայտում է դրվագներ, որոնց մասին չի խոսվել գրեթե կես դար, և որոնց մասին համեստորեն լռում էր «քաղաքի լեգենդ» անունը ստացած քաղաքապետը: Հարցազրույցներից մեկում Գրիգոր Հասրաթյանը նշել էր, որ գաղափարը իր քեռունն էր` հայտնի լեզվագետ, պատմագետ Մորուս Հասրաթյանինը:
«Նա հուշեց, որ լրանում է 2750-ամյակը: Պետք է նշել»: Մորուս Հասրաթյանը Մուրադ Հասրաթյանի հայրն է: Թամանյանի որդու` Գևորգ Թամանյանի հետ աշխատած ճարտարապետը հիշում է` ինչ փուլերով անցան, որ Մոսկվային ապացուցեն` Երևանն իրոք 2750 տարեկան է, հնագույնը` Խորհրդային Միությունում:
Ամբողջությամբ՝ aravot.am