Հիմա, երբ ակտիվացել են երջանկության մասին խոսակցությունները, ինձ թվում է`ոչ թե հենց երջանկության մասին են խոսում, այլ փորձում են դրա բանաձևը դուրս բերել, աֆորիզմներ հորինել: Բայց ես կարծում եմ` ոչ ոք իրականում չգիտի, թե ինչ բան է երջանկությունը, երբ է մարդը երջանիկ: Մենք հաճախ երջանկության ներկայությունը չենք գիտակցում, հետո ենք հասկանում, հատկապես սիրո մեջ: Գուցե հեշտությամբ կարելի է պատմել, թե երբ է մարդը ուրախ լինում: Բայց երջանկության բանաձևը, կարծում եմ, ոչ ոք չգիտի: Նույնիսկ Աստվածն ավելի ընկալելի է, քան երջանկությունը: Ո՞րն է երջանկությունը` չգիտեմ: Բայց համոզված եմ, որ մարդը չի կարող 24 ժամ երջանիկ լինել:
Բանաստեղծ Հուսիկ Արա
…Ասում է` «Կգա Աստծո հազարամյա թագավորությունը և խաղաղությունը». դրախտն է այդ տեղը: Իսկ երկրի վրա մարդու համար երջանիկ երկիրն այն է, որտեղ ինքը նախընտրում է ապրել: Այդ տեղն ինձ համար Հայաստանն է: Այդ քաղաքն ինձ համար Երևանն է: Այստեղ ամեն ինչ իմն է: Այստեղ ես ազատ եմ: Սահյանը ճիշտ էր ասում` «հայերեն են խոսում քարերդ»: Ես լսում և ընկալում եմ քարի զրույցը: Միշտ ասում եմ` եթե հազար անգամ էլ ամուսնանամ, հայուհու հետ կամուսնանամ, որովհետև միայն հայուհին կարող է ինձ հասկանալ. Տերյանի ասած` «Քեզ չի հասկանա սառն օտարուհին»: Այս քաղաքի վատն էլ է իմը: Սա է իմ տարածքը, որտեղ իմ նախնիներն են ապրել և իմ զավակներն են ապրելու: Այստեղ իմ պատմությունն է, որտեղ պայքարեցի, որտեղ լացեցի, որտեղ սիրեցի, որտեղ գժտվեցի: Իսկ մնացածը` ժողովրդավարություն, տնտեսություն, բան… սրանք լավ բաներ են, բայց հենքն այն է, թե որտեղ ես դրանք կերտում: Եթե Սպիտակ տան նախագահ նշանակեն, ես երջանիկ չեմ լինի: Ես երջանիկ եմ որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի:
Ամբողջությամբ՝ armtimes.com