Աշուն է, այնքան տաք ու արևոտ, որ երբեմն մեզ թվում է՝ ամռան վերջին փուլում ենք։ Սակայն աշունն էլ սարերի ետևում չի ու հաստատ իրեն զգացնել կտա առաջիկայում՝ նախշուն գույներով ու առատ անձրևներով։ Իսկ խոհանոցում աշնան հետ մեզ ամենաշատն ինչն է կապո՞ւմ, իհարկե, մի գավաթ տաք թեյը։ Հենց սկսում ենք հաճույքով տաք թեյ խմել, ուրեմն աշունն եկել է, սա մեր բանաձևն է, որով նաև ձեզ հետ ենք ուզում կիսվել։
Իսկ ինչպիսի՞ թեյ եք սիրում դուք․ թեյերի առատությունն այնքան մեծ է, որ կարելի է ամեն օր մի նոր բան փորձել ու չկրկնվել, այնքան որ շատ են հետաքրքիր ու համեղ համադրությունները։ Թեյի աշխարհում էլ կան «նորաձևություններ» ու վերջին շրջանում ավելի մեծ պահանջարկ են վայելում խոտաբույսերով թեյերը։ Սա կարելի է համարել դարձ ի շրջանս յուր, քանի որ ի սկզբանե, մեր «պապական» թեյերը եղել են հենց խոտաբույսերով, իսկ սև ու կանաչ թեյերն ավելի ուշ են հայտնվել։
Վերադառնալով խոտաբույսերին, մարդիկ ոչ միայն յուրահատուկ, էկզոտիկ համեր ու բույրեր են փնտրում թեյի մեջ, այլև խոտաբույսերի միջոցով փորձում թեյն ավելի օգտակար դարձնել։ Խոսքը միայն հանրահայտ դեղաբույսերով թեյերի մասին չէ․ օրինակ, երիցուկի, ուրցի, անանուխի, դաղձի թեյերի մասին բոլորս գիտենք և գիտենք՝ որ պահին որն է մեզ շտապ օգնության ձեռք մեկնում, մանավանդ, երբ մոտակայքում հարբուխն է ծիկրակում։ Բացի ցուրտ եղանակին մեզ տաքացնելուց, թեյերը նաև փոքրիկ բուժակի դեր ունեն մեր կյանքում։ Օրինակ, զարկերակային ճնշում ունեցողները գիտեն, որ ուրցով թեյը տեղին է ճնշման ժամանակ և իսկապես կարող է այն որոշ չափով նվազեցնել, սակայն լուրջ դեպքերում, իհարկե, դեղին փոխարինել չի կարող։
Ստամոքսի, մարսողական համակարգի մրսածության կամ փոքրիկ խնդիրների դեպքում դաղձն ու անանուխն իսկն են, իսկ երիցուկն էլ մրսածության, բորբոքումների տնական սպեղանին է։ Իսկապես, խոտաբույսերով թեյի օգուտները թվում են անվիճելի ու հաստատվում են բազմաթիվ գիտական հետազոտություններով: Դրանք նաև վիտամինների բնական աղբյուր են։ Սակայն չափի զգացողությունը տեղին է հիշել նաև խոտաբույսերի հարցում։
Իրականում խոտաբույսերը պարունակում են նաև հզոր բնական ֆիտոբաղադրիչներ, որոնց հետ պետք է շատ զգույշ լինել, որպեսզի ժողովրդական լեզվով ասած «հոնքը շտկելու տեղ, աչքն էլ չհանենք» որպեսզի չվնասենք մեզ: Հենց դրա համար շատ կարևոր է նաև հստակ իմանալ՝ ինչ թեյ եք խմում։ Հաճախ չորացրած խոտաբույսերը կարելի է հեշտ իրար խառնել՝ հատկապես եթե անծանոթ են ու բույրով դրանք տարբերակել չեք կարող։ Սովորաբար խոտաբույսերով թեյերի վրա հատուկ ցուցումներ կան՝ ճիշտ թրմեցման ու օգտագործման համար, անպայման կիրառեք խորհուրդները։
Վայելեք աշնանային թեյերն ու օրգանիզմը սնուցեք մեկ բաժակ առողջությամբ։