Սելֆին կամ խիստ հայերենով ասված ինքնինձուկը, (թող ներեն ինձ լեզվի տեսչության և 25 տարվա փորձով մեր սիրելի մանկավարժները, բայց հոդվածում սելֆի բառն ենք օգտագործելու) այնպիսի մեծ թափով է մտել մեր իրականություն, որ բացում ես սոցցանցերը թե չէ՝ հայնտվում ես բազմահազարանոց սելֆիների գրկում, որոնք կյանքի են կոչվում տարբեր ֆոներին՝ տատիկի տանը, հարևանի պատշգամբին, գինետան դռներին ու ինտրիգի ապահովման համար՝ անպայման փակ աչքերով ու դեպի հեռուն նայող հայացքով: Վերջերս էլ Երևան-Գյումրի էլեկտրագնացքի շնորհիվ՝ շատացել են սելֆիները Գյումրու հին դռների, դարպասների ու աշնանային դեղնած ծառերի ֆոնին…
Մշտապես մեզ համար գյուտ բացահայտող հայտնի ու հերթական բրիտանացի գիտնականները պարզել են, որ սելֆին համարվում է հոգեկան շեղում: Եվ այն դրսևորվում է հիմնականում իգական թևի մոտ: Բայց պատկերացրեք, թե ինչ կլինի այդ խեղճուկրակ իգական հավքի հետ, եթե նրանք հայտնվեն այնպիսի երկրներում, որտեղ արգելված է սելֆին:
Այո՛: Պատկերացնում եք՝ գոյություն ունի երկրների շարք, որն արգելում է սելֆիի կամ նրա շարունակություն ու անբաժանելի մասնիկ՝ ձողի կիրառությունը:
Ի՞նչ իմաստ կա այցելել Էյֆեյլյան աշտարակն ու սելֆի չանել: Մարդիկ մոտավոր մի 30 րոպե տվայտվում են, որ կարողանան իդեալական սելֆի ստանալ: Իսկ այդ լուսանկարները չեն ծնվում առանց սելֆիի ձողի օգնության և միջամտության: Վերջերս այս լուսանկարման մեթոդը արժանացել է բազմաթիվ քննադատությունների, քանի որ դարձել է բազմաթիվ դժբախտ պատահարների պատճառ՝ անդունդի եզրից հանկարծակի վայրէջքից մինչև ձողով վնասում սեփական կամ դիմացի անձին:
Ստորև մեր «Աշխարհով մեկ» շարքի շրջանակներում կպարզենք սրբություն սրբոց սելֆիի վրա սանկցիաներ դրած այդ երկրների ցանկն ու պատճառները:
Իրանի Իսլամական հանրապետություն
Իրանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները պետք է զգույշ լինեն. վերջերս հրաման ստորագրվեց կառավարության կողմից, որում ասվում է, որ ֆուտբոլիստները, մարզիչները և թիմի մյուս անդամներն իրավունք չունեն լուսանկարվել երկրպագուների հետ: Այստեղ մի մեծ զարմաք ցուցաբերելու ժամանակն է: Խիստ պահպանողական մեր հարևան երկիրն հետևում է, որ ոչ պատշաճ հագնված կանայք սելֆի չանեն ֆուտբոլիստների հետ, որ երկրպագուներն այդ լուսանկարները չօգտագործեն քաղաքական կամ դատի տալու ոտնձգությունների նպատակներով:
Հարավային Կորեա
Սելֆիի ձողը, թերևս, վերջին ժամանակների «ամենահեղափոխական» գյուտ է (մեզ համար հեղափոխության բառի ամենաուղիղ իմաստով), առանց որի դժվար է պատկերացնել շարքային զբոսաշրջիկի ամբողջական տեսքը: Հարավային Կորեայի իշխանություններն արգելք է դրել սելֆիի ձողի օգտագործման վրա՝ վկայակոչելով այն փաստը, որ չլիցենզավորված մոնոպոդից Bluetooth ազդանշանն անսարքություններ է առաջացնում այլ բջջային հեռախոսներում: Իսկ նրանք, ովքեր վաճառում կամ ներմուծում են անթույլատրելի ապրանքանիշների սելֆիի ձողեր, սպառնում է տուգանք մինչև 30 հազար ԱՄՆ դոլար կամ 3 տարվա ազատազրկում:
Ամբողջությամբ՝ vnews.am