1904թ. Վանի նահանգի Հայոց ձոր գավառի Խորգոմ գյուղում ծնվեց Ոստանիկ Ադոյանը:
Մտածկոտ և երազկոտ այս տղան չէր ցանկանում մասնակցել հասակակիցների մանկական խաղերին և օրերն անց էր կացնում լճի ափին` ավազի վրա զարմանահրաշ պատկերներ ստեղծելով:
Նա շատ դժվարին և յուրօրինակ կյանք ապրեց: Մանուկ հասակում ծանր հիվանդացավ և զրկվեց խոսելու ընդունակությունից: Հիվանդությանը հաջորդեց երկարատև բուժումը: Պատանի էր, երբ մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նահանգներում Ոստանիկը բազմաթիվ զրկանքներ տեսավ: Չափահաս տարիքում նա ստեղծեց գլուխգործոցներ: Պայքարում էր չքավորության դեմ, հետո հիվանդացավ քաղցկեղով և նրան վիրահատեցին, այնուհետև ավտովթարի ենթարկվեց և կորցրեց ձեռքը, իսկ հետո էլ ինքնասպանություն գործեց Կոննեկտիկուտում գտնվող իր արհեստանոցում…
Ոստանիկ Ադոյանի անունը շատերը չեն լսել: Նա իր համար մի նոր անուն էր ընտրել` Արշիլ Գորկի, և հենց այս անունով էլ հայտնի դարձավ ողջ աշխարհին՝ որպես անցած հարյուրամյակի մեծագույն նկարիչներից մեկը:
Կեղծանվան ընտրությունը պատահական չէր: 1916-1920թթ. Ոստանիկ Ադոյանն ապրել է Էրիվանում և Թիֆլիսում, որտեղ էլ առաջին անգամ ծանոթացել է Մաքսիմ Գորկու կենսագրությանը: Նրա կարծիքով, մեծ հումանիստի և իր կյանքի պատմությունները բավական նման են:
Վանի ինքնապաշտպանության ժամանակ Գորկին օգնում էր աշխարհազորայիններին: Նրանց զենք, փամփուշտ, հագուստ և սնունդ էր տանում, վերադառնում էր միայն ուշ երեկոյան: 1915թ. հունիսի 15-ին, վերցնելով մի քանի օրվա սննդի պաշար և մի քիչ էլ գումար, Ադոյանների ընտանիքն ուղևորվեց Երևան: Ողջ ունեցվածքը թաղեցին տան բակում, կարծում էին, որ շուտով կվերադառնան, սակայն…
Գորկու կրտսեր քույրը` Վարդուշը, հիշում էր. «Քայլում էինք Վանա լճի արևելյան քարքարոտ ճանապարհով: Քայլում էինք օր ու գիշեր, առանց դադարի: Երբ մայրս ուտելու որևէ բան էր գտնում՝ տալիս էր Գորկուն: Նա ավելի շատ Գորկու մասին էր հոգ տանում, քան դուստրերի, քանի որ Գորկին միակ արու զավակն էր և շատ հյուծված էր: Վանեցիների մի մասը գնաց Պարսկաստան, այնտեղից էլ Բաղդադ, իսկ մենք բռնեցինք Էջմիածին տանող ճանապարհը: Հունիսի 25-ին հասանք Էջմիածին: Էջմիածնում մնացինք երեք շաբաթ: Բակում էինք ապրում: Շուտով սկսեցին հիվանդություններ տարածվել և այդ ժամանակ Գորկին փրկեց մեզ: Նա մի սայլ բերեց և ասաց. «Պետք է հեռանանք այստեղից»: Հուլիսի 16-ին եկանք Երևան: Ապրում էինք կայարանամերձ փողոցում: Դա շատ խղճուկ տեղ էր: Մայրս աշխատում էր որբանոցում, իսկ Գորկին` տպարանում: 1916թ. քույրերս` Ագապին և Սաթենիկը, մեկնեցին Ամերիկա: Ես հաճախ էի Արշիլի հետ խոսում իր ծանր վիճակի մասին, սակայն նա անընդհատ ասում էր. «Ես կաշխատեմ, դուք չպետք է անհանգստանաք, ամեն ինչ լավ կլինի»: Այո՛, նա հավատում էր, որ ամեն ինչ լավ կլինի: Մենք իրար շատ էինք սիրում: Դպրոցի դասերից հետո Գորկին աշխատում էր հյուսնի արհեստանոցում, իսկ երեկոյան տպարանից գրքեր էր բերում կազմելու համար: Այսպես, առանց հանգստի աշխատելով՝ գումար էինք վաստակում: Գորկին ուզում էր, որ մայրիկը ոչնչի կարիք չզգա: Ցավոք, շուտով մայրիկն՝ ուժասպառ լինելուց հիվանդացավ: Գորկու ստացած գումարը չէր բավականացնում սնունդ գնելու համար: Ինչ-որ կերպ գոյատևելու համար՝ նա սկսեց Երևանի մերձակա գյուղերից հացահատիկ և խաղող գնել, այնուհետև դրանք քաղաքում վաճառել: Սակայն ի՞նչ կարող էր անել 14-ամյա տղան: Մորս վիճակը գնալով վատանում էր, և 1919թ. մարտի 20-ին նա հանկարծամահ եղավ մեր ձեռքերում: Ընդամենը 39 տարեկան էր, իսկ մենք դեռ փոքր էինք: Մայրս Գորկու համար իսկական աստվածուհի էր: Մայրիկը միշտ մեզ բանաստեղծություններ էր կարդում, սովորեցնում էր սիրել բնությունը, Վանը, Հայաստանը: Մորս նկարելիս Գորկին կտավի մեջ դնում էր իր հոգին: Եվ ահա նա մեզնից հեռացավ: Մի որոշ ժամանակ անց Տիգրան անունով մի վանեցի Գորկուն առաջարկեց. «Փոքրիկ, լավ կանես վերցնես քրոջդ և հեռանաս այստեղից: Ի՞նչ ունես այստեղ անելու»: Գորկին համաձայնվեց: Սկզբում մեկնեցինք Թիֆլիս, այնուհետև Բաթումի, այնտեղ նստեցինք Պոլիս մեկնող նավը: Ուղևորության ընթացքում Գորկին չէր բաժանվում մատիտներից: Ծաղիկներ, թռչուններ, կենդանիներ, նավեր ու երկինք էր նկարում, սկսեց բանաստեղծություններ գրել: Մեր նավն Էլիս Այլանդ մտավ 1920թ. մարտի 1-ին: Գորկին չսիրեց Ամերիկան: Շուրջբոլորը խառնաշփոթ էր, սակայն հետո սովորեցինք այդ խելահեղ ռիթմին, բայց Արշիլն անընդհատ կարոտում էր Վանը: Ապրում էր քրոջս` Ագապիի բնակարանում: Հետո մեր ետևից եկավ հայրս և Փրովիդենս տարավ: Գորկին մնաց այնտեղ ապրելու: Ընդունվեց «High technical School», քանի որ այդպես էր ցանկանում հայրս, իսկ Գորկին ցանկանում էր նկարել, դրա համար էլ ներկեր գնեց և սկսեց աշխատել Բոստոնի «Մաժեստիկ» թատրոնում: Անտրակտների ժամանակ նա դիմանկարներ էր անում: Նկարչությունը մշտապես զբաղեցնում էր նրա միտքը»:
1925թ. Գորկին մեկնում է Նյու Յորք, որը համարվում էր Ամերիկայի գեղանկարչության կենտրոնը: Արշիլը զգում էր, որ կհասնի արվեստի բարձունքներին: Բնակարան վարձեց և սկսեց դասեր տալ նյույորքյան «Grand Central School of Art» քոլեջում: Իր ուսանողներից նա պահանջում էր արվեստի հանդեպ ունենալ խիստ և ազնիվ վերաբերմունք, զերծ մնալ դիլետանտությունից: «Արվեստն ունիվերսալ է, այն ձեզ է պատկանում, և դուք պարտավոր եք հարստացնել այն»,- կոչ էր անում նա իր ուսանողներին:
Արվեստն ունիվերսալ է… Արշիլ Գորկու ողջ ստեղծագործական ուղին ամփոփված է այս բառերի մեջ: Ամերիկայում նրան անվանում էին «Ամենաինտերնացիոնալ նկարիչ», «20-րդ դարի ինտելեկտուալ հեղափոխության զավակ»:
Գորկին սիրում էր հետևել, թե ինչպես են նկարում երեխաները: Հաճախ էր Վարդուշին ասում. «Տե՛ս, այս երեխան նկարում է ինչպես Ուսելոն: Նրանք իսկական նկարիչներ են` հինավուրց ժամանակների նկարիչներ, նրանք այնքան մաքուր են և այդպես էլ նկարում են: Երբ մենք էլ ենք ցանկանում այդպես նկարել` մեզ մոտ չի ստացվում: Այն, ինչը մեզ համար այդքան բարդ է, նրանց համար բնական է»:
Նոր արվեստը ծնվում է նոր մարդու հետ: Գորկու վաղ շրջանի պեյզաժներում, նատյուրմորտներում և դիմանկարներում երևում է Սեզանի ազդեցությունը: Ավելի ուշ նրա սիրելի նկարիչը դարձավ Պիկասոն: Սակայն մեծ նկարիչների գործերի հետ առնչվելը չխանգարեց նրա մոտ անկախ գեղարվեստական մտածելակերպի զարգացմանը: Փոխարենն օգնեց ավելի խորամուխ լինել գեղարվեստական լեզվի բարդ փիլիսոփայական խոսքի բազմաթիվ գաղտնիքների մեջ և գնալ բոլորովին նոր ուղիով: Իր առաջին քայլերն Արշիլ Գորկին կատարել է դեռևս Վանա լճի ափին: Այդ տարիներին փայտիկը փոխարինում էր վրձնին, իսկ ավազը՝ կտավին, ալիքներն էլ ոչնչացնում էին նրա ստեղծած հրաշալի աշխարհը:
Սակայն ոչ մի ուժ ի զորու չէր կործանել այն ճշմարիտն ու գունեղը, համարձակ մտահղացումներն ու լուծումները, որոնք ընկած են նրա գեղանկարչության հիմքում: Գորկու կտավներում բացակայում է արհեստական գեղարվեստականացումը և կյանքի իդեալականացումը: Նրա լավագույն աշխատանքներից են` «Նկարիչն ու նրա երևակայական կինը», «Նատյուրմորտ», «Ինքնանկար», «Պեյզաժ», քույրերի` Վարդուշի, Սաթենիկի, Ագապիի և այլոց դիմանկարները, որոնք ստեղծվել են 20-30-ական թվականներին, ռեալիստական ոճի մեջ: Այս կտավներն իրենց տեղն են գտել աշխարհի խոշորագույն պատկերասրահներում: Նրանք այդ տեղին արժանացել են ձեռագրի յուրօրինակության, հին և նոր արվեստի սինթեզի շնորհիվ:
Արշիլ Գորկու «Նկարիչը և մայրը» կտավն առանձնանում է յուրահատուկ հմայքով: Մոր նուրբ դիմագծերում տխրության ծով է: Հայացքը հպարտ է, շուրթերը սեղմված են, իսկ գեղեցիկ և խելացի աչքերը լի են վախով: Այս աչքերի մեջ երևում է ժողովրդի բնավորությունը: Ոստանիկի աչքերը լայն բացված են, սուր ականջներն` ընդգծված, իսկ ձեռքին ծաղիկներ են: Քիչ ծռված շուրթերն, ասես, ուզում են ժպտալ, սակայն չեն կարողանում: Ասես երեխայի հոգու մեջ մի վերք է բացված, նա չի կարող կեղծել և ժպտալ այս կյանքին:
Արշիլն իր հարազատ վայրերից և խորտակված պատանեկությունից շատ բան բերեց Ամերիկա: Գորկին գտնում էր, որ այն, ինչը ծնվում է մարդու հանճարից, չպետք է արժանանա սառն անտարբերության, և պայքարում էր դրա դեմ: Պատասխանատվության զգացում ու սեփական անձի հանդեպ պահանջկոտություն, մարդկության համար պայքարելու ձգտում. սա է եղել Արշիլ Գորկու հավատամքը: Արհամարհելով այդ ժամանակ նորաձև համարվող կառուցողական ձևերն ու կուբիզմի կոնստրուկտիվ պլանները, նա ձգտում էր դեպի պոեզիան, և հզոր երևակայությունը քանդում էր արվեստի քարացած օրենքները:
Գորկու արվեստն առաջին անգամ հավանության արժանացավ ֆրանսիացի պոետ, պրոզայիկ և քննադատ Անդրե Բրետոնի կողմից: Ֆրանսիայի օկուպացման ծանր տարիներին Անդրե Բրետոնը տեղափոխվեց Ամերիկա, և նրանց միջև յուրահատուկ բարեկամություն սկսվեց: Միասին նրանք ճանապարհորդում էին Ամերիկայով: Բրետոնն այնքան սիրեց Գորկու պայծառ միտքը, որ իր մի քանի ստեղծագործությունները կոչեց նրա կտավների անուններով: 1945թ. Նյու Յորքում Արշիլ Գորկու անհատական ցուցահանդեսի համար ստեղծված ալբոմի համար Անդրե Բրետոնը նախաբան գրեց: Այդ նախաբանը նրա արվեստի առաջին պրոֆեսիոնալ վերլուծությունն էր:
Այս ցուցահանդեսը վերջինն էր: Երեք տարի անց նա հրաժեշտ տվեց կյանքին, Ամերիկային, Հայաստանին, երկրին, որը նա պաշտում էր: Հայկական պարերն ու երգերը նրա համար միակ խթանն էին, իսկ մայրենի լեզուն օգնում էր մտածել, վիճել գեղեցիկի մասին: Հատվածներ էր երգում «Անուշ» օպերայից, խնայում էր սննդի փողը, որպեսզի հայ գրողների գրքեր գնի: Գորկին աղքատ կյանք էր վարում, թեև այդ մասին երբեք և ոչ մի տեղ չէր խոսում:
Նա անսահմանափակ գիտելիքների տեր էր, ամերիկյան պատմության խոշոր գիտակ: Բազում անգամներ է մամուլը գրել, որ Արշիլ Գորկու, Պոլլոկի և Մատտի շնորհիվ է, որ ժամանակակից գեղանկարչությունը զարգացման նոր ուղիներ գտավ, և, որ Գորկին ժամանակակից ամերիկյան արվեստի և նյույորքյան նկարչական դպրոցի հիմնադիրն է: Ամերիկայում 30-40-ական թթ. անվանում են Գորկու շրջան: Գորկին առանց բացառության մեծ ազդեցություն է թողել Ամերիկայի բոլոր խոշոր նկարիչների վրա: Արվեստում ի հայտ եկավ մի նոր ուղղություն` «Պոստ Գորկիական»:
1967թ. ֆրանսիական մամուլը գրեց. «Գորկին միակն է, ով կարողացավ ամերիկյան գեղանկարչությունը եվրոպական մակարդակի հասցնել»:
Արշիլի մասին գրվել են բազմաթիվ հոդվածներ, ալբոմներ աշխարհի տարբեր լեզուներով:
Ալեն Ջուֆֆրին գրել է. «Խոսքեր չկան արտահայտելու այն, ինչ իր արվեստում արտացոլել է Արշիլ Գորկին… Նրա փակած դռները բախում են նույնիսկ մահվանից հետո: Բախում են, քանի որ չկա մեկը, ով կկարողանա բանալ դրանք: Դռները կարող է բացել միայն մեկ այլ Գորկի, որը նրա պես անտարբեր կլինի ամենի հանդեպ, բացառությամբ գլխավոր զոհաբերության` գեղանկարչության…»:
Գորկին մահացավ ավելի վաղ, քան կարողացավ իրագործել իր երազանքը` վերադառնալ Հայաստան: Մահացավ միայնության մեջ…
1948թ. Վարդուշին ուղղված նամակներում նա գրում էր, որ հոգնել է Ամերիկայից, գտնում է, որ իրեն այստեղ չեն հասկանում, չեն գնահատում իր արվեստը: Գորկին իսկական հայ էր, սիրում էր մայրենի լեզուն և նվիրված էր հարազատ արվեստին: Պաշտում էր Հայաստանը և միշտ ասում էր. «Մի օր ես հայրենիք կվերադառնամ, սակայն միայն այն ժամանակ, երբ ամուր կանգնած կլինեմ ոտքերիս վրա, որպեսզի փառաբանեմ հայրենիքս»: Չհասցրեց, բայց փոխարենն այն փառաբանեց իր արվեստով…
Պատրաստեց Կամո Մայիլյանը
«3 Միլիոն»