Հայկական տարազը նորաձև է, բայց այս գաղափարին հասնելու համար պահանջվել են տարիներ: «Տերյան» մշակութային կենտրոնն արդեն 17 տարի պրոպագանդում է ազգայինի կիրառությունը։ Կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը համոզված է՝ հայկական տարազը կարելի է դարձնել նաև միջազգային բրենդ:
«Փոքր երեխա էի, երբ առաջին անգամ ինձ համար տարազ կարեցին: Հայրիկ Մուրադյանի փոքրիկ սաներից էի, այն ժամանակ «Ակունքը» նոր էր կազմավորվում: Ընտանիքս ավանդական ձևով է մեզ մեծացրել. ես ու եղբայրս հաճախում էինք ազգային երգի, պարի խմբակ: Մայրս ինքն էր կարում մեր տարազները։ Իմ առաջին տարազը շատ անհարմար էր և ծակում էր: Ես միշտ երազում էի այդ տարազը չհագնել, բայց ես և եղբայրս մեր ազգի պարծանքն էինք դարձել, և ամեն առիթի մեզ երգեցնում էին: Ժամանակի ընթացքում ես կորցրի իմ հետաքրքրությունն ազգայինի նկատմամբ, բայց տարիներ անց պետք է ներկա լինեի մի հանդիսավոր միջոցառման և ուզում էի բոլորից տարբերվել, իսկ այդ ժամանակ ես տեքստիլի փայլուն նկարիչ էի: Գնացի այդ միջոցառմանն Արցախի տարազով, բայց ավելի մոդեռն ոճում: Այդ ժամանակ սկսվեց բուռն հետաքրքրվածություն իմ հագուստի հանդեպ, և շատերը սկսեցին ուզել իրենց տարածաշրջանին հատուկ տարազ»:
Նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը, երբ նոր էր սկսում զբաղվել տարազների ստեծմամբ, շատերն էին թերահավատորեն մոտենում և հարցնում՝ իսկ ովքե՞ր են լինելու պատվիրատուները: Այսօր տարազը կիրառվում է ոչ միայն հանդեսների, բեմում ելույթ ունենալու, այլև որպես ամենօրյա հագուստ:
Իմ սեփական նախասիրությունը ես ինձ համար հաց ու ջուր եմ սարքել: Մեզ դիտարկել որպես բիզնես՝ ճիշտ չէ, մենք ընդամենը մեր սիրած աշխատանքով կարողանում ենք վաստակել:
Այսօր շատ աղջիկներ նախընտրում են հայկական ազգային տարազով ամուսնանալ, իսկ հարսանեկան տարազները ստեղծելու միտքը ծնվեց, երբ. «Ղարաբաղից քեռիս էր եկել, տղան պետք է ամուսնանար, ասաց՝ բա մարդ հարուստ չլինե՞ր, իր տատի-պապի տարազով երեխեքին ամուսնացներ: Ասացի՝ կուզե՞ս՝ կարենք, ասաց՝ չէ, չեմ կարող համոզել, որ տարազով պետք է ամուսնանան: Նա ասաց, տվեց գաղափարը, և մենք արեցինք հարսանեկան տարազները»:
Ամբողջությմբ՝ blognews.am