7 օգտակար մթերք՝ երկարակյացների համար
Advertisement 1000 x 90

7 օգտակար մթերք՝ երկարակյացների համար

Ստորև բերված մթերքները ամերիկացի մասնագետները խորհուրդ են տալիս ներառել ամենօրյա սննդակարգում բոլոր նրանց, ովքեր ուզում են պաշտպանել իրենց առողջությունը և ավելացնել կյանքի տևողությունը։

Լոբազգիներ

Լոբին, ոլոռը, ոսպը և սիսեռը հրաշալի աղբյուր են բջջանքի ու բուսական սպիտակուցի համար, որոնք կայունացնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և առողջացնում աղիքային միկրոֆլորան։ Առողջ աղիքային միկրոբիոմը, իր հերթին, օգնում է կարգավորել օրգանիզմում բորբոքային պրոցեսները և ամրապնդում է իմունիտետը։ Դիետոլոգ Սյուզաննա Դիքսոնի խոսքերով՝ շաբաթական պետք է ուտել առնվազն հինգ բաժին լոբազգի։

Ձու

Թեև ձուն շատ խոլեստերին է պարունակում, բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ այն չի ազդում արյան մեջ խոլեստերինի ընդհանուր մակարդակի վրա։ Հետազոտությունների համաձայն, մարդկանց մոտ, որոնք շաբաթական 7 ձու են ուտում, ինսուլտի վտանգը եղել է 12 տոկոսով ավելի քիչ՝ համեմատած նրանց հետ, ովքեր շաբաթական 2 ձվից քիչ են ուտում։

Կանաչեղեն

Կանաչ տերևներով բանջարեղենները պարունակում են ֆոլատ, որը կենսականորեն կարևոր է բջիջների աճի և արյան կարմիր բջիջների առաջացման համար։ Բացի այդ, կանաչեղենը պարունակում է կարոտինոիդներ։ Դրանք բարձրացնում են օրգանիզմում հակաօքսիդանտների մակարդակը, որոնք պաշտպանում են ԴՆԹ-ի մասնատումից և բջիջների քայքայումից։

Խաչածաղկավոր բանջարեղեններ

Խաչածաղկավոր բանջարեղենները հատկապես օգտակար են կանանց համար, քանի որ դրանք օգնում են նորմայի մեջ պահել էստրոգենի մակարդակը և կանխում են հորմոնների հետ կապված քաղցկեղային հիվանդությունները, ինչպիսին են կրծքագեղձի, ձվարանների քաղցկեղը և էնդոմետրիան։ Կանանց խորհուրդ է տրվում շաբաթական օգտագործել առնվազն 5 բաժին խաչածաղկավոր բանջարեղեններ։

Զեյթունի ձեթ

Այն օգնում է նվազեցնել բորբոքումները, իջեցնում է արյան ճնշումը և լավացնում ինսուլինի հանդեպ զգայունությունը։

Ճարպոտ ձուկ

Դիետոլոգ Սյուզան Շենկը նշում է, որ ճարպոտ ձկան օգտագործումը չափազանց օգտակար է ուղեղի առողջության համար։ Դրանց մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթուները և DHA-ն (դոկոզագեկսաենային թթու) սնում են ուղեղի բջիջները, կանխում հիշողության կորուստը և դեպրեսիան։

Ֆերմենտացված մթերքներ

Կաթնաթթվային մթերքները աղիներն ապահովում են օգտակար մանրէներով։ Դա հատկապես կարևոր է տարեց մարդկանց համար, քանի որ աղիքային միկրոբիոմը ժամանակի հետ կորցնում է իր մանրէաբանական բազմազանությունը, որը շատ կարևոր է ընդհանուր առողջության համար։ Իդեալական կլինի օրական օգտագործել ֆերմենտացված մթերքի թեկուզ մեկ բաժին։

med.news.am