Տուրիզմի զարգացման մասնագետ Գևորգ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իր նախաձեռնությանը. նա Երևանում կազմակերպում և անցկացնում է սյուրռեալիստական տուրեր:
Գևորգ Բաբայանը տուրիզմի զարգացումը դիտարկում է ոչ ավանդական տեսանկյունից. ամենահայտնի վայրերը չեն մտնում նրա հետաքրքրությունների շրջանակում: Այս մասին Բաբայանն ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Այստեղ կարևոր է մասնագիտական փորձառությունը: Երբ տարիներ շարունակ աշխատում ես ոլորտում, հասկանում ես զարգացման միտումներն ու կարողանում ես կարդալ, թե ինչ կարող է լինել հինգ տարի հետո: Իմ փորձը հաշվի առնելով՝ ասեմ, որ տուրիզմն արդեն ոչ միայն շենքերն ու տեսարժան վայրերն են, այլև մշակույթ կրող մարդիկ»,- նշեց Բաբայանը:
Բաբայանը փորձում է բացահայտել, թե ինչն է մարդկանց ձանձրացնում և ինչպես կարելի է նրանց համար հետաքրքրություններ գտնել, հետևաբար նրա առաջարկած տուրերը տարբերվող են. այցելում են այնպիսի վայրեր, որոնք կապված են պատմական հետաքրքիր դեպքերի հետ:
Ըստ Բաբայանի՝ սյուրռեալիզմն հենց այն է, որ տեսնում ես մի միջավայր, որն անցել է տարբեր փուլեր, և այդ ամենը փորձում են դերասանական խաղի միջոցով վերակենդանացնել և հյուրերի հետ անմիջական կապ ստեղծել: