ՀՀ քաղաքացիներն ազատվում են Ղազախստանի տարածքում հաշվառվելու պարտավորությունից, ինչպես նաև հակառակը` Ղազախստանի քաղաքացիներն ազատվում են Հայաստանի տարածքում հաշվառվելու պարտավորությունից։ Այս մասին այսօր որոշում կայացրեց ՀՀ կառավարությունը` հավանություն տալով «ՀՀ կառավարության և Ղազախստանի կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ըստ նախագծի` ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Ղազախստանի քաղաքացիները կարող են ճամփորդել ID քարտով։
«Մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտավորությունից։ Նրանք ազատվում են նաև միգրացիոն քարտ ներկայացնելու պահանջից»,–նշված է համաձայնագրի մեջ։
Ի դեպ, 30 օրից ավելի գտնվելու դեպքում քաղաքացիները պարտավոր են հաշվառման կանգնել իրավասու մարմիններում: