ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
Հոր կողմից իռլանդական ազնվական տոհմից սերող (մայրական կողմը՝ սեբաստացի հայեր են) անվանի հայագետ, աշխարհագետ, ճանապարհորդ, հասարակական-քաղաքական գործիչ Հենրի Լինչը (1862-1913) Հայաստան կատարած երկու այցելությունների (1893-1894, 1898) ժամանակ հավաքած նյութերի հիման վրա 1901թ. գրել է լայն ճանաչում գտած «Հայաստան. ուղեւորություններ ու ուսումնասիրություններ» աշխատությունը, որը կազմված է երկու հատորից՝ «Ռուսահայաստան» ու «Տաճկահայաստան»։
Աշխատությունը պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, ժողովրդագրության ու հայ բանահյուսության վերաբերյալ, ինչպես նաեւ վիճակագրական նյութեր։ Ստորեւ ներկայացվող հատվածն այս ուշագրավ աշխատությունից է.
«Ռուսաստանի հայկական նահանգներուն մեջ վարչական մեքենան կը կառավարվի ձեռամբ մատի վրայ համրուող ռուս պաշտօնատարներու, բայց գերազանցորեն շնորհիվ հայերու։ Հայը վաղնջական մշակոյթ եւ բնական բարձր կարողութիւններ ունի. հային ռուս մեծաւորը ո՛չ բնազդով եւ ո՛չ ալ յատկութեամբ չի գերազանցեր, որովհետեւ այս վերջինը ավելի կառավարական սիսթեմի մը գործիք է, քան ի ծնէ կառաւարող եւ ռուսին առհասարակ կը պակսին ճկունութեան եւ անձնական նախաձեռնութեան յատկութիւնները։
Երբ կտեսնես հայոց մեջ գործող ռուս պաշտօնատարը՝ ինքզինքիդ կը հարցնես, թե ինչպես կ՛ըլլայ, որ բոլոր յատկութիւններով օժտուած ցեղ մը կը կառավարուի այսպիսի փայտէ մարդկանցով։
Երբ ռուսերը տէր դարձան Հայաստանի մի մասին՝ տեսան, որ անիկա արդեն ունի վարժարանական դրութիւն մը, որուն՝ իրենց սովորական յամառութեամբը, ծայր աստիճան նախանձեցան։ Եկեղեցին երկար դարերու ընթացքին եղած է հայ ազգութեան անկիւնաքարը եւ վարժարաններն ալ միշտ կապուած են եկեղեցիին հետ: Այս պատճառով է, որ բուռն պայքարի մը տարրերը չպակսեցան, եւ չկայ ուրիշ հարց մը, որ այնքան թունավորած ըլլայ հայօց եւ ռուս ղեկավարներուն յարաբերութիւնները, որքան հայ վարժարաններու խնդիրը, զօրս կխափաներ ռուսական կայսրութեան՝ հայօց ռուսացման ջանքերը»։
Արշալույս Զուրաբյան