Վիկտոր Բելյաևն ավելի քան 30 տարի աշխատել է Կրեմլում։ Այդ ընթացքում նա հասցրել է կերակրել բոլորին` Նիքսոնից մինչև Պուտին։ Իսկ ժամանակին Վիկտոր Բորիսովիչն իր կարիերան սկսել էր սովորական խոհարար լինելուց։
Վիկտոր Բելյաևը խոհարարություն է արել ռուսաստանյան շատ առաջնորդների համար` Լեոնիդ Բրեժնևից մինչև Վլադիմիր Պուտին, նրա պատրաստածը ճաշակել են նաև միջազգային քաղաքական գործիչներից շատերը։ Խոհարարը հասցրել է ընկերանալ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հետ, վարպետության դաս անցկացնել վարչապետ Ինդիրա Գանդիի համար և ուրախացնել «երկաթե տիկին» Մարգարետ Թետչերին։ Կրեմլյան սեղաններին առկա մետրանոց թառափների և դույլով ձկնկիթների մասին պատմվող լեգենդների վրա նա ծիծաղում է։ Պնդում է, որ բոլոր քաղաքական գործիչները սովորական և լավ սնունդ են սիրում։ Օրինակ` Բրեժնևը ձկնապուր էր նախընտրում, իսկ Ելցինն անձամբ էր կարողանում այն պատրաստել։ Վլադիմիր Պուտինն աղանդեր է սիրում, մասնավորապես` սերուցքային պլոմբիր։
«Ես գիտեի պաղպաղակի նկատմամբ նրա ունեցած սիրո մասին և միշտ աշխատում էի ճաշի վերջում նրան պաղպաղակե գնդիկ մատուցել»,- ասաց նա։
Բելյաևը պատմեց, որ Նիքսոնը ձկնային ուտեստներ էր շատ սիրում, ի դեպ, նա նաև մոլի ձկնորս էր։ Իսկ ահա Ինդիրա Գանդին այնքան էր հավանել էր նրա` սագի դեղնուցով պատրաստած լապշան, որ մոտեցել էր և խնդրել սովորեցնել իրեն։ Հաջորդ այցի ժամանակ Ինդիրա Գանդին պատմել է, որ իր ընտանիքին շատ է դուր եկել այդ ուտեստը։ Իսկ ահա Մարգարետ Թետչերը սովորաբար Կրեմլի խոհանոցի ծառայություններից չէր օգտվում։ Մի օր նա ճաշարան է գալիս և որոշում փքաբլիթներ համտեսել։ Վեց նրբաբլիթ են մատուցում, և, ի զարմանս, նա ամբողջն ուտում է։ Հաջորդ երկու օրը, նա կրկին իջնում էր ճաշարան, իսկ վերջին օրը անձամբ սեղմում Վիկտոր Բորիսովիչի ձեռքը։
«Եթե նա այսօր գար, ես դարձյալ իմ ուտեստով կգրեի նրան»,- ծիծաղելով ասում է Բելյաևը։
Նա իրեն դասական խոհարար է համարում։ Չի սիրում նվազագույնի հասցված ժամանակակից խոհանոցը։ Չի հասկանում` ինչպես կարելի է կշտանալ ռուկոլայով և ծովախեցգետիններով ու չօգտագործել մայոնեզ։ Բելյաևը սիրում է աշխատել խմորի հետ, նոր համեր փնտրել և հին բաղադրատոմսեր «հայտնաբերել»։ Հաճախ է «երես տալիս» իր ընտանիքին, գերադասում է բորոդինոյի հացից պատրաստվող պաղպաղակի հին բաղադրատոմսը։ Իսկ տաք ուտեստներից սիրում է կոտլետներ` մակարոնով։ Ի դեպ, ընկերների շնորհիվ սովորել է հայկական տոլմա պատրաստել և լավաշ թխել։ Հենց լավաշն է համարում ամենաօգտակար հացը։
«Ամենից հաճելին այն է, երբ լավ ուտեստի շուրջ սեղան ես նստում։ Այդպես են ծնվում ընկերությունն ու լավ հարաբերությունները։ Դա մտերմացնում է և շատ բան սովորեցնում»,- նշում է խոհարարը։
Բելյաևը համոզված է` պետք է անընդհատ սովորել և կատարելագործել հմտությունները։ Նա կարծում է, որ եթե մարդը բարի է և լավ աուրա ունի, ապա կկարողանա խոհարար դառնալ։ Կարևորը, որ անընդհատ նոր բան սովորի և միշտ սիրով մոտենա գազօջախին։ Ինքը հենց այդ սկզբունքով է առաջնորդվել և անկախ նրանից, որ միշտ երազել է պատմաբան դառնալ, հետևել է պատերազմ անցած պապի խորհրդին և խոհարար դարձել։
Ամենասկզբում Վիկտոր Բորիսովիչը ռեստորանում ձու էր մաքրում։ Այսօր հպարտում է, որ կարողանում է մեկ ձեռքով և նույնիսկ ձեռքի մեկ շարժումով ձու մաքրել։ Այնուհետև նրան տեղափոխում են մսամթերքի և ձկնեղենի բաժին`դրանք կտրատելու համար։ Հետո հայտնվում է Կրեմլում, որտեղ աշխատում է ավելի քան 30 տարի` խոհարարից մինչև սննդի բաժնի գլխավոր տնօրեն։ Ասում է`հաջողության գաղտնիքն աշխատանքի ընթացքում մշտապես սովորելն է. նա մինչ օրս էլ ամեն տեղ և բոլորից սովորում է։