Օսլայած օձիք ու օծանելիքի բույր, անդրավարտիքի սուր սլաքներ ու մաքուր սափրած դեմք։ 81 տարեկանում Շավարշ Դավիդյանը մաքրասիրության և կոկիկության չափանիշ է: Վերջին 17 տարին նա որպես պահակ է աշխատում Ցխինվալի պետական տպարանի շենքում: Եռահարկ շենքում տարբեր կոլեկտիվներ են աշխատում, որոնք այստեղ գրասենյակներ են վարձում:
Աշխատանքի շտապող մարդկանց առավոտը սկսվում է մուտքի մոտ դիմավորող Շավարշ քեռու բարի ժպիտից։ Դրական տրամադրության չափաբաժինը Շավարշ քեռին լրացնում է սեփական այգուց բերած մրգեր հյուրասիրելով։ Երբեմն թվում է, թե իր պահակասենյակի փոքր դռան հետևում մեծ մրգային բազա է թաքնված։ Նա անդադար համեղ խնձորներ, կեռաս, արքայանարինջ, հյութալի տանձ է հյուրասիրում անցորդներին և կրկնում` «վերցրու, վերցրու, սրսկած չէ»։
Նրանք, ովքեր անցնում են նրա կողքով և ոչինչ չեն վերցնում, նրան նաև աստիճանների վրա հանդիպելու վտանգի տակ են։
Շավարշ անունը նշանակում է «արևի ուժ» կամ «մեծ արջ»։ Ցածրահասակ, նիհար Շավարշ քեռին պատանեկան թեթևությամբ օրվա մեջ մի քանի անգամ շրջում է տպարանի երեք հարկերում։ Ամենուր պետք է կարգուկանոն լինի։
«Իմ աշխատանքում կարևորը արտադրությունը պահպանելն է»,–բացատրում է նա։
Պատասխանատվության այդ զգացումը նրա մոտ մանկուց է մնացել, երբ նա, դեռ 8 տարեկան հասակում, մայրիկին օգնում էր երկար գիշերային հերթապահությունների ժամանակ վառ պահել կրակը աղյուսի թրծման վառարաններում։
Շավարշի նախնիները Օսմանյան կայսրությունից Ջավախք են գաղթել, որտեղ էլ նա ծնվել է 1938 թվականին։
«Մենք երեք եղբայր էինք։ Երբ հորս ռազմաճակատ ուղարկեցին, մայրս որդիների հետ Ցխինվալ տեղափոխվեց, և մենք բնակվեցինք աղյուսի գործարանի թաղամասում։ Հայրս ռազմաճակատից չվերադարձավ։ Անհետ կորավ։ Խեղճ մայրս աշխատում էր աղյուսի գործարանում։ Ասում եմ խեղճ, որովհետև նա արդեն մեզ հետ չէ», – ասում է քեռի Շավարշը։
Հիշում է, թե ինչպես մայրը 15 տարի աշխատեց աղյուսի գործարանում, ինչից հետագայում կուրացավ։ Նա աշխատում էր աղյուսի թրծման արտադրամասում, որտեղ ածուխ էր գցում վառարանների մեջ։
«Գիշերը ժամը 11-ին նա նոր աշխատանքի էր անցնում։ Որպեսզի մայրս գիշերը մենակ չհերթապահի` ես վազում էի գործարան` նրան օգնելու։ Սայլակներով ածուխը մոտեցնում էի վառարաններին։ Այնտեղ թախտ կար, և մայրս այնտեղ էր ինձ պառկեցնում քնելու։ Ես մի փոքր քնում էի, հետո նորից վեր կենում և օգնում։ Իսկ երբ նա բացում էր վառարանի դուռը, նրա վրա ուժեղ տաքություն էր գալիս։ Արդյունքում նա կուրացավ այդ վնասակար աշխատանքից»,–պատմում է Շավարշը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am