Բռնության կոչերի քրեականացումը շփոթեցրեց Փաշինյանին. նա խառնեց Թումանյանին ու Նար–Դոսին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Բռնության կոչերի քրեականացումը շփոթեցրեց Փաշինյանին. նա խառնեց Թումանյանին ու Նար–Դոսին. armeniasputnik.am

Խոսքի ազատությունը բացարձակ արժեք չէ և կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված որոշ դեպքերում։

Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` ներկայացնելով ՀՀ Քրեական ու Քրեական դատավարության օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունների նախագծերը։ Բադասյանը նշեց, որ առաջարկը վերաբերում է ատելության խոսքին ու բռնության կոչերին։ «Այժմ քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է նախատեսված միայն որոշ հանցատեսակների հրահրման հրապարակային կոչերի, դրանք արդարացնելու կամ քարոզելու համար։

Կարծում ենք, որ Քրեական օրենսգրքում առկա կարգավորումները բավարար չեն անձանց կյանքի և առողջության, անձնական ազատության, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության պաշտպանության համար ամուր երաշխիքներ ապահովելու տեսանկյունից»,– ասաց Բադասյանը։

Խտրականության տարբեր հիմքերով բռնության քարոզի, այդ բռնությունը հրապարակային արդարացնելու կամ քարոզելու համար կառավարությունը նոր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում է նոր պատժատեսակներ սահմանել, մասնավորապես, տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկում` երկու ամսից մինչև 1 տարի ժամկետով:

Իսկ եթե նույն արարքը կատարեն մի խումբ անձինք, ապա կպատժվի նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ մինչև երեք տարի ազատազրկմամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ ներկայացված նախագիծը բխում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության տրամաբանությունից։

«Մենք խնդիր են դրել ունենալ բռնությունից զերծ հանրություն և պետք է արձանագրենք, որ ինչքան էլ այս վերնագիրը, կարելի է ասել, կոնսենսուսային է ՀՀ–ում, այնուամենայնիվ, մեր գիտակցության, որոշակի ենթաշերտերում կան բռնության տեսակներ, որոնք լեգիտիմության որոշակի էլեմենտներ են պարունակում։ Եվ սա նոր երևույթ չէ»,– ասաց նա։

Ըստ Փաշինյանի` ՀՀ–ում իրավապահները բռնության որոշ դեպքերի նկատմամբ շատ լոյալ վերաբերմունք են դրսևորում։

Քննարկումների թեման վարչապետին հիշեցրեց Նար–Դոսի հայտնի պատմվածքը, որը նա իր խոսքում Հովհաննես Թումանյանին վերագրեց։

«Ես հիշեցի Հովհաննես Թումանյանի հայտնի պատմվածքներից մեկը` «Ինչ եղավ, հետո, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց»։ Ոչ մի բան էլ չեղավ, «մի մուշտի» էր ընդամենը տվել, ուրիշ ոչ մի բան։ Կարծում եմ, որ մենք շատ կոնկրետ բան ենք ասում։

ՀՀ որևէ քաղաքացի` որևէ, բառիս բուն իմաստով` որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության, որովհետև եթե մենք գնանք բռնության լեգիտիմացման, թեկուզ տեղային մակարդակով, մենք ուրիշ տեղ կհասնենք։ Որովհետև ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց` ցածրահասակները, ոմանց դուր չեն գալիս ժուլյեն ուտողները, ոմանց` քյաբաբ ուտողները ,- ասաց Փաշինյանը,– ովքեր չեն հիշում պատմվածքը` ասեմ, որ այդ «մուշտիի» արդյունքում «մուշտիի» օբյեկտը մահացել էր։

Կար լեգիտիմություն։ Ընտանիքում առանց թույլտվության շաքար էր վերցրել ու արդյունքում մահացել էր։ Ու երբ հարցը ստացել էր հանրային հնչեղություն, եզրակացությունը եղել էր այն, թե ի՞նչ է եղել որ` մի մուշտի է տվել։ Խնդիրը մեր օրակարգում ձևակերպվել են դեռ Հովհաննես Թումանյանի կողմից։ Ու եթե մանրամասն կարդանք Թումանյանին, կտեսնենք, որ այդ խնդիրները մինչ օրս գոյություն ունեն»։

Վարչապետը հատկապես նշեց երեխաների ու կանանց նկատմամբ բռնության դեպքերը` հայտարարելով, որ այնտեղ, որտեղ երեխաների, կանանց նկատմամբ բռնություն է գործադրվում, պետությունը միջամտելու իրավունք ունի։

Քննարկման արդյունքում կառավարությունը կողմ քվեարկեց ներկայացված նախագծին։ Այն կներկայացվի ԱԺ։

armeniasputnik.am