Բյուջետային «Wizz Air»-ը թռիչքներ կիրականացնի ՀՀ-ից, տոմսի արժեքը կսկսի 24.99 եվրոյից
Advertisement 1000 x 90

Բյուջետային «Wizz Air»-ը թռիչքներ կիրականացնի ՀՀ-ից, տոմսի արժեքը կսկսի 24.99 եվրոյից

Հայաստանյան շուկա է մուտք գործում նոր բյուջետային ավիաընկերություն: «Wizz Air» բյուջետային ընկերությունը Երևանից սկսելու է թռիչքներ իրականացնել ապրիլից: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց «Wizz Air» ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն:

«Ամենակարևոր հարցն այն է, թե դեպի ուր ենք թռնելու: Ասեմ, որ ապրիլից սկսում ենք թռիչքներ իրականացնել դեպի Վիեննա, Վիլնյուս: Այս ուղղություններով շաբաթը երկու անգամ կունենանք չվերթներ: Գները լինելու են բավական ցածր` 24.99 եվրոյից սկսած: Արդեն ցանկացողները կարող են ամրագրումներ անել: Շատ ուրախ ենք, որ այստեղ ենք, հուսով եմ, որ սա գեղեցիկ համագործակցության սկիզբն է»,- ասաց Անդրաս Ռադոն:

Տոմսերի վաճառքը լինելու է միայն առցանց: Այսինքն, տուրիստական գործակալությունից քաղաքացին չի կարող տոմս գնել: Առցանց գնումները հնարավոր է կազմակերպել՝ օգտվելով ընկերության հավելվածից: Անդրաս Ռադոն նշեց, որ ուղևորը վճարելու է այն ծառայությունների համար, որոնցից ցանկանում է օգտվել՝ սնունդ, ուղեբեռ և այլն:

Ընկերության ղեկավարը նշեց, որ «Wizz Air»-ն ուլտրա-բյուջետային բիզնես մոդելի կազմակերպություն է: Դա նշանակում է, որ շահագործումն իրականացվում է ցածր ծախսերով: Նա տեղեկացրեց, որ ընկերությունն ունի բավական թարմ, ժամանակակից օդանավեր, ինչը շատ կարևոր է ավիաընկերության գործունեության համար:

Ավիաընկերությունը վերջին 15-16 տարիներին ունեցել է 235 մլն ուղևոր: Ներկայում ունի 120 օդանավ, առաջիկայում նախատեսում է այն հասցնել 300-ի: Երևանն էլ ներառյալ աշխատում են աշխարհի 153 օդանավակայանների հետ: Անդրաս Ռադոն ընդգծեց, որ իրենք համարվում են Եվրոպայի ամենականաչ ավիաընկերությունը: Դա նշանակում է, որ ամեն տարի նվազեցնում են շրջակա միջավայրին հասցված վնասի չափը: Հանձն են առել առաջիկայում ակտիվ շարունակել այդ քաղաքականությունը: Դա անելու համար ձեռք են բերել նորագույն տեխնոլոգիաներ:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն ողջունեց բյուջետային ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա և ընդգծեց, որ դա շատ կարևոր է:

««Wizz Air»-ը հեռանկարում ունի տարբեր ուղղություններով չվերթներ իրականացնել, վստահ եմ, որ դա լավ է Հայաստանի շուկայի համար: Շնորհակալություն Քաղաքավիացիայի կոմիտեին, որ կարողացավ այս ուղղությամբ ակտիվ աշխատել»,- ասաց Մարսելո Վենդեն:

Եվրոպական մեկ այլ բյուջետային ավիաընկերություն՝ Ryanair-ը ևս հայտարարել է Հայաստանի ավիացիոն շուկա մուտք գործելու մասին: Իռլանդական ավիաընկերությունը առաջին չվերթը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից: