Կենցաղային իրերից մինչև անշարժ գույք ու ոսկեղեն. նյութական արժեք լինելուց բացի, օժիտը նաև հոգևոր հսկայական էներգիա է մեկ տնից մյուսը փոխանցել:
Հայաստանի բոլոր գավառներում էլ օժիտն իր ուրույն տեղն ու դերն է ունեցել։ Հատկապես Շիրակի մարզում այն անչափ շատ են կարևորել: Հետաքրքրական է, որ օժիտը ոչ թե ամուսնությանը նախորդող ամսին են գնել, այլ հենց օրորոցից աղջկա բաժինն ու «ղսմաթն» են հավաքել, և ինչպես ասացվածքն է ասում՝ «Աղջիկն օրեկան, բաժինքը՝ տարեկան:
Հնում օժիտը կազմել են ըստ դասակարգման` ներքնաշորերից մինչև բաղնիքի բոխչա ու անշարժ գույք։ Օժիտի համար նախատեսված ամեն ինչ ձեռք են բերել Գյումրիում (Ալեքսանդրապոլում) գործող հատուկ խանութից, որը պատկանել է 19-րդ դարավերջին Արևմտյան Հայաստանից Ալեքսանդրապոլ տեղափոխված Նիկողայոս Դրամփյանին։
«Օժիտը պետք է ունենար ներքնաշորերի բաժին՝ անպայման հելյունագործ ներքնաշորերով՝ վրան սիրո խորհրդանիշ արու և էգ աղավնիներ, որոնք պարտադիր աղջիկն ինքը պետք է ասեղնագործեր»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց էթնոհոգեբան Կարինե Սահակյանը:
Օժիտի վերմակները ևս աղջիկն ինքն էր կարում, իսկ եթե չէր կարողանում, ապա դա անպայման բախտավոր ու երջանիկ ընտանիք ունեցող կնոջն էին հանձնարարում:
«Միայն բախտավոր կանանց էին հրավիրում կարելու։ Կարելու ժամանակ էլ վերմակի վրա անպայման կոնֆետ կամ չամիչ էին լցնում՝ քաղցր կյանք ունենալու համար»,-պատմեց էթնոհոգեբանը:
Շիրակի տարածաշրջանը հատուկ «օժիտ կարողներ» է ունեցել: Գյումրիում օժիտ պատրաստելու համբավ է ունեցել Նանիկը, որը նաև գեղեցիկ, եվրոպականին ոչնչով չզիջող գլխարկներ է պատրաստել։ Եղել են նաև օժիտի գոգնոց կարողներ:
«Ո՛չ մի շապիկ, ո՛չ մի օժիտի պարագա հենց այնպես չի պատրաստվել, բոլորը որդեծնությանն ու պտղաբերության խորհուրդ են ունեցել, ու բոլորի վրա էլ պտղաբերության խորհրդանիշներ` հացահատիկ, ծառեր, նուռ են ասեղնագործել»,- ասաց հոգեբանը:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am