Երևանյան փողոցները հատկապես Ամանորի նախաշեմին կաթվածահար են։ Բոլոր փողոցներում խցանումներ են։ Մի կետից մյուսը հասնելու համար փոքր քաղաքում ժամեր են անհրաժեշտ։ Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի խոսքով՝ վիճակն ավելի ծայրահեղ կլինի, քանի որ Երևանի փողոցային ցանցը չի համապատասխանում մայրաքաղաքում մեքենաների քանակին։ Ավելին` փողոցները վերածվել են ավտոկանգառների։ Սրան էլ գումարած քաղաքի կենտրոնը երթևեկության հիմնական ուղղություններից է, քանի որ կենտրոնական փողոցները շրջանցող ճանապարհները դարձել են շուկաներ, ասում է ճարտարապետը։
«Օրինակ` հարավից եկող ճանապարհը, որ գալիս է Տիգրան Մեծի պողոտա, պետք է մտնի Նար Դոսի փողոց , միանա Չարենցի փողոցին և քաղաքից կարող է շրջանցել դուրս գալ։ Նար Դոսի փողոցը, քանի որ արդեն չի աշխատում որպես շրջանցող փողոց, գալիս հասնում են մինչև կենտրոն և այդտեղից բարձրանում են մինչև վերև։ Արդեն խցանում է։ Այսինքն` մեր վարորդները միշտ նախընտրում են երթևեկել քաղաքի կենտրոնով իբրև կարճ ճանապարհ` առանց գիտակցելու, որ դա ավելի երկար է տևում, քանի որ դա գերհագեցված է»։
Պետք է ուսումնասիրել երթևեկության ուղղությունները, թե որ փողոցում ինչ ծանրաբեռնվածություն կա, ինչ ուղղությամբ են մեքենաներն ավելի շատ գնում և նոր զբաղվել այդ բոլորի համակարգման խնդիրներով։ Կենտրոնը շրջանցող ճանապարհներ կառուցվեցին, նորերն են կառուցվում, սակայն փոքր քաղաքում միայն ճանապարհների կառուցմամբ չէ, որ խնդիրը կարող է լուծվել։ Վարորդներն իրենք էլ պետք է հասկանան, որ 100 մետր գնալու համար մեքենայով տեղափոխվել պետք չէ։
Ճարտարապետն օրինակ է բերում եվրոպական քաղաքները, որտեղ կենտրոնները հետիոտնային են։ Երևանում պետք է ստեղծել պայմաններ։ Մի քանի փողոց, որ բեռնավորված են ավտոկայանետիներով, հարկավոր է հանել և դարձնել անընդմեջ շարժման ուղղություններ։
«Երևաննախագիծ» ընկերության տնօրեն Սիրեկան Օհանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ևս բարձրաձայնեց մեքենաների ու կայանատեղիների խնդիրը։ Ոչ պաշտոնական տվյալներով` Երևանում կա մոտ 400 հազար մեքենա։ Իսկ քաղաքի փողոցներն իրենց տարողունակությամբ այդքան մեքենայի համար հաշվարկված չեն, ասում է ընկերության տնօրենը։ Բնակչության միջին թվաքանակի համար սա միջինացված բարձր ցուցանիշ է։ Այսքան մեքենաներ քաղաքը երբևէ չի ունեցել և նման քանակություն Երևանում տեղավորելը հնարավոր չէ։ Ավտոմեքենաների համար ստորգետնյա կայանատեղիներ կառուցելն էլ խնդրի լուծում չէ.
«Այս պարագայում մենք կարող ենք կանգնել քաղաքաշինական որոշակի նոնսենսի առաջ։ Այսօր կանգառ չկա, մեքենաները քիչ են։ Կանգառի առկայության դեպքում շատ հնարավոր է և միջազգային գործընթացը ցույց է տալիս, որ մեքենաների քանակը կարող է շատ ավելի արագ աճեն այդ հատվածում։ Այսինքն` այս քանակի մեքենաներ, որքան էլ որ ցանկություն ունենանք, չենք կարող տեղավորել»։
Միջազգային պրակտիկայում կան որոշակի լուծումներ, որոնք այս կամ այն կերպ նման խնդիրների դեմն առնում են։ Սակայն դա էլ ենթադրում է տնտեսական մեխանիզմներ։
«Դա ենթադրում է մեքենայի գնի թանկացում, մաքսատուրքի, վառելիքի թանկացում։ Երևանի կենտրոնում կամ ծանրաբեռնված հատվածներում ավտոկանգառի արժեքի թանկացում։ Այսինքն` սրանք զսպող մեխանիզմներ են, որոնք կստիպեն մարդատար (սեփական) մեքենաներից քիչ օգտվել»։
Երթևեկության ծանրաբեռնվածությունը թեթևացնելու լավագույն տարբերակը «Երևաննախագծի» տնօրեն Սիրեկան Օհանյանը տեսնում է մետրոպոլիտենի կայարանների ավելացման և ճոպանուղու գործարկման մեջ։ Ըստ նրա` ցանկալի կլինի, որ մետրոյի առաջին և վերջին կայարանները լինեն այն հնարավոր տեղերում, որտեղից դեպի Երևան են մուտք գործում մարզերի բնակիչները։ Նախագծով նախատեսվում է նոր կայարաններ բացել մինչև Նորքի զանգված, դեպի Արաբկիր, Աջափնյակ, որը կշարունակվի մինչև Մազմանյան փողոց և այնուհետև դուրս կգա Դավիթաշեն, սակայն նշում է միաժամանակ, որ այս նախագծերի իրականացման համար իրական ներդրողներ չկան։
«Մետրոպոլիտենի մասով դեռևս բանակցություններ տարվում են Աջափնյակի հատվածն ավարտական վիճակի բերելու»։
Երևանի տրանսպորտային բարդագույն խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է նաեւ ճոպանուղային ուղևորատար տրանսպորտի ստեղծումը։ Ներկայումս բանակցություններ են ընթանում Նոր Նորքը Կենտրոնին կապող օդային երթուղի ստեղծելու շուրջ։
Ըստ ընկերության տնօրենի` տրանսպորտային համակարգի նման վիճակի հիմնական պատճառը Երևանի բարդ ռելիեֆն է։ Կենտրոնի ցածր դիրքն ու արվարձանների բարձրադիր դիրքը հնարավորություն չեն տալիս տրանսպորտային հաղորդակցուղիներն անցկացնել ոչ թե կենտրոնական, այլ` օղակաձև հատվածով։ Իսկ թե այս օրերին հատկապես ծանրաբեռնված երթևեկությունն ինչպես է փորձում կանոնակարգել ճանապարհային ոստիկանությունը, պատասխանեցին` աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով, ուստի չեն կարող պատասխանել։