Արշակ Ֆեթվաճյանը հայ կերպարվեստի պատմության հերթական դրամատիկ կերպարն է:
1918 թ. Հայաստանի Առաջին Հանրապետության դրամի ու նամականիշի էսքիզները վստահվում է Հռոմի Սան Լուկա ակադեմիայում ուսանած, արդեն բավականին ճանաչում ունեցող նկարիչ Արշակ Ֆեթվաճյանին:
1919 թվականին, երբ հայկական թղթադրամների ընդհանուր պատկերներն արդեն վերջնական տեսքի էին բերված և հաստատված, որոշվում է հայկական դրամը տպագրել Լոնդոնի Վիլյամ Վաթերլոյի ֆիրմայում: Ֆեթվաճյանը այդ առաքելությամբ մեկնում է Փարիզ, իր հետ տանելով ողջ հավաքածուն: Նրա ստեղծած ռուբլիները արվեստի իսկական գործեր էին և գեղարվեստական ու տպագրական առումով անթերի, քանի որ գործնականում բացառվում էր դրանց կրկնօրինակումը:
Հայաստանի առաջին Հանրապետության պաշտոնական թղթադրամները թվագրված են 1919 թվականով և թողարկված են 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքներով: Դրանց վրա այդ ժամանակվա վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի և ֆինանսների նախարար Գրիգոր Ջաղեթյանի ստորագրություններն են:
Հիմնական մակագրությունները հայերեն են, սակայն կան նաև ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով մակագրություններ: Այս թղթադրամներն առանձնանում են իրենց գծանկարների նրբագեղությամբ և տպագրության բարձր որակով: Դրանց ձևավորման մեջ օգտագործված են ազգային պատկերներ և նախշեր:
250 ռուբլիանոց թղթադրամի վրա պատկերված է ճախարակով թել մանող հայ կնոջ դիմանկարը, որը հետագայում բոլորի կողմից ընկալվեց և ընդունվեց որպես արդեն առանձին խորհրդանշական կերպար: 100 ռուբլիանոց թղթադրամի վրա նույնպես արդեն հանրահայտ դարձած սուրը ձեռքին օձին տապալող արծիվի պատկերն է, դրոշմված են նաև Արարատ լեռան և Արարատյան դաշտավայրի պատկերները և Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցու զարդաքանդակներից մեկի գծանկարը:
189 միլիոն ռուբլի տպագրվում է Լոնդոնում ու դա շրջանառվում միայն դաշնակցական կառավարության օրոք: 1928 թ. Փարիզում հրատարակվում է Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գիրքը, որտեղ ընդգրկվում են Ֆեթվաճյանի դրամների ու նամականիշերի պատկերները, սակայն, առանց հեղինակի անունը հիշատակելու: Հետագայում նկարիչն իր մոտ եղած բնատիպերը նվիրում է սանիկին, 1948 թ. դրանք առաջին անգամ ցուցադրվում են Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտում:
Այս պատմության ամենադրամատիկ հատվածն այն է, որ Արշակ Ֆեթվաճյանն այլևս չի կարողանում վերադառնալ հայրենիք: ԱՄՆ-ում ապրելու տարիներին նա գրում է.
Ես, որ Հային տրված աստվածապարգև շնորհքը ամենառաջադեմ ազգերի մտավորական ավագանիի բերանով բարբառել տվի…հիմա մենակ կտվայտեմ արժեքների մասին հասկացություն չունեցող մարդկանց մեջ:
Հայրենիք վերադառնալու նրա խնդրանքը բազմիցս մերժում է Հայաստանի կառավարությունը: 1947 թ. Ուոթրթաունի սբ. Հակոբ եկեղեցում Արշակ Ֆեթվաճյանի հոգեհանգստյան մեղեդին հնչեցնում է Ալան Հովհաննեսը:
Մահից առաջ Արշակ Ֆեթվաճյանը վերջին անգամ, ձեռքն առնելով մատիտը, գրում է իր կտակը, որով իր ողջ ստեղծագործությունները կտակում է հայրենիքին…