Պատմաբան Արշալույս Զուրաբյանի հրապարակումը.
«Պարսպատունիք – Ղարադաղ
Մեծ Հայքի Վասպուրական նահանգի 26-րդ գավառը` Պարսպատունիքը (ներկայիս Ղարադաղը, Իրանի հյուսիս-արեւմուտք), ընդգրկում էր 5,5 հազար քառ. կմ տարածք։
Ղարադաղն ընկած է Արաքսի աջ ափին` Սյունիքի հարավակողմում (Իրան)։ Հայկական լեռները (Դրունք Հայոց) Մեղրիի լեռներից բաժանվում են Արաքսի կիրճով։ Արաքսի հովիտը տանող Պարսպատունիքի Դրունք Հայոց լեռնանցքը «Հայկական լեռներ» անվանել է Ստրաբոնը (Ք. ա. 1-ին դար), իսկ պարսիկ աշխարհագետ Զաքարիա Ղազուինին (13-րդ դար) այն հիշատակում է «Հայկական Անցք» անունով։
Այս պատմական գավառում 19-րդ դարի սկզբին ապրում էր շուրջ 25.000, իսկ 20-րդ դարասկզբին` ավելի քան 7.000 հայ, որոնք ցրված էին Ղարադաղի հինգ գավառակների (Քեյհան, Մեշափար, Հասանլար, Մնջվան, Դզմար) 29 գյուղերում: 1890-ական թթ. Աղաղան գյուղում ուսուցչությամբ են զբաղվել հայ ազատագրական պայքարի նվիրյալներ Եփրեմ խանն ու Քեռու (Արշակ Գավաֆյան) եղբայրը` Բագրատ Գավաֆյանը (Տեր Արշակ): Գավառում հայտնի էր բնիկ ղարադաղցի Թումանյան մեծահարուստ գերդաստանը, որն ուներ հինգ գյուղ։
1918 թ. գարնանը, օսմանյան բանակի Ատրպատական ներխուժման ժամանակ, գավառի հայության մի մասը սրի է քաշվել, փրկվածներն էլ փախել ու ապաստանել են Թավրիզում, Սյունիքում ու Արցախում։ Ներկայումս Ղարադաղում հայ բնակչություն չկա»։