Ryanair ընկերության առաջին չվերթերը Իտալիայի (Հռոմ ու Միլան) ուղղությամբ կարող են ուշացումով մեկնել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
«Կարող է առաջին չվերթի հետ կապված խնդիր առաջանալ, ինչպես ասում են` հայի բախտ է։ Իտալիայում նավիգացիայի աշխատակիցները գործադուլի են պատրաստվում, ու դա կարող է հետաձգման հանգեցնել», – ասաց նա։
Ռևազյանի խոսքով, ի սկզբանե ընկերությունը պատրաստվում էր չեղարկել չվերթը, սակայն հիմա խոսքը միայն հետաձգման մասին է։
«Օրվա ընթացքում այլ մանրամասներ հայտնի կդառնան», – նշեց Ռևազյանը։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահը հայտնեց, որ բոլոր տոմսերը վաճառված են։
Հիշեցնենք` Ryanair ընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ’Բրայենը հայտարարել էր, որ 2020թ.–ի հունվարից ուղիղ չվերթեր են իրականացվելու Երևանից Հռոմ և Միլան, 2020թ.–ի ամռանը կբացվեն Երևան–Բեռլին և Գյումրի–Մյունխեն չվերթերը։
Առաջին չվերթը նախատեսվում էր իրականացնել հունվարի 14–ին։