Տուգանքների համակարգը պետք է դառնա «խելացի». Ինչ է դա ենթադրում. lragir.am
Advertisement 1000 x 90

Տուգանքների համակարգը պետք է դառնա «խելացի». Ինչ է դա ենթադրում. lragir.am

Lragir.am-ի հարցերին պատասխանել է «Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան ՀԿ փորձագետ Էդուարդ Բադալյանը

Պարոն Բադալյան, կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շարունակում են ահազանգեր ստանալ, որ բիզնեսի ներկայացուցիչները ՀԴՄ կտրոն չեն տպում: Թեև վերջին ամիսներին ՊԵԿ-ն ու կառավարության անդամները նախազգուշացնում են, որ ՀԴՄ կտրոն չտրամադրող գործարարները խիստ կպատժվեն, բայց մարդիկ շարունակում են խուսափել կտրոն տրամադրելուց: Ո՞րն է պատճառը:

Կարծում եմ, որ վարչապետը բարձրացնում էր ընդհանրապես իրացումն ամբողջությամբ հայտարարագրելու մշակույթի ներդրման խնդիրը, չնայած ՀԴՄ հապավման հաճախակի հիշատակմանը: Սա հասկանալի նպատակ է՝ այդ նպատակին պետք է ձգտել:

Եթե խոսում ենք հատկապես ու կոնկրետ ՀԴՄ կտրոնի մասին, պետք է հաշվի առնել, որ ՀԴՄ կտրոն չտպելուն մղող բազմաթիվ պատճառներ կան՝ և պրակտիկ, և օրենսդրական: Օրինակ՝ խոշոր ցանցերը շատ ավելի բարենպաստ պայմաններով են ձեռք բերում ապրանքները, քան ավելի մանր բիզնեսը: Եվ դրա հետևանքով մանր բիզնեսն  ուղղակի գործող հարկային բեռի շրջանակներում չի կարողանում մրցունակ լինել ու սկսում է գնալ դեպի ստվեր: Ես չեմ ասում, որ դա արդարացված է, բայց սա պատճառներից մեկն է, որը մարդկանց կարող է մղել ՀԴՄ կտրոն չտպելուն:

Մյուս խնդիրը վերաբերում է մեր օրենսդրական կարգավորումներին: Նախկինում մինչև 18 մլն դրամ շրջանառություն ունեցող ընտանեկան բիզնեսի փոխարեն ներկայում ներդրվել է միկրոբիզնեսի մինչև 24 մլն դրամ շրջանռության շեմը: Գործում է նաև շրջանառության հարկի մինչև 115 մլն դրամ շեմը: Նախկինում առիթ ունեցել եմ հենց ձեր լրատվամիջոցում հրապարակմամբ նշելու, որ այս շեմերի այսպիսի կոշտ սահմանումը խնդիր է ու առաջարկել եմ առավել ճկուն մոտեցում ցուցաբերել շեմերի սահմանմանը: Բանն այն է որ այդ շեմի գերազանցումից հետո հարկատուն ոչ միայն ընթացիկ, այլ նաև հաջորդ հարկային տարում է դադարելու համարվել միկրոձեռնարկատիրություն կամ շրջանառության հարկ վճարող: Օրենսդրական այս նորմը ստիպում է հարկատուներին հնարավորինս նվազեցնել իրացման շրջանառությունը, քանի որ դրա թեկուզ և 1 դրամով գերազանցումը հարկատուին բերելու է առավել անբարենպաստ հարկային դաշտ ոչ միայն մինչ տվյալ տարվա ավարտը, այլ նաև հաջորդ տարի՝ անկախ այն հանգամանքից, որ հաջորդ տարում հարկատուն կարող է ունենալ շատ ավելի նվազ իրացման շրջանառություն:

Այսինքն՝ ընդհանրապես հարկ չվճարելու կարգավիճակից մեկ դրամի պատճառով մարդը կարող է մոտ հինգ անգամ ավելի ծանր հարկային բեռ նախատեսող դաշտ տեղափոխվել: Նույնը վերաբերում է նրան, որ 115 մլն դրամ շրջանառության հարկի շեմը գերազանցելուց հետո մարդը հայտնվելու է ավելի ծանր հարկման դաշտում: Հետևաբար, հենց նրանք հասնում են այդ շեմին, կամ դադարեցնում են գործունեությունը, կամ փորձում կառավարել իրենց իրացման հայտարարագրվող ծավալը՝ ՀԴՄ չտպելու միջոցով: Այսինքն՝ մենք շարժառիթ ենք ստեղծել, որ մարդն այդ վարքագիծը դրսևորի:

Կրկնվեմ՝ սա, իհարկե, չի արդարացնում ՀԴՄ կտրոն չտրամադրելը, բայց ստեղծում է լուրջ շարժառիթ այդպես վարվելու:

Նշենք նաև, որ այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ ՀԴՄ-ներ չեն ներմուծվում Հայաստան: Այսինքն՝ մի կողմից մարդկանց ասում ենք, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար խիստ կպատժվեն, բայց ՀԴՄ չկա: Հարց է առաջանում, թե այս մարդիկ ո՞նց տպեն ՀԴՄ կտրոն: Եվ ստացվում է, որ մենք իրենց ասում ենք՝ չկա, ուրեմն դուք չպետք է աշխատեք:

Միաժամանակ, ամենաիդեալական պայմաններում անգամ ՀԴՄ կտրոնի տրամադրման խնդիրը կա ու միշտ լինելու է: Բայց նաև չեմ կարծում, որ այսօր հարցն այն աստիճան սուր է, որ կարիք կա այդքան մեծ ուշադրության արժանացնել հենց կոնկրետ ՀԴՄ հարցը: Հեղափոխությունից հետո ՀԴՄ կտրոնների տրամադրման խնդիրն էականորեն լուծվել է: Արձանագրված ցուցանիշների մասին հենց վարչապետն է հայտարարել՝ միլիոնավոր ավել տպված կտրոններ ու հայտարարագրված իրացում: Կարծում եմ՝ ՊԵԿ-ը հիմա արդյունավետ է գործում, իհարկե, ռեսուրսների խնդիր ունեն, բայց ժամանակի ընթացքում թիրախային աշխատանքի արդյունքում կարձանագրվեն ավելի լավ ցուցանիշներ:

Կառավարության վերջին նիստում վարչապետն առաջարկեց հարցի լուծման համար ներդնել քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոն չտրամադելու գործընթացը նկարահանելու տարբերակը: Դա կարո՞ղ է արդյունավետ տարբերակ համարվել, և ի՞նչ խնդիրներ կառաջանան:

Կարծում եմ կարիք չկա սովորական քաղաքացիներին ներգրավել այդ գործընթացում՝ նկարահանելու տեսքով: Նախ այսօր քաղաքացին օրենքով արդեն ունի հնարավորություն ներգրավվելու այս պրոցեսում և ներգրավվում է: Մասնավորապես, հարկային մարմնի «թեժ գծին» զանգ կատարելով՝ մարդը հայտնում է իր բողոքը, իսկ ՊԵԿ-ն անպայմանորեն արձագանքում և ստուգում է տեղեկությունները: Բացի դա, բարձր քաղաքացիական գիտակցություն դրսևորած քաղաքացիներն ուղղակի պահանջում են իրենց ՀԴՄ կտրոնները: Իսկ որտեղ իր պահանջը չեն կատարում, ինքն այդտեղից ուղղակի առևտուր չի անում: Նկարելու հնարավորություն տալու և դրա հիման վրա մեխանիկորեն տուգանելու վերաբերյալ իմ մտահոգությունն ավելի շատ քաղաքացիների վարքագծի հետ է կապված և նրա հետ, թե ինչն ենք մենք խրախուսում: Մի քիչ տարօրինակ իրավիճակ է առաջանում՝ եթե դու կարող ես պահանջել կտրոնը, և քեզ կտան այն, այս դեպքում չես պահանջում և նկարում ես: Մյուս կողմից, մենք բոլորս գիտենք, որ այդ կտրոնների հարցը տարածված է մարզերում, որտեղ քիչ բնակչություն կա, մարդիկ իրար ճանաչում են, և Երևանում բակային տարածքներում գործող խանութերում: Հիմա ինչքանո՞վ է լավ, որ մենք խրախուսենք մարդկանց, որպեզի իրենց հարևանի խանութից առևտուր անելիս թաքուն նկարեն նրան եւ ուղարկեն հարկային մարմնին, միաժամանակ առօրյա կյանքում ջերմ հարաբերություններ պահպանել այդ մարդու հետ, կարծես ոչինչ էլ չի պատահել:

Իսկ ընդհանրապես տուգանքների մեխանիզմը խստացնելը արդյունավե՞տ ճանապարհ է՝ մարդկանց հարկային դաշտ բերելու համար: Վարչապետը վերջին ամիսներին ասում է, որ հունվարից կրկնակի ու եռակի խստացվում է վերահսկողությունը:

Բազմաթիվ հարկ վճարողներ հեղափոխությունից հետո էապես բարելավել են իրենց վարքագիծը և սկսել են տպել ՀԴՄ կտրոններ ու նորմալ հարկեր վճարել: Զգալի մասն՝ արձագանքելով վարչապետի կոչերին, մյուս մասը ՊԵԿ վարչարարության արդյունքում փոխել են իրենց վարքագիծը: Օրինակ՝ կարելի է ասել, որ Խոշոր հարկ վճարողների տեսչությունն իր կողմից սպասարկվող բիզնեսի մասով այդ խնդիրը լուծել է. մենք գիտենք, որ բոլորին հայտնի մի շարք ընկերություններ այսօր տրամադրում են բոլոր կտրոնները: Իհարկե, մնում են նաև ՀԴՄ կտրոններ չտպողներ: Մենք չենք կարող բացարձակապես ստույգ բացահայտել հենց նրանց, ովքեր խրոնիկ կամ դիտավորությամբ չեն տպում: Եվ մեծ է հավանականությունը, որ այդ համատարած խստացման, ստուգումների և տուգանքների հաճախակիացման հետևանքով շատ հաճախ կարող են տուգանվել մարդիկ, ովքեր, որպես կանոն, տպում են ՀԴՄ կտրոն: Լինում են դեպքեր, որ նույնիսկ պարբերաբար ՀԴՄ կտրոն տպողը, կախված մեր երկրում օգտագործվող սարքի կամ կապի խափանման, ծրագրային ապահովման խնդիրների և այլ օբյեկտիվ պատճառների հետ, կարող է ՀԴՄ չտպել: Կամ պարզապես օրվա որևէ պիկ ժամի մեծ քանակի մարդկանց սպասարկելիս, հնարավոր է, որ մեկ կամ մի քանի կտրոն էլ չտպվի: Երբ մենք մարդուն այդ իրավիճակում տուգանում ենք, բնականաբար, առաջացնելու ենք բացասական էմոցիաներ, անարդարության զգացում: Եվ չի բացառվում, որ մենք դրանով գործարարին մղենք այն քայլին, որ նա փորձի ապագայում այդ թվում նաև ՀԴՄ կտրոն չտպելու միջոցով խնայել այն տուգանքի գումարը, որն ըստ նրա՝ անարդար է եղել: Եթե այս իրավիճակները շատանան, մենք կունենանք դրական մթնոլորտի կորուստ: Դրա հետևանքով հարկային մարմիններն ուղղակի չեն հասցնի վերականգնել այն մակարդակը, որը հիմա ունենք:

Հետևաբար, ձեր թվարկած խնդիրների պայմաններում ի՞նչ լուծումներ պետք է տրվեն:

Իմ կարծիքով՝ հարցի լուծումը ՊԵԿ շարունակական, հետևողական և էլ ավելի որակյալ աշխատանքի միջոցով պետք է լինի: Տուգանքների չափի մեխանիկական կրկնապատկման անհրաժեշտություն չկա, որովհետև, իմ կարծիքով, տուգանքներն արդեն իսկ բարձր են: Այդ հարցով ևս տարբեր մասնագետներ, այդ թվում՝ մեր ՀԿ-ն հանդես է եկել առաջարկությամբ, որ տուգանքների համակարգը դառնա «խելացի»: Այսինքն՝ ոչ թե բոլոր դեպքերում պետք է միևնույն մեծությամբ տուգանք սահմանվի, ինչպես հիմա է, այլ տուգանքի չափը կարող է պայմանավորված լինել գնման ընդհանուր գումարով, գնումների քանակով, չտպված կտրոնների քանակով, կազմակերպության ընդհանուր շրջանառությամբ և այլն: Արդար չէ ամեն հարյուր դրամի համար փոքր հարկ վճարողին անընդհատ տուգանել 150 կամ 300 հազար դրամով: Այսինքն՝ համակարգը պետք է փոխել, ինչո՞ւ ոչ, նաև խստացման գնալ, բայց տուգանքը պետք է կախված լինի արարքի ծանրությունից: Զուգահեռաբար պետք է տարբեր միջոցներով հասնել նրան, որ քաղաքացուն ՀԴՄ կտրոնը ինչ-որ բանի համար պետք լինի: Այդ դեպքում զգալի առաջընթաց կգրանցվի:

lragir.am



Նման նյութեր