Սուրբ Ղազարը փոքրիկ կղզի է: Գտնվում է Վենետիկ քաղաքին շատ մոտ՝ հարավային մասում, Լիդո և Սան Սերվոլո կզղիների միջև: Այն հայկական պատմամշակութային կարևորագույն օջախներից է, հայերի հպարտություններից մեկը:
Բայց քչերը գիտեն՝ ինչպես է այս կղզին բաժին հասել հայ կաթոլիկներին, ի՞նչ է այն եղել նախկինում, ու ովքե՞ր են ապրել այնտեղ:
12-րդ դարում այս կղզին հատկացրեցին բորոտներին: Վարակիչ հիվանդության տարածումը կանխելու համար այլ միջոց չգտնելով՝ վենետիկցիները բոլոտավորներին տանում էին այդ կղզի, մեկուսացնում այնտեղ:
Կղզու հիվանդներին խնամում, սնունդ էին ապահովում հայ միաբանները: Ժամանակի ընթացքում հիվանդությունը նահանջում է, ապա՝ մարում, իսկ կղզում հայ միաբանների թիվը գնալով աճում:
Վենետիկցիներն էլ, ի նշան երախտագիտության, 1717 թվականին որոշում են կղզին թողնել հայ կաթոլիկ միաբաններին, որոնք Մխիթար Սեբաստացու գլխավորությամբ եկել էին կղզի: Նրանց ջանքերով էլ աստիճանաբար կառուցեցին միաբանություններ, շինություններ, որտեղ հետագայում պահվելու էին հայոց ձեռագիր մշակույթի կարևորագույն նմուշներ:
Իսկ կղզին Սուրբ Ղազար կոչվել է այն պատճառով, որ հենց Ղազարն էր բորոտների ու հիվանդների հովանավոր սուրբը:
Իր ստեղծման օրվանից Մխիթարյան միաբանությունը ծավալել է հայագիտական-բանասիրական և մշակութային բուռն գործունեություն: 18-րդ դարի 1-ին կեսին Մխիթարյան միաբանության հայագիտական գործունեության նշանակալից երևույթը Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» բացատրական բառարանի հրատարակումն էր:
Վենետիկի Մխիթարյանների տպարանը հիմնվել է 1789-ին: Մխիթարյանների հրատարակչական գործունեությունը սերտորեն առնչվել է իրենց տպարանի աշխատանքի հետ: Առաջին տարում տպարանը լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու երկերը՝ «Գիրք աղօթից» («Մատեան ողբերգութեան») և «Մեկնութիուն Երգոց երգոյն Սողովմոնի», ապա՝ Մխիթար Գոշի առակները, Ղազար Փարպեցու «Պատմութիուն Հայոց»-ը, Մովսես Խորենացուն վերագրվող «Գիրք պիտոյից»-ը և բազում այլ աշխատություններ։