Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
Մոռացված անուններ. Մկրտիչ Մուսինյանց՝ մեծանուն կոնյակագործն ու անկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի քաղաքապետը
Ցավոք, Մուսինյանցի անունը, նրա կյանքն ու գործունեությունը այնքան էլ հայտնի չէ երևանցիներին, չկա մի փողոց նրա անունով կամ հուշատախակ, որը կհիշեցնի մեզ այդ մեծ երևանցու, բարերարի, քաղաքական, հասարակական գործչի և վաստակաշատ գինեգործի, Հայաստանում հողագործության, գինեգործության և կոնյակագործության զարգացման նվիրյալի մասին: Ժամանակն է ուղղելու այդ բացը:
Մկրտիչ Թադևոսի Մուսինյանցը ծնվել է 1868 թվականին Երևանի Կոնդ թաղամասում, հին Երևանի պատվարժան ընտանիքներից մեկում: Եղել է ընտանիքի երկրորդ երեխան, 6 տարեկանում կորցրել է հորը: Սովորել է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից թեմական հոգևոր դպրոցում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև բարերար Ալեքսանդր Մանթաշյանի հովանավորությամբ ուսումը շարունակել է Մոսկվայում, սովորել ֆրանսերեն: Մոսկվայում գտնվող եղբոր աջակցությամբ մեկնել է Ֆրանսիայի Մոնպելիե քաղաք, սովորել գինեգործություն և շերամապահություն, վերադարձել է Երևան, ուսումնասիրել Արարատյան դաշտավայրում գինեգործության հեռանկարները, կազմել Երևանում գինեգործության դպրոց ստեղծելու նախագիծ, դիմել պետական մարմիններին աջակցության համար, սակայն մերժում է ստացել:
1892 թվականի հոկտեմբերին Երևանի գինու և կոնյակի գործարանի սեփականատեր Ներսես Թաիրյանի հրավերով Մուսինյանցն աշխատանքի է անցել գործարանում որպես գինեգործ և կոնյակի մասնագետ, 1894-ին նշանակվել է գործարանի կառավարիչ: Այդ տարիներին է Մուսինյանցն իր կողմից կազմված հատուկ տեխնոլոգիայով ստեղծում երևանյան հանրահայտ կոնյակների անկրկնելի բուրմունքը: 1899-ին, երբ Ներսես Թաիրյանը վաճառում է իր գործարանը մոսկովյան «Ն. Շուստով և որդիներ» ֆիրմային, Մուսինյանցը շարունակում է պաշտոնավարել, նրա նախաձեռնությամբ ընդլայնվում են գործարանի արտադրությունները և բերվում ֆրանսիական սարքավորումներ:
Մուսինյանցը գործարանը կառավարեց 21 տարի՝ միաժամանակ զբաղվելով ինքնակրթությամբ՝ ուսումնասիրելով ապրանքագիտություն, հողագործություն, հաշվապահություն, օրենսդրություն, քաղաքագիտություն: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մուսինյանցը կոնյակի արտադրության մեջ կարողացել է պահպանել օգտագործվող սպիրտի բոլոր պաշարները, որոնք Հայաստանի Հանրապետությանը մեծ քանակությամբ արտարժույթ բերեցին:
Մկրտիչ Մուսինյանցը եղել է Երևանի քաղաքային դումայի անդամ, Հայոց բարեգործական ընկերության Երևանի մասնաճյուղի անդամ, Գաղթականական եղբայրության օգնության հիմնադրամի փոխնախագահ, Երևանի նահանգի պարենավորման կոմիտեի նախագահ և Երևանի թեմական դպրոցների հոգաբարձու: 1919 թվականի հունվարին նա ընտրվել է Երևանի քաղաքագլուխ և այդ պաշտոնը հաջողությամբ զբաղեցրել մինչև 1920 թվականի նոյեմբերը: Հայաստանի Հանրապետության բոլշևիկյան անեքսիայից հետո մինչ իր մահը 1929-ին՝ Մուսինյանցը աշխատեց Երևանի գինու և կոնյակի գործարանում: