Երևանի Կարմիր կամուրջը Հրազդանի ձորում. 19-րդ դարի վերջի բացառիկ լուսանկար: Կամուրջը ներկայումս գտնվում է ամբողջությամբ ավերված և լքված վիճակում, և եթե մենք իրոք կարևորում ենք մեր մայրաքաղաքի պատմության պահպանումը՝ ահա թե ինչն է պետք առաջնահերթ վերականգնել Երևանում և ստեղծել այստեղ զբոսաշրջային գրավիչ միջավայր: Կարմիր կամուրջը դարեր շարունակ եղել է Երևանի հնագույն գլխավոր դարպասը՝ Էջմիածնի և Արարատյան դաշտավայրի հետ կապող ճանապարհին, նրա կամարի տակ անգամ հրաշքով պահպանված միջնադարյան մաքսատուն կա:
Կամուրջը վերակառուցվել է 1679 թվականին երկրաշարժից ավերվածի տեղում՝ Քանաքեռի հայ բարեգործ մեծահարուստ Խոջա Փիլավի հովանավորությամբ, այդ իսկ պատճառով էլ այն անվանել են նաև Խոջա Փիլավի կամուրջ: Իսկ «Կարմիր» կոչվել է կարմիր տուֆից կառուցված լինելու և այդպիսի երանգավորում ունենալու համար: 1890-ականների սկզբի լուսանկարը, որի հեղինակը հավանաբար Դմիտրի Երմակովն է, արված է մոտավորապես ներկայիս Հաղթանակի կամրջի տեղանքից՝ ուղղությունը դեպի Նոյ գինու-կոնյակի գործարան՝ նախկին Երևանի բերդը:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: