Նախորդ դարում մենք մի քանի տասնամյակ շարունակ երազեցինք անկախության մասին, սակայն այն ստանալուց հետո միայն հասկացանք, թե որքան դժվար է պահպանել այն։ Մեր օրերում ոմանք ուրախ են, որ չեն ապրել խորհրդային ժամանակաշրջանում, չեն տեսել աքսորն ու գնդակահարությունները, չեն տեսել սովի ու համաճարակի մատնված Երևանը։ Այդ տարիների մի շարք գաղտնի էջերը կամ բացահայտված են մասամբ, կամ էլ մնում են առեղծված։
Քչերին է հայտնի, որ Օպերայի տարածքում եղել է մատուռ, իսկ Մոսկվա կինոթատրոնի տեղում՝ եկեղեցի։ Այս ամենի մասին լսող մարդկանց մեջ միգուցե լինեն նաև մի շարք խենթեր, ովքեր կուզեին ապրել նախորդ դարում ու տեսնել Երևանի մի շարք ճարտարապետական գոհարներ, որոնցից այժմ մնացել են միայն մի քանի լուսանկարներ ու արխիվային նյութեր։ Նախորդ դարասկզբի Երևան քաղաքի զարդն էր «Սուրբ Նիկոլայ» մայր տաճարը, որ գտնվում էր ներկայիս Ստեփան Շահումյանի արձանի տեղում։
Տաճարի նախագիծը ներկայացվում է Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 3-րդի օրոք՝ 1891 թվականին։ Այդ շրջանում խնդիր է դրվում, որպեսզի Երևանի բերդի տարածքում կառուցվի ռուսական եկեղեցի։ Նախագիծը հաստատվում է, սակայն, Նիկոլայ 2-րդի օրոք՝ 1894 թվականին, և սկսվում են շինարարական աշխատանքները։ Տաճարի շինարարությունը սկսվել է Վ.Միրոևի կողմից, իսկ ավարտվել է Ի.Կիտկինի կողմից: Տաճարում այնուհետև կառուցվել է զանգակատունը։ Եկեղեցու կառուցման աշխատանքներն ավարտվում են, և այն բացվում է 1900 թվականին։
Արխիվները նշում են, որ այս տաճարի ճարտարապետության առանձնահատկությունը ռուսական եկեղեցական ճարտարապետական արվեստի և հայկական եկեղեցաշինության արվեստի ձևերի սինթեզում է: Բացի այդ, շինարարները հաշվի են առել այն փաստը, որ տաճարը կառուցվում է սեյսմակայուն վայրում: Տաճարը կառուցվել է հայկական սև և վարդագույն տուֆով, որն առավել գեղեցիկ տեսք էր տալիս եկեղեցուն։ Եկեղեցին ունեցել է գեղեցիկ գմբեթներ, որոնց գագաթներին դրված էին ռուսական ոսկեզօծ խաչեր։ Եկեղեցին հարուստ է եղել նաև որմնանկարներով, որոնք նկարել են հայ և ռուս նկարիչները։ Հետաքրքրական է, որ այդ շրջանում Երևանում կառուցված և արդեն իսկ գործող եկեղեցիները շատ հարուստ են եղել որմնանկարներով։ Այստեղ պետք է հիշել Մոսկվա կինոթատրոնի տեղում եղած «Պողոս-Պետրոս» եկեղեցին, որոնց որմնանկարների մասին կան մի շարք հիշատակություններ։
Եկեղեցին նախատեսված էր ոչ միայն ռուսների, այլև Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների համար։ Ռուսական տաճարի տարածքը նույնպես գեղեցիկ է եղել։ Այն ունեցել է ցանկապատ, ինչպես նաև տաճարի շուրջբոլորը ծառեր են եղել, գեղեցիկ այգի ու պարտեզ։ Թերևս, այս ամենի մասին վստահաբար կարող ենք ասել այն սակավ լուսանկարներից, որոնք պահպանվել են։ Լուսանկարներում հստակ երևում է տաճարի շքեղ ճարտարապետությունն ու նրա շրջակա գեղեցկությունը։
Բացի այդ, այն գտնվում էր քաղաքի ամենաակտիվ ու բանուկ հատվածում։ Այն կարծես կապող օղակ լիներ Հին Երևանի բանուկ հատվածների։ Ցավալիորեն պիտի նշենք, որ տաճարի մասին շատ տեղեկություններ չկան պահպանված։ Սակայն բավական է տեսնել հրաշքով պահպանված մի քանի լուսանկարները, ու արդեն իսկ պարզ կդառնա, թե քաղաքն ինչ զարդ կորցրեց։
Սակայն եկեղեցին երկար կյանք չունեցավ, քանի որ բոլշևիկները գիտեին, թե ինչպես կարելի էր քանդել եկեղեցիները։ Լենինն աթեիստներ Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի գաղափարների հավատարիմ հետևորդն էր, ուստի անհնար էր պատկերացնել, որ Լենինի պետությունը կշրջանցի այդ թեման։ Տրամաբանական էր նաև այն, որ Լենինին հաջորդած կառավարիչները նույնպես հետևելու էին իրենց մեծ հոր գաղափարներին։ Այդ ամենը չէր կարող չանդրադառնալ նաև քրիստոնյա Հայաստանի վրա։
ԽՍՀՄ-ում սկսեցին գործել աթեիստական խմբակներ, ու կարճ ժամանակ հետո բոլշևիկները քանդեցին եկեղեցիներն ու դրանց տեղում կառուցեցին մշակութային կենտրոններ և այլ շինություններ։ Կարևորն այն էր, որ աթեիստական թերթերում մեծ հպարտությամբ էր գրվում, որ այսինչ վայրում քանդվեց հերթական եկեղեցին։ Կան պահպանված մի շարք լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչ խանդավառությամբ էին քանդում եկեղեցիները։ 1931 թվականին ոչնչացվեց նաև «Սուրբ Նիկոլայ» տաճարը։ Տաճարի տեղում վեր խոյացավ Ստեփան Շահումյանի արձանը։
Տարիներ առաջ Երևանում կառուցվեց ռուսական ուղղափառ «Սուրբ խաչ» եկեղեցին, որի բացումն ու օծումը տեղի ունեցավ 2017 թվականին։ Պետք է նշել, որ այդ եկեղեցին մասամբ նմանություններ ունի իրենից գրեթե 100 տարի առաջ քանդված «Սուրբ Նիկոլայ» տաճարի հետ։ Եվ սակայն ոչ ոք չգիտի, թե մեզանից տարիներ ու տասնամյակներ անց ի՞նչ կկատարվի աշխարհում, ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան տարածաշրջանում ու մեր մայրաքաղաքում։
Միգուցե մեկ դար հետո մեր հաջորդները խոսեն «Սուրբ խաչ» եկեղեցու մասին ու նշեն, որ ժամանակին կար այդպիսի եկեղեցի։ Այս զրույցը միգուցե հիմա միֆ է թվում և ծիծաղելի, սակայն սրանից 30-40 տարի առաջ էլ միֆ ու անիրական էր թվում, որ ինչ-որ մի օր կքանդվի Սովետական Միությունը։
Մարդիկ չէին հավատում։ Մարդիկ անգամ չէին երազում այդ ամենի մասին, քանի որ այն անիրական էր թվում։ Սակայն ժամանակներն ու սլաքները առաջ շարժվեցին և փլուզվեց 20-րդ դարի հավիտենական թվացող կայսրությունը` Սովետական Միությունը։
Զ. ՇՈՒՇԵՑԻ