Վենետիկը հյուրերի գերավելցուկ (այսպես կոչված overtourism) ունեցող տուրիստական ուղղություններից առաջինն Է ճանապարհորդների հոսքերի վերահսկման ավտոմատացված համակարգ գործարկում:
Քաղաքի իշխանությունները շենքերին ու լապտերներին տեղակայել են խցիկներով տարածադիտական տվիչներ, որոնք կարող են «հաշվել» մարդկանց՝ ճանաչելով ոչ թե դեմքերը, այլ ուրվապատկերները: Քաղաքապետարանի մտահղացմամբ՝ այդ տեղեկությունները կօգնեն ստույգ տեղեկատվություն ստանալ հյուրերի թվի վերաբերյալ: Հենվելով դրանց վրա՝ պաշտոնյաները կկարգավորեն տուրիստական հոսքերը. ժամանակին կփակեն փողոցները, ճանապարհորդներին կվերաուղղորդեն այլ երթուղիներ՝ խուսափելու համար կենտրոնում կուտակվող բազմություններից:
Ինչպես պատմել Է զբոսաշրջության հարցերով խորհրդական Պաոլա Մարը, սարքերը տեղակայված են ամբողջ քաղաքում: Տեղեկատվությունը հավաքվում Է քաղաքի ոստիկանության վարչության «խելացի» սենյակում, որտեղ արհեստական ինտելեկտը յուրաքանչյուր հինգ վայրկյանը մեկ վերլուծում Է հանգստացողների թիվը եւ նրանց տեղաշարժման արագությունը: Այցելուների հաշվարկի համակարգը, որը քաղաքի գանձարանի վրա 314 հազար եվրո Է նստել, կսկսի գործել արդեն փետրվարին: Գիտափորձը կտեւի երեք ամիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: